Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Զոհրաբյանը հայ ժամանակակից ստեղծագործական դպրոցի ամենամեծերից էր

Հունվար 27,2023 13:00

Հունվարի 23-ին կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանը։

Հայ ժամանակակից ստեղծագործական դպրոցի ամենամեծերից էր…  Մեր կոնսերվատորիայում ուսուցիչ, դաստիարակ, խրատու ու մարդ։ Նրա ջերմ, առաքինի ներկայությունը մեզ համար անխառն ու մաքուր անձի հետ հաղորդակցության մեջ լինելու երանելի պարգեւ էր։

«Աշոտ Զոհրաբյանն իր ժամանակից առաջ է… միայն բացառիկ անհատներն են կարող գտնել ու մեզ՝ սովորական մահկանացուներին հասցնել տիեզերքի անիմանալի հնչյունները»,- տարիներ առաջ գրել էր Լեւոն Իգիթյանը։

Որպես կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը միանգամից գտավ իր երաժշտության մտածողության սկզբունքը, իսկ ժամանակակիցներն այն բնորոշեցին որպես արտաքին անշարժության ու ներքին դինամիկայի համադրում։ Կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը դեռեւս 1980-ականներին նշել էր Աշոտ Զոհրաբյանի  երաժշտության խոստովանական բնույթի, անձնականի ու համընդհանուրի հարմոնիայի, մարդկության հոգեւոր կեցության խորքերի մեջ ներթափանցման մասին, ինչը «Նվիրում Մեծարենցին» ստեղծագործությանը տվել է գործիքային մեսսայի գծեր։ Այսպիսի առանձնահատկություն կարելի է տեսնել նրա ամբողջ ստեղծագործական դիմանկարի մեջ։

Աշոտ Զոհրաբյանի   յուրաքանչյուր գործը մարդասիրական ոգու հնչյունավորման մի ճանապարհ էր՝ Ռենեսանսի, բարոկոյի ու Կոմիտասի շուրջ անդավաճան գեղագիտական դավանանքով։ Աշոտ Զոհրաբյանը   կարծում էր, որ 21-րդ դարի երաժշտությունն ավելի է բարիացել, տաքացել, մեղմացել, եւ նա աշխատում էր դուրս գալ լարվածությունից, գնալ դեպի այդ կողմը՝ փափկանալ երաժշտության մեջ, ավելի կոնկրետանալ ինտոնացիայի մեջ։ Իր համար թանկ էր բարոկոն, մինչեւ վերջ տաքացած էր բացառիկ դարաշրջանի հանդեպ եւ իր ուսանողներին փոխանցում էր այդ հայացքը։ Իր համոզմունքով նա հանձնված է վաղ Ռենեսանսին, որովհետեւ այն մեծատառով ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ է՝ հստակ գծերով, ինտոնացիաներով, խտությամբ, պարզությամբ։ Նա վստահ էր, որ պետք է ամեն անգամ սկսել Կոմիտասից եւ մեր մոդալ երաժշտությունից, այդպիսի հիմքով հնարավոր է ունենալ անվերջ լադային տրամաբանություն, եւ այն կարելի է փոփոխել։ Կորցնել դա` նշանակում է կորցնել սյունը։ Կոմիտասը մաքրության, հստակության, ակադեմիզմի սնող առու է։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանի մանկավարժական գործունեությունը կոնսերվատորիայում  սկսվել է 1988 թվականից, մինչ այդ մեծանուն Գրիգոր Եղիազարյանի մասնագիտական դասարանի շրջանավարտը (1971 թ.) տեսական դասընթացներ էր վարում Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում (1972–2008թթ.)։ Գրեթե տարվա պատմությամբ  զոհրաբյանական դասարանի շրջանավարտ կոմպոզիտորների գործունեությունը կապված է հայրենական ու արտերկրի երաժշտական մշակույթի տարբեր ասպարեզների հետ։

Կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ Աշոտ Զոհրաբյանի  երաժշտությունը հնչում է աշխարհի տարբեր երկրներում, արդի կատարողական արվեստում բացառիկ ծառայությամբ առանձնացող երաժիշտների մեկնաբանմամբ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները տպագրում են արտերկրի երեք հրատարակչությունները՝ Le Chant Du Mond (Ֆրանսիա), Da Vinci (Ճապոնիա), Sordino (Շվեյցարիա)։ Ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 29-ին Աշոտ Պատվականովիչը կդառնար 78 տարեկան…

Երեւանի Կոմիտասի անվան

պետական կոնսերվատորիայի

հանրային կապերի բաժին

«Առավոտ» օրաթերթ
26.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031