Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ոստիկան չի կարող դառնալ

Հունվար 27,2023 10:00

Ինչպես, ինչ չափանիշներով են մարդիկ Հայաստանում նշանակվում պաշտոնների: «Պաշտոնական» ձեւակերպումը հնչում է այսպես՝ նշանակվում են քաղաքական թիմի անդամները, այսինքն՝ ենթադրաբար, մարդիկ, որոնք կիսում են այդ թիմի «իդեալները»: Իրական պատճառը նույնպես հայտնի է՝ ամենակարեւորը առաջին դեմքին հավատարիմ լինելն է:

Բոլոր դեպքերում «քաղաքական թիմի անդամ լինելը» սոլիդ եւ համոզիչ է հնչում, եթե խոսքն, ասենք, նախարարների մասին է: Ընդ որում, բարեբախտաբար, երկու փոխվարչապետերը կամ արդարադատության ներկայիս նախարարը որպես քաղաքական թիմի անդամներ չեն ընկալվում, որովհետեւ պարտադրված չեն հնչեցնել իշխանության քարոզչական թեզերը «նախկինների» մասին:

Մյուս կողմից, Մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ նախագահը, ԿԸՀ նախագահը, ՍԴ դատավորը քաղաքական թիմի անդամ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ: Դրանք այնպիսի պաշտոններ են, որոնք պահանջում են քաղաքական կատարյալ չեզոքություն: Չի կարող վարչապետի նախկին ստորադասը եւ իշխող խմբակցության նախկին պատգամավորն անկողմնակալ լինել՝ կազմակերպելով տարբեր մակարդակի ընտրություններ: Չի կարող «նախկինների» հանդեպ «մուռ ունեցող» եւ մինչ այդ տվյալ խնդրին բազմաթիվ ելույթներ նվիրած ԲԴԽ նախագահը անաչառ որոշումներ ընդունել՝ դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին: Չի կարող քաղաքական գործի («մարտի 1-ի») կողմ հանդիսացող փաստաբանը լինել ՍԴ լիարժեք դատավոր:

Պետական իրավունքի ցանկացած մասնագետ, կարծում եմ, կհաստատի, որ դրանք քաղաքական պաշտոններ չեն: Բայց մարդկանց նշանակում կամ ընտրում են այդ պաշտոններում, որպեսզի նրանք քաղաքական առաջադրանքներ կատարեն: Իհարկե, կարող է լինել հակառակ «տրամաբանությունը», ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ընդունվում են բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահ, որպեսզի… ապահովեն բուհերի ապակուսակցական կարգավիճակը: Բայց դա դիալեկտիկայի նոր տեսակ է, որն ինձ առայժմ հասանելի չէ:

Կարծում եմ, սակայն, որ կա նաեւ մեկ այլ խնդիր. ի՞նչ պաշտոն է զբաղեցնում անձը, երբ, օրինակ, թողնում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Ինձ թվում է, նա չպիտի դիրք զբաղեցնի գործադիր իշխանության մեջ: Իրավապաշտպանը չպիտի ոստիկան դառնա, օմբուդսմենը՝ արդարադատության նախարար, առավել եւս՝ հետախույզ: Դա ստիպում է հետադարձ հայացքով դիտարկել նախորդ գործունեությունը՝ արդյոք այդ մարդն իր պաշտոնում անկե՞ղծ էր:

Ժողովրդավարական երկրներում պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները չափազանց բծախնդիր են օրինականության եւ էթիկայի նման հարցերում: Դե, իսկ ավտորիտար երկրներում իշխանության համար կա միայն մեկ ջրբաժան՝ «յուրային-ոչ յուրային»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Այս ամէնը հանդուրժելի կը հանդիսանար – «նպատակը կ’արդարացնէ միջոցները» քաղաքական տրամաբանութեամբ -, եթէ խնդրոյ առարկայ այս բոլոր արարածները ընդունակ ու ատակ լինէին, բաւարար կարողութիւններ ունենային՝ Պետութիւն վարելու: Եթէ տարրական չափով արդիւնաւէտ – կամ գոնէ խոստումնալից – ըլլար իրենց գործունէութիւնը:
     
    Այս է հիմնական տարբերութիւնը նախկինները հետ; եւ պատճառներէն մէկը թէ ինչու, էն վախտ, շատերս զուսպ էիք մեր հակաիշխանական քննադատութիւնների մէջ – այդ ուղղութեամբ, ուրիշ էական պատճառ մը՝ Արցախն էր… – :
     
    Անշուշտ թէ անոնց մէջ ալ կային անշնորհք ու անատակ պաշտօնեաներ, սակայն վստահաբար ոչ՝ այս աստիճան ու այսքան մեծաթիւ: Այսքան անպատասխանատու ու քանդիչ, խորտակիչ:

    Բայց այս մէնը արդէն հիմա irrelevant է… Յետադարձ, արխիւային, տեսական մտորումներ միայն…

  2. Լավատես says:

    Բնությունը երեխայի մեջ է խոսում, երեխան շտապում է մեծանալ՝ ընկնելով, չստացվելով, այսօր լուծում է երեկվա խնդիրը ու իր հաղթանակը տոնում եւ հաղթանակի հաճելի ակնկալիքներով իր վրա վերցնում վաղվա մեծական խնդիրների լուծումը: Հաղթելու վիտամինը տրվում է փոքրուց, եթե չիկարելիներով կերակրես՝ բուսակեր կմեծանա, իսկ հաղթելու վիտամինը արտադրվում է եւ արյան մեջ ներարկվում, երբ հաղթանակ է տոնում, իսկ բնական հաղթանակը՝ դա ավելի մեծական խնդիրները հաղթահարելու մեջ է: Ինչո՞ւ են նույնիսկ հարուստ, բայց քաղաքականապես անմակարդակ իշխանությամբ երկրներում ընտանիքները սոված՝ որպեսզի ծնողներն ու տատիկ պապիկները առավոտից իրիկուն աշխատեն ու ժամանակ չունենան երեխաների հետ մեծական դժվարություններ հաղթահարելու, միայն փոքրուց հաղթահարող երեխան բուսակեր չի մեծանա: Մեծ տարիքում արդեն հաղթելու բնական վիտամին չես արտադրի, ուրեմն մեր խնդիրների խնդիրը՝ երեխաների մեջ հաղթանակի դաստիարակությունն է: Տղաներին պետք է տղաների դպրոց, նույնիսկ լավ կլիներ գիշերօթիկ դպրոց, որտեղ կձեւավորվեր տղաների վերնախավը, աղջիկներին համապատասխան աղջիկների դպրոց, որպես ապագա մայրեր եւ վերնախավի տղամարդկանց մակարդակին հավասար վերնախավի տիկնայք: Սա ռազմավարական խնդիր է եւ պահանջում է սերունդների մեջ հետեւողական աշխատանք, նման ՝մեծական՝ ռազմավարական խնդիրներ պետք է իրենց առաջ դնեն մեր քաղաքական ուժերը եւ այդ խնդիրները պետք է լուծվեն բոլոր քաղաքական ուժերով միասին՝ ով էլ նրանցից գա իշխանության եւ ընդդիմության: Եթե գործ անենք, նախկիններկա գաղջամղձավանջը 🙂 կպրծնի կգնա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031