Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակն այնքան պիտի լինի, որ թոշակառուն անկանխիկ առեւտրով ավելի շատ գումար կորցնելու հաշվարկներով չմտատանջվի. «Ազգ»

Հունվար 27,2023 11:18

Թոշակառուներին հրամցվող անկանխիկ առեւտրից որոշ տոկոս վերադարձնելու խայծը իրեն չի արդարացնում, քանի որ միջին թոշակն այն աստիճանի փոքր է, որ եթե թոշակառուն ընկնի խոստացվող թակարդային պանրի, այսինքն՝ անկանխիկ եղանակով առեւտրի ծախսի տասը տոկոսի չափով վերադարձի հետեւից, ապա թոշակը ավելի թանկ գնումների վրա կծախսի, ու այդ վերադարձը ավելի քիչ կլինի, քան խանութների թանկ սննդամթերքի վրա հավելյալ ծախսն է լինելու:

Ու դուրս կգա, որ պետությունը լուծում է երկու խնդիր՝ բանկերի շրջանառության ու դիվերսիֆիկացիայի եւ սուպերմարկետներում առեւտրի աշխուժացման, միգուցե նաեւ՝ չֆիքսված ՀԴՄ-ների բացահայտման: Բայց ո՛չ թոշակառուի համար մի բան ավելացնելու՝ հայտարարվող ու փողհարվող նպատակի խնդիրը:

Օրինակով տեսանելի ցուցադրեմ ասածս: Ասենք՝ գոլդեն տեսակի խնձորը Նոր Գեղիից գյուղացին բերում է իմ թաղամաս ու 5 կիլոգրամը հազար դրամով վաճառում, ես նույնպես գնում եմ այդ հիանալի խնձորները: Բնականաբար՝ Նոր Գեղիի գյուղացին հնարավորություն չունի անկանխիկ եղանակով վաճառելու իր խնձորը, այդ որակի հիանալի խնձորը կողքի սուպերմարկետում վաճառվում է կիլոգրամը 5-6 հարյուր դրամով: Նույնը կարտոֆիլ, ստեպղին (գազար), այլ բանջարեղեն գնելիս է տեղի ունենում, սուպերմարկետում, որտեղ կարելի է անկանխիկ առեւտուր անել, թոշակառուին անհրաժեշտ պտուղբանջարեղենն ու այլ ապրանքներ շատ ավելի, հաճախ կրկնակի թանկ են, քան թե թոշակառուն դա ձեռք կբերեր անմիջապես գյուղացուց գնելիս: Ահա եւ նա ընտրություն է անում՝ ստանա՞ անկանխիկ առևտրի դեպքում առաջարկվող չորս-հինգ հազար դրամ վերադարձը, թե՞ խնայողաբար ու կանխիկ ծախսի իր սուղ թոշակը՝ գոնե մինչեւ ամսվա կեսը փող ունենալու համար:

Ես հասկանում եմ, որ քաղաքակիրթ առեւտուրն անկանխիկ եղանակով է, սակայն մինչեւ դրա համատարած անցմանը՝ պետք էր այնպես անել, որ գյուղացին եւս ուզի օգտվել անկանխիկ առեւտուրը ֆիքսող սարքերից, դրանից նրա ապրանքը չթանկանա, կամ եկամուտը չպակասի, ու նա չպարտվի սուպերմարկետին: Երկրորդ՝ թոշակն այնքան պիտի լինի, որ թոշակառուն անկանխիկ առեւտրով ավելի շատ գումար կորցնելու հաշվարկներով չմտատանջվի, եւ երրորդ՝ օրենքն ընդունելիս պետք էր հաշվարկել՝ պատրա՞ստ ենք այդ օրենքն իրոք ըստ նշանակության կիրառելու: Թե չէ՝ ջուրտուրքշի ենք արել որ ի՞նչ: Դեռ փողոցային առեւտուրը վերացնելու անվան տակ էլ գյուղացուն ու օրվա հացը վաստակողին անկյուն եք քշում, Մալաթիայի ու Գնունու շուկաները փակում,մարդկանց ուղղորդելով իբր քաղաքակիրթ, իրականում հաճախ չհիմնավորված թանկ սուպերմարկետային առեւտրի կենտրոններ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031