Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղերի պատերի տակ կուչ եկա

Հունվար 27,2023 14:00

Անցած տարվա օգոստոսի 19-ին քահանայի հրավերով մեկնեցինք Տեղերի վանք: Ավտոբուսում բոլորս տարեց մարդիկ էինք, ծերեր: Բոլորը երեխայի նման ուրախացել էին, ճանապարհին երգում էին, ժպտում, որ իրենք կան: Ամենից շատ ես էի ուրախ, որ տեսնում էի այդ հրաշալի տարածքը: Տեղերի վանքը կառուցվել է 13-րդ դարում, առաջին անգամն էի, որ գտնվում էի այդտեղ: Շատ հետաքրքիր էր ինձ համար այդտեղի բնությունը: Վանքից մոտ 15 մետր հեռու ձգվում էր ձորը, հետաքրքիր էր ձորի կառուցվածքը: Ժայռերի խորը կտրվածքը ոնց որ անդունդ լիներ: Տեղերի կողմից, երբ նայում ես, կարծես այդ ժայռերում մարդիկ են ապրել, ինչ-որ քանդված կառույցի էր նման: Այնտեղ գտնվող մարդկանց հարցրեցի ձորի անվանումը, սակայն ասացին՝ չգիտեն, տեղացի չեն:

Ճանապարհին տեսա մի պարոնի, որը ներկայացավ Հրաչ անունով: Նա ասաց, որ ձորը կոչվում է Առկազի, որը շարունակվում է Արագածի ստորոտներից: Ես հարցրի, թե արդյոք այդ ձորից հոսող ջուր կա՞: Նա ասաց, երբ նայում ես ձորի հատակը, չի երեւում, դրան խանգարում են գաճաճ ծառերը, մացառները, թփուտները: Ուզեցի մոտենամ, բայց այդ տարածքն արգելափակված էր: Եթե ունենայի հնարավորություն, ռիսկ չէի անի:

Հրաչը ցույց տվեց աստղադիտարանի ալեհավաքները, ավելի բարձրում երեւում էր Ալիխանյան եղբայրների աշխատավայրը…

Տարածքը քարապատված, շատ գեղեցիկ տեսարան ունի, այնտեղ կային ցայտաղբյուրներ, դրանք հոսում էին բլուրներից: Տեղերի վանքային համալիրը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին գմբեթավոր եկեղեցուց եւ գավիթից: Համաձայն այդ գավիթի սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության, այն կառուցել է իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը՝ 1213-1232թթ.: Ամուսնուն նվիրված՝ Հիշատակի վանքի ճարտարապետն է Աղբայրիկ Վարդպետը, վանքը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Եկեղեցու տարածքում ամփոփված են նաեւ կրոնական գործիչներ, իշխանուհին:

Այնտեղ իմացա նաեւ, որ Տեղեր գյուղը անվանում են նաեւ Դեղեր, քանի որ այն հայտնի էր իր դեղաբույսերով: Հրաշագործ վանքի պատերի մոտ կանգուն է հին դպրատան շինությունը, որտեղ ապաքինվել են հայ մարտիկները։ Ուխտավորներն այս սրբավայրի՝ Տեղերի վանքի մասին հրաշապատումներ, ավանդազրույցներ են պատմում: Իմացա, որ այնտեղ իշխանուհի Մամախաթունը Մատենադարան է հիմնել:

Ես իմ Հայաստան աշխարհում ման գամ, նրա գովքն անեմ ու սիրեմ, Տեղերի պատերի տակ կուչ գամ, նրա խաչքարը համբուրեմ:

Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պոետ, ծերանոց

«Առավոտ» օրաթերթ
26.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031