Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի ապահովելու մեր անվտանգությունը, եթե ինքներս դա չուզենք ու չանենք»

Հունվար 27,2023 11:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը 

Օրերս հայտնի դարձավ, որ հայկական կողմի նախաձեռնությամբ, ԵՄ երկարաժամկետ՝ երկու տարով, դիտորդներ կժամանեն Հայաստան եւ մշտադիտարկում կիրականացնեն Հայաստանի ողջ տարածքում: Առաքելության ժամանումը միանշանակ չի ընդունվել: ԵՄ նախորդ՝ երկամսյա առաքելությունն, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքներ է գրանցել, ի՞նչ ակնկալիքներ կան ԵՄ երկարաժամկետ առաքելության հետ կապված

-Նախորդ երկու ամիսների ընթացքում սահմանային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, չհաշված հրադադարի մի քանի խախտման դեպքերը, հարաբերականորեն հանդարտ է եղել։ Չեմ ուզում դա ամբողջությամբ կապել այստեղ ԵՄ դիտորդների ներկայության հետ, բայց գուցե այն իր մասնաբաժինն ունեցել է այդ հարցում, իր դրական դերը խաղացել է։

Ինքս միջազգային կառույցների, դերակատարների ներգրավվածությունը եւ ուշադրության դրսեւորումը կարեւոր եմ համարում մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման գործում։ Ուզում եմ հավատալ, որ ԵՄ առաքելությունն իսկապես կիրականացնի իր դերից բխող բոլոր գործառույթները։ Դա կզսպի ԵՄ դիտորդական առաքելության ժամանման պատճառով արդեն խիստ անհանգստացած Բաքվին։

Հակառակ իրավիճակում արդեն ԵՄ առաքելությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը՝ օբյեկտիվորեն իրավիճակը գնահատելու եւ ադրբեջանական կողմի սադրանքներին հասցեական գնահատական տալու։ Դա էլ իր հերթին պետք է ունենա հետեւանք Բաքվի համար, այլապես այն ձեւական բնույթ կկրի։

Սակայն մի բան ակնհայտ է, որեւէ մեկը չի ապահովելու մեր անվտանգությունը, եթե ինքներս դա չուզենք ու չանենք։ Պատերազմից հետո շարունակվեց ժամանակի հերթական կորուստը՝ աշխատելու փոխարեն, իշխանությունները մինչեւ օրս շարունակում են իրենց եւ հասարակությանը մոլորեցնել «խաղաղության օրակարգով»։ Օրակարգ, որը ամենեւին էլ չի դառնում եւ չի դառնալու Ադրբեջանինը, քանի մենք այն չենք պարտադրել։ Որպես պետություն հզորանալը այլընտրանք չունի, հետեւաբար ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է օգտագործել կարեւոր ժամանակ հզոր անվտանգային համակարգ ստեղծելու եւ ոչ թե սեփական անունակ իշխանությունը երկարաձգելու համար։

ԵՄ առաքելության Հայաստանում տեղակայմանը առավել կոշտ էր ՌԴ ԱԳ նախարարի արձագանքը. «Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, եւ որ [ՀԱՊԿ] առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն: Դա Ադրբեջանի հետ սահմանն է, եւ թերեւս, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է պարզապես հակաարդյունավետ լինել: Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ստեղծել դիվանագիտական գրգռիչներ»:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ հայտարարել էր, թե Արեւմուտքը օգտվելով Կովկասում տիրող իրավիճակից, ցանկանում է «խցկվել տարածաշրջան», «որպեսզի փոխի անդրկովկասյան պետությունների արտաքին քաղաքականության վեկտորը», ինչն իրենք թույլ չեն տալու: ՌԴ-ԵՄ առճակատումը տեղափոխվում է Հայաստա՞ն, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ու ինչպե՞ս պետք է դրանց դիմակայել՝ Հայաստանի ներկայիս թուլացած եւ անհստակ իրողությունների պարագայում:

– Մենք իրատես պետք է լինենք եւ ճիշտ գնահատենք իրավիճակը։ Այո՛, տարածաշրջանում իրենց հետաքրքրություններն ունեն տարբեր ուժային կենտրոններ, եւ մեր քայլերից որոշները կարող է չբավարարեն նրանցից ինչ-որ մեկին։ Առճակատման կարիք չկա, դա մեզ հիմա ամենաքիչն է անհրաժեշտ։

