Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ադրբեջանցի գործընկերները չեն համաձայնում Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելուն, նշանակում է՝ ցանկանում են ցեղասպանություն իրականացնել»․ Ռուբեն Ռուբինյան

Հունվար 27,2023 11:43

«Հիմա Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ սառչում են շրջափակման պատճառով, բայց ձեր խոսքերը գուցե նրանց սրտերը ջերմացնեն, քանի որ նրանք կհասկանան, որ մենակ չեն, անգամ այն պարագայում, երբ այժմ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ նրանց, որ նրանք մենակ են, և ոչ մեկի նրանց վիճակը չի հետաքրքրում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ գործընկերներին իրենց ելույթների համար։

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի կողմից ելույթ ունեցող պատվիրակներն իրենց խոսքում փաստեցին, որ Լաչինի միջանցքը փակ է և կոչ արեցին, որ այն հրատապ կերպով բացվի։ Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է այս թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։

Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ հակամարտությունները հիմնականում ունեն խճճված բնույթ, բայց նկատեց՝ երբեմն դրանք բավականին պարզ են։ Խոսելով ներկայումս իրավիճակի և մարդասիրական ճգնաժամի մասին՝ նա ասաց․ «Ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որն ասում է՝ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը պետք է երաշխավորի բեռների և մարդկանց, տրանսպորտային միջոցների անխափան տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Հիմա մենք այս իրավիճակը չունենք։ 46-րդ օրն է, որ այս ճանապարհը փակ է, չկա գազ ու էլեկտրականություն, քանի որ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումն ու էներգիայի մատակարարումը։ Իհարկե, Ադրբեջանը սա կհերքի, և մեր ադրբեջանցի գործընկերները կսկսեն փաստեր բերել, որ չկա շրջափակում և կսկսեն արդարացնել շրջափակումն այսպես կոչված էկոակտիվիտների փաստով»։

Ռուբեն Ռուբինյանը այս առնչությամբ նշեց, որ միակ ճանապարհը իրավիճակը ստուգելու Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելն է․ «Այս ամենը ստուգելու մեկ տարբերակ կա։ Եկեք ենթադրենք, որ հայերը բոլորին խաբում են, խաբում են ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային, Իրանին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, Կարմիր խաչին, որ կա շրջափակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ այս կազմակերպությունը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Դա մեր ադրբեջանցի գործընկերների համար միակ տարբերակը կլինի ապացուցել, որ մենք սխալ մեղադրանքներ ենք հնչեցնում։ Եթե նրանք չեն համաձայնում, դա նշանակում է՝ ցանկանում են ցեղասպանություն իրականացնել, մաքրել ԼՂ-ն իր հայկական բնակչությունից, սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է համապատասխանաբար իրեն դրսևորսի և քայլեր ձեռնարկի այս ամենը կանխելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031