Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար մարդն ավելի գունավոր է սեւուսպիտակի մեջ»

Հունվար 27,2023 12:30

Ասում է արձակագիր, լուսանկարիչ Աշոտ Ստեփանյանը

– Աշոտ, «Երեւանի մարդիկ» ֆոտոշարքը կարծես քաղաքային առօրյայի վավերագրություն լինի։ Ֆոտոշարքն ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար եւ ինչո՞ւ է  սեւ-սպիտակ։

– Մի քանի օր առաջ նկարները ցույց էի տալիս բարեկամներիցս մեկին, հարցնում էր` ոնց ես գտնում սենց մարդկանց, ասում եմ` ուղղակի նստում եմ ու հետեւում: Նրանք են ինձ գտնում։ Այդ տեսակ կերպարները շատ քիչ են Երեւանում, հատուկենտ մարդիկ են, որ ամեն օր դուրս են գալիս չգիտես որտեղից ու գնում են` չգիտես ուր։ Ես էլ տեսնում եմ ու անմահացնում` մտածելով, որ մի հարյուր տարի հետո կնայեն այս նկարներն ու կասեն` ինչ էսթետիկ են եղել երեւանցիները 21-րդ դարում։ Նշանակություն ունի այնքանով, որ իմ մեջ են մնում ու մի օր հնարավոր է՝ դառնան գրականությանս կերպարները։ Իմ աչքերն այդպես են տեսնում Երեւանը` սեւուսպիտակ։ Ինձ համար մարդն ավելի գունավոր է սեւուսպիտակի մեջ, խորություն ունի, խորհրդավորություն։ Դրա համար էլ հենց այդպես էլ մշակում եմ, կամ ի սկզբանե այդպես եմ նկարում։
– Ունե՞ք տեսախցիկի հետ «երկխոսելու» ձեր տարբերակը։

– Եթե խոսքը ինձ նկարելու մասին է, ապա` այո, ունեմ, եթե օբյեկտիվի մեջ ես չեմ, ապա` ոչ, չունեմ։ Երկխոսությունը պետք է լինի մարդու ու մարդու միջեւ, տեսախցիկը ուղղակի անշունչ էակ է, որը փոխանցում է քո տեսողության էմոցիաները։ Մեկ-մեկ, երբ գրականությունը չի հերիքում, անցնում եմ նկարելուն։

– Նաեւ արձակ ստեղծագործություններ եք գրում։ Լուսանկարչությունն օգնո՞ւմ է պատմություն ստեղծելուն։ Երբեւէ փորձե՞լ եք հիմքում լուսանկար կամ լուսանկարներ  ունենալով պատմվածք գրել։

– Հենց դրա համար էլ նկարում եմ։ Միանշանակ օգնում է, եթե այն ճիշտ ես օգտագործում։ Իսկ ճիշտ օգտագործելու համար քեզ հատուկ զգացողություններ են պետք դիմացինիդ լսելու ու ընկալելու հարցում։ Գլխիս մեջ կառուցում եմ պատմությունը, երբ նկարում եմ։ Հետո հնարավոր է՝ մի օր տամ թղթին։
– Իսկ ձեզ համար ի՞նչ հնարավորություն է ընձեռում գրականության լեզուն…

– Քանի որ ես աշխարհը ընկալում եմ որպես տեքստ ու ինձ համար անգամ աչքերն են տեքստուալություն փոխանցում, ապա գրականության լեզուն ինձ համար մի բացարձակ սահման է, որից հետո ամենն անցնում է մետաֆիզիկականից անդին։ Գրականությունն ինձ համար ճշմարտություն է։ Ճիշտ է` հիմա կան շատ անորակ ու անիմաստ բաներ, բայց անգամ այդ անիմաստության մեջ էլ կարող ես գտնել  ճշմարտության մասունքները, եթե լեզվային ու խորքային գիտելիքներ ունես։

– Խոսենք նաեւ ֆոտոշոփի եւ նմանօրինակ այլ ծրագրերի մասին, որոնք կարծես ժամանակակից լուսանկարչության մեջ կարեւոր գործիքներ են։ Դուք օգտվո՞ւմ եք, ի՞նչ կարծիք ունեք դրանց նշանակության մասին։ Դրանք օգնո՞ւմ են լուսանկարների գեղարվեստականացմանը։

– Օգտվում եմ միայն գունային շտկումներից, որն ավելի է հեշտացնում վիզուալի ըմբռնումը։ Չեմ սիրում ֆիլտրերը, երբ մարդիկ փչացնում են իրենց բնականությունն ինչ-որ տարօրինակ գույներով։ Ինչպես եւ գրականությունը, լուսանկարչությունն էլ ունի շինծու մեխանիզմներ, որը օգտագործում են շատ-շատ լուսանկարիչներ եւ  փչացնում վիզուալի բնական էմոցիաները եւ սարքում ինչ-որ տարօրինակ, ոչ իրական մի բան։ Եթե քիչ օգտագործես ու հասկանալով, կարող ես լավ բաներ ստանալ այդ ծրագրերից, բայց եթե շատ ես բզբզում, ընկնում ես թոքսիք գույների ու անբնականության դժոխք։– Ունե՞ք նոր ծրագրեր, որ տարվա ընթացքում նախատեսում եք իրականացնել։

– Ուզում եմ «Երեւանի մարդիկ» խորագիրն ավելի մեծացնել ու ամեն մեկի համար մի առանձին պատմություն գրել, իմ սիրելի գրողներին ու արվեստի ներկայացուցիչներին լուսանկարել։ Նաեւ այս տարի ընթերցողների դատին կհանձնեմ «Քաղաքը քեզ կսպասի» արձակ գիրքս։ Ուզում եմ միշտ խոսել գրականությունից, պատմել գրականության մասին, վարակել գրականությունով եւ այդսպես շարունակ` պտտել ու պտտվել արվեստի շուրջը։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Աշոտ Ստեփանյանը

«Առավոտ» օրաթերթ
26.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031