Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիրելի հայ գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից»․ ԵԽՎՎ–ում ադրբեջանցիների հարձակումները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ

Հունվար 27,2023 11:27

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները լիագումար նիստերի ընթացքում առիթը բաց չթողեցին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ելույթներ ունենալու համար։ Ե′վ Մոլդովային վերաբերող հարցով լիագումար նիստի ընթացքում, և′ Լաչինի միջանցքին վերաբերող քննարկման ժամանակ նրանք ԵԽԽՎ անդամներին փորձում էին համոզել, թե իբր Ռուբեն Վարդանյանը Պուտինի շրջապատի օլիգարխներից է, որի նպատակն է փողերի լվացմամբ զբաղվել և զբաղեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը հայտարարեց, թե իբր Լաչինի միջանցքի շրջափակումն արհեստական է, իրականում տեղեկատվական շրջափակում է, որը հատուկ ուժերի կողմից է արվում, որոնք ուզում են ուշադրություն շեղել ուկրաինական պատերազմից։ Նա նշեց․ «Եթե կա ճգնաժամ, այն վստահաբար քաղաքական է, այն նախաձեռնվել է Ռուբեն Վարդանյանի պլանով։ Ռուբեն Վարդանյանը ռուսական հովանավորություն ունեցող քրեական օլիգարխ է։ 2019-ին Եվրոպական խորհրդարանը պահանջել էր հետաքննություն կատարել նրա գործունեության վերաբերյալ, երբ նա «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավարն էր։ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայից ուղարկվել է հատուկ օրակարգով։ Իր առաջին առաքելությունն է վնասել խաղաղության գործընթացին, վերացնել հաստատված կապերը տեղացի հայաստանցիների հետ»։ Այնուհետև դիմելով իր խոսքով «իր սիրելի հայ գործընկերներին»՝ ասաց․ «Իր մյուս առաքելությունն է Փաշինյանին հեռացնել իշխանությունից և դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետը։ Այս տեղեկատվական մանիպուլյացիայի նպատակն է Փաշինյանի և Վարդանյանի միջև մրցակցությունը»։

Նա, դիմելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ասաց․ «Ինքներդ հեռացրեք Ռուբեն Վարդանյանին հենց ձեզ համար։ Մեր ուղերձն է Փաշինյանին՝ մի հավատա Ֆրանսիայի սուտ խոստումներին։ Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Ֆրանսիան չպահեց իր խոստումը ուկրաինական հարցի հետ կապված»։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նիգար Արպադարայի ելույթը ևս կառուցված էր Ռուբեն Վարդանյանի դեմ քննադատության վրա։ Նա նշեց․ «Ֆեյք շրջափակման մասին այս մեդիա դրաման ստեղծվել է նոր անջատողական լիդերի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից, որը եկել է Ռուսաստանի փողերի լվացման համար։ Այդ անձը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Նա Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում է, որի նկատմամբ տարբեր հետաքննություններ են սկսվել։ Ռուբեն Վարդանյանը և նրա մտերիմները ամեն ինչ անում են, որ խաղաղություն չլինի այդ հողում և ռեսուրսներն իր խաղի համար է ծախսում։ Ղարաբաղի բնակիչներն այս գաղափարախոսության զոհն են դարձել»։

Մոլդովայի հարցով քննարկման ժամանակ ևս հնչեց Ռուբեն Վարդանյանի անունը։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն իր ելույթում, անդրադառնալով Եվրոպայի տարածքում օլիգարխների ազատ գործունեությանը, Ռուբեն Վարդանյանին անվանեց «խորամանկ տղա», որը զբաղվում է Եվրոպայում փողերի լվացմամբ։ Նշեց, թե իբր նա լվանում է ռուս օլիգարխների ու բյուրոկրատների փողերը և որ նա եկել է Ղարաբաղ պատերազմը նորից սկսելու նպատակով։ Նա փորձեց հավաստիացնել, թե Ռուբեն Վարդանյանն ամեն ամիս անցնում է Լաչինի միջանցքով, գալիս է Եվրոպա և ըստ նրա՝ կան տեղեկություններ Եվրոպական խորհրդարանում կոռուպցիոն սկանդալների մեջ իր ներգրավվածության մասին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով Սթիվեն Սակուրի հարցին՝ «Գիտեք, որ OCCRP-ը և Նավալնի հակակոռուպցիոն հիմնադրամը երկուսն էլ մեղադրել են Ձեզ, այսպես ասենք, նախկինում կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ: Ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել որևէ բանի համար, այդուհանդերձ, կան պնդումներ, թե Դուք եղել եք օլիգարխիկ համակարգի մաս, որը վերահսկել է Վլադիմիր Պուտինը, և դա մասամբ բացատրում է Ձեր մեծ հարստությունը», ասել էր․ «Տեսեք, 4 տարի առաջ այս հրապարակումը եղավ, և ես չորս տարի շարունակել եմ մնալ և պաշտոնավարել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը հաստատում է, որ ճշմարտությունն իմացող մարդիկ, ինձ անձամբ ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչ են նշանակում առանց որևէ ապացույցի այդ բոլոր պնդումները, որովհետև ոչ մի իրավական գործ ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել: Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին և իմ այլ գործընկերների և ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում, ինչպես օրինակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն և շատ այլ մարդիկ, որոնց ես պատիվ եմ ունեցել ճանաչելու և նրանց հետ աշխատելու: Եվ դա է պատճառը, որ ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ, պետք է ասեմ, որ այդ պնդումները պարզապես հրապարակում էին առանց որևէ ապացույցի, և երկրորդը, որ այն ֆինանսական հաստատությունը, որը ես ղեկավարում էի այն ժամանակ, տրիլիոն դոլարների շրջանառություն ուներ իր հարյուր հազարավոր հաճախորդների հետ, և մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ բան անելու համար նման էր J․P․ Morgan-ին կամ Սիթի բանկին մեղադրելուն։ Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031