Եթե ժամանակին Հայաստանն արած լիներ այն, ինչ այժմ Ռուսաստանն է անում Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղը միացրած լիներ Հայաստանին, նրա վրա տարածեր սահմանադրությունն ու բոլոր իրավունքները, եւ եթե դա ճանաչեին Ռուսաստանն ու այլ երկրներ, իրավիճակն այլ կլիներ: Մասնավորապես «Բանբեր նյուզ» յութուբյան տեսաբլոգում վերջերս զետեղված իր մի հարցազրույցում նման կարծիք է հայտնել իսրայելցի հայտնի քաղաքական վերլուծաբան, դիվանագետ, այդ երկրի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:
Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի եւ այնտեղ տիրող իրավիճակի, նշում է նա, Հայաստանի ինքնիշխան տարածքն անձեռնմխելի է: Եվ այդ անձեռնմխելիության երաշխավորը Ռուսաստանն է, ռուսական բանակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը: Նրանք այսպես են վճռել եւ հայաստանյան ղեկավարության հետ համաձայնեցված աշխատում են խնդիրն առավել արդյունավետ լուծել բանակցությունների սեղանին, քան մարտի դաշտում: Եվ այս խնդիրն օրակարգից դուրս չի եկել:
Զրույցում խնդիրը դիտարկվում է նաեւ խոշոր տարածաշրջանային մի տնտեսական ծրագրի՝ Սուեզի ջրանցքին որպես այլընտրանք նախատեսվող ճանապարհի համատեքստում, որով Իրանից Ռուսաստան եւ այնտեղից Եվրոպա մեծաքանակ բեռների տեղափոխումը լինելու է ավելի էժան եւ որի մի մասնակի ճյուղավորումը կարող է անցնել մեր տարածաշրջանով՝ ներառյալ Հայաստանը: Դա պահանջում է Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջեւ խաղաղ, հանգիստ ու համագործակցային հարաբերություններ: Եվ սա, ինչպես նկատվում է, է եւ լինելու է այստեղ իրավիճակի վրա ազդող գործոններից մեկը:
Հակառակ իրավիճակ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է հրահրվել Ադրբեջանի, Թուրքիայի ինչ-ինչ ներքին ուժերի կողմից, կամ ամերիկացիների ու անգլիացիների, որոնց ձեռնտու է այս կամ այն հակամարտությունը հրահրելը: Սակայն առարկայորեն այն բացարձակապես չի համապատասխանում ոչ մեկի շահերին: Հակամարտությունները ոչ մի չափով առաջ չեն տանում ո՛չ Ադրբեջանի, հասկանալի է՝ ո՛չ նաեւ Հայաստանի շահերը: Եվ սահմանին ռազմական գործողությունները ոչ մի բանի չեն կարող հանգեցնել:
Կարդացեք նաև
Հայտնի վերլուծաբան-դիվանագետի պնդմամբ, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքի մի քանի կիլոմետր առաջխաղացումը ոչ ոք չի ընդունել որպես կատարված փաստ: Եվ Ռուսաստանն էլ համարում է, որ ինքը բավարար հիմքեր ունի այդ խնդիրը բանակցություններով լուծելու եւ տվյալ տարածքներն առանց ուժի գործադրման Հայաստանին վերադարձնելու համար: Եվ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Թեկուզ դժվար է, բայց այս դեպքում կարելի է հարցը լուծել ոչ ռազմական ճանապարհով, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: