Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիրուսային ինֆեկցիաներով, օրինակ՝ գրիպով հոսպիտալացված մարդիկ մեծ հավանականությամբ հետագայում կարող են ունենալ այնպիսի խանգարումներ, որոնք ազդում են նյարդային համակագի վրա, օրինակ՝ Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդություն։ Հետազոտությունը հրապարակվել է Neuron ամսագրում 2023 թ․-ի հունվարի 19-ին։
Հետազոտողները 22 կապեր են բացահայտել վիրուսների և ընդհանուր նյարդաբանական վիճակների միջև, որոնք հաճախ են նկատվում տարեց մարդկանց շրջանում։ Այդ վիրուսներն են գրիպի, էնցեֆալիտի հարուցիչները, հերպեսը, գոտեվորող հերպեսը, հեպատիտի վիրուսները, մենինգիտի, թոքաբորբի հարուցիչները։ Դրանք կապված են եղել հետևյալ վիճակներից որևէ մեկի կամ մի քանիսի հետ՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, դեմենցիա։
Սակայն հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ իրենց եզրահանգումներով չի ասվում, որ վիրուսներն են անմիջապես հարուցում խանգարումները։
«Նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման համար շատ քիչ են արդյունավետ մեթոդները և շատ-շատ են ռիսկի գործոնները», -ասում է հետազոտության հեղինակ, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտող, դոկտոր Էնդրյու Սինգլթոնը․ «Մեր ուսումնասիրության արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ վիրուսային ինֆեկցիաները և դրանց հետ կապված նյարդային համակարգի բորբոքումները կարող են ռիսկի տարածված գործոններ լինել, և, միգուցե, հնարավոր լինի խուսափել դրանցից»։
Կարդացեք նաև
Հետազոտության շրջանակներում վերլուծության են ենթարկվել տվյալների երկու խմբեր, որոնք ներառում են Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների 800 000 բժշկական քարտերը։ Քովիդ-19-ով հոսպիտալացված մարդիկ նույնպես ներառվել են այդ հետազոտության մեջ։
Հայտնաբերվել է դեմենցիայի կապը վիրուսների մեծամասնության հետ։ Գլխուղեղի բորբոքում հարուցող վիրուսային էնցեֆալիտի ազդեցությանը ենթարկված մարդկանց շրջանում 20 անգամ ավելի մեծ է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, քան այն մարդկանց դեպքում, որոնց մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել։ Թե՛ գրիպը և թե՛ թոքաբորբը նույնպես կապված են եղել նեյրոդեգեներատիվ խանգարումների ուսումնասիրված ախտորոշումների հետ, բացառությամբ ցրված սկլերոզի։ Հետազոտողները հայտնաբերել են, որ գրիպի ծանր դեպքերն ավելի մեծ ռիսկի հետ են կապված։
«Հաշվի առեք, որ մարդիկ, որոնց մենք ուսումնասիրել ենք, հարբուխով չէին հիվանդացել։ Նրանց ինֆեկցիան այն աստիճան էր ախտահարել, որ հայտնվել էին հիվանդանոցում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մայքլ Նոլսը։ «Այնուամենայնիվ, այն փաստը, որ լայնորեն օգտագործվող պատվաստանյութերը նվազեցնում են վիրուսային շատ հիվանդությունների վտանգն ու ծանրությունը, մեծացնում է հավանականությունը, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վտանգը նույնպես հնարավոր է նվազեցնել»։
Հետազոտողներն ուսումնասիրել են այն ժամանակահատվածը, երբ պացիենտը վարակվել է վիրուսով մինչ այն պահը, երբ նրա մոտ ախտորոշվել է նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկը։ Նրանք հայտնաբերել են, որ մեծամասնության մոտ ռիսկը բարձր է եղել վարակվելուց հետո 1 տարվա ընթացքում։ Բայց հայտնաբերվել են նաև նշանակալի կապեր, որոնք արտահայտվել են 5-15 տարի հետո։
Հեղինակները, ելնելով իրենց ուսումնասիրության արդյունքներից, կարծում են, որ այդ վիրուսների որոշ տեսակների դեմ առկա պատվաստումները կարող են նյարդային համակարգը քայքայող հիվանդությունների զարգացումը կանխող միջոց լինել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