Մեծանուն խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի հիմնադրած 50-ամյա ստեղծագործական կենսագրություն ունեցող բալետի թատրոնն առաջին անգամ կներկայանա հայաստանցի հանդիսատեսին իր խաղացանկային՝ Մինկուսի «Դոն Քիշոտ» ներկայացումով, մարտի 3-ին, 4-ին։ Այս մասին մեզ տեղեկացրեց Երեւանի օպերային թատրոնի հասարակայնության, հանդիսատեսի հետ կապերի, մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Լուսինե Խաչատրյանը։ Նաեւ մանրամասնեց, որ բեմադրության հեղինակներն են Մարիուս Պետիպան, Ալեքսանդր Գորսկին, լիբրետոն եւ վերաբեմադրությունը Յոհան Կոբբորգինն է, բեմադրության ու զգեստների նկարիչն է Ժերոմ Կապլանը, լուսային ձեւավորումը՝ Վինսենթ Միլլեյի։ Ներկայացումը կընթանա Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, ճանաչված դիրիժոր Իգոր Տոմաշեւսկիի ղեկավարությամբ։
90-ամյա Երեւանի օպերային թատրոնում «Դոն Քիշոտը» ունեցել է չորս բեմադրություն։ Համաշխարհային բալետային գրականության այս գլուխգործոցը մեր թատրոնում առաջին անգամ բեմադրել է Զարեհ Մուրադյանը՝ 1954թ., երկրորդը՝ Երեւանում գործունեություն ծավալած անվանի խորեոգրաֆ Եվգենի Չանգան՝ 1961թ.։ 1970-ականների կեսերին Ռաձինսկի եւ Նիկիտինա խորեոգրաֆների զույգն է «թարմացրել» բեմադրությունը՝ իրենց մտահղացումը սինթեզելով Չանգայի բեմադրության հետ։ 1990-ականների վերջերին էլ մեր անվանի Վիլեն Գալստյանը խորեոգրաֆի իր ձեռագիրը թողեց թատրոնի խաղացանկում տեղ գտած «Դոն Քիշոտով»։ Նշենք, որ այս բալետի տարբեր տարիների արված բեմադրությունները որոշ ընդմիջումներով են տեղ գտել խաղացանկում, օրինակ՝ Վիլեն Գալստյանն անդրադարձավ այս բալետին՝ խաղացանկից ավելի քան տասը տարվա բացակայությունից հետո։
Մեզ հետ զրույցում Լուսինե Խաչատրյանը որոշ հետաքրքիր փաստեր ներկայացրեց Յակոբսոնի թատրոնի «Դոն Քիշոտից», նշելով, որ շուրջ հինգ տարի է՝ «ռուսական» այս բեմադրությունը ընդգրկված է «Ոսկե դիմակ» փառատոնի միջազգային հյուրախաղերի ծրագրում։ «Դանիական թագավորական բալետի դպրոցում ուսում առած Յոհան Կոբբորգը ըստ էության ներկայացրել է լեգենդար բալետի սեփական տարբերակը, մինչեւ վերջերս էլ նա հանդես է եկել Բազիլի գլխավոր դերապարով։ Բալետմայստերը չի հրաժարվել հին բեմադրություններից, ավելի ճիշտ՝ մոտիվներից, այլ այնպես է համադրել, որ յուրաքանչյուր հանդիսատես իրեն զգա բեմադրության մասնակից։ Լիբրետոյի իր տարբերակում էլ Կոբբորգը առանցքային կարեւորություն է տվել ստեղծագործության հեղինակին՝ Սերվանտեսին. վերջինս վերածվում է մի կերպարի՝ գրելով վեպը հենց ներկայացման ընթացքում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։ Հավելեց նաեւ, թե բեմադրությունը կհետաքրքրի նաեւ բալետարվեստի հայ մասնագետներին հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ անհետացող մնջախաղի արվեստն այս բեմադրության մեջ առատորեն տարածվում է բոլոր կերպարների վրա, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում ներկայացումը. «Չեմ կարող չնշել զգեստների, դեկորների գունագեղ ու օրիգինալ լինելու մասին։ Ընդ որում, դրանք մշակվել են ֆրանսիացի անվանի բեմադրող նկարիչ Կապլանի կողմից»։
Կարդացեք նաև
Մենք էլ հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի մասին խոսելիս, որի ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեեւը, արտասահմանյան մամուլն այն բնորոշում է իբրեւ «եզակի արտիստական կոլեկտիվ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տեսարաններ Վիլեն Գալստյանի «Դոն Քիշոտից»։
«Առավոտ» օրաթերթ
26.01.2023