Մենք պետք է կարողանանք հասկանալի եւ ազնիվ լինել բոլոր կողմերի հետ, աշխատել, բանակցել, խոսել, բացատրել քայլերի պատճառները։ Եվ խոսքն ամենեւին հաշվետու լինելու մասին չէ, այլ՝ ազնիվ գործընկերության, սեփական շահերը բացատրելու կարողության։

Ցավոք սրտի, մտավախությունս ունի պատճառներ. մեր երկրում այս պահին որոշում կայացնողների ոչ կոմպետենտությունն ու անկարողությունը անհանգստացնող են, որոնց հետեւանքով մենք ամեն օր ավելի ու ավելի ենք խրվում խնդիրների ճահճում, եւ դուրս գալու ելք գտնելը ավելի է բարդանում։

Եվրոպական խորհրդարանն օրերս բանաձեւ ընդունեց, որի պահանջներից մեկն էլ Լաչինի միջանցքի բացումն էր: Բանաձեւը նաեւ հայկական կողմի համար անընդունելի դրույթներ է պարունակում, բայց այն Հայաստանում որոշակի ոգեւորություններ է առաջացրել. ինչպե՞ս եք գնահատում այս բանաձեւի ընդունումը, ինչպե՞ս կարելի է այն հայկական շահերին հօգուտ օգտագործել:

– Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը դրական միջազգային զարգացում էր մեզ համար։ Օրենսդիր մարմինն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետեւանքները եւ հորդորել հարգել եւ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։

Մենք պետք է շնորհակալ լինենք մեր միջազգային գործընկերներին խնդրի մասին բարձրաձայնելու համար, բայց դիվանագիտական ջանք չխնայենք, որ դրանց նաեւ հաջորդեն գործողություններ, որոնք կստիպեն Ադրբեջանին հետ կանգնել իր ցեղասպանական քաղաքականությունից, կդրդեն, որ Բաքուն վերջապես բացի Արցախի կյանքի ճանապարհը։

Ընդհանրապես, վերջին օրերին, արցախյան թեման՝ Բերձորի միջանցքի փակ լինելու համատեքստում եւ այն անհապաղ բացելու պահանջով, եվրոպական ու ամերիկյան տարբեր կառույցների եւ եվրոպացի ու ամերիկացի տարբեր գործիչների հետաքրքրությունների շրջանակում է: Ինչո՞վ եք բացատրում ջանքերի այս համադրումը, ի՞նչ ակնկալիքներ կան։

– Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Ուզում եմ հավատալ, որ արդեն միջազգային դերակատարները գիտակցում են Բաքվի քայլերի սարսափելի հետեւանքները, որ արդեն նրանք էլ չեն ընդունում Ալիեւի ուլտիմատումները եւ անհանգստանում են նրա ձգտումներից։ Նրանք էլ որոշակի դիսկոմֆորտ ունեն, որ այն երկրում, որի հետ խորացնում են իրենց հարաբերություններն իրենց էներգետիկ խնդիրները լուծելու համար, իրականում ավտորիտար ռեժիմ է՝ համամարդկային արժեքների հետ անհամատեղելի քաղաքականությամբ եւ վարքագծով։

Միեւնույն ժամանակ, պետք է նաեւ հասկանալ, որ արեւմտյան երկրները իրենց շահերն ունեն այստեղ եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու լրացուցիչ գործիք ունենալը իրենց զինանոցում՝ Ադրբեջանից աճող էներգետիկ կախվածության պայմաններում, չի խանգարի։

Հետեւաբար, տարբեր կենտրոնների ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ մնալու նկատմամբ կա, բայց փաստը մնում է այն, որ 44 օրից ավելի է՝ ցրտի, մթի, ամեն օր խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում 120 000 արցախցի դեռ պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար։ Սա անտեսելը հնարավոր չէ։ Պետք է բոլորը հասկանան, որ հենց անպատժելիությունն է այսօր Բաքվին դարձրել անկառավարելի, պետք է լինի հատուցում, պատիժ։ Ոչ ոք չի կարող եւ չպետք է մարսի էթնիկ զտման վարման քաղաքականությունը 21-րդ դարում։ Ոճրագործը ստիպված է լինելու հետ կանգնել իր հայասպան նկրտումներից։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031