ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։
Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ, ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp» հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։
Դեռևս 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել (տեղադրել հղումը), որում մասնավորապես նշել էր․ «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները, ցույց են տվել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ, օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։
ԱԱԾ մամուլի կենտրոն