Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Արեւմուտքը չպետք է բախվեն Հայաստանում

Հունվար 27,2023 12:00

Դա կարող է պետականության կորուստ արժենալ

«Հարավային Կովկաս. Ռուսաստանի եւ Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամրջի ձեւաչափով քննարկմանն օրերս ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է ռուսական քաղաքականության որոշ նրբերանգներ։

Նախ` նա հիշեցրել է, որ ներկա պահին Ռուսաստանը ԵՄ-ի հետ գտնվում է թշնամական իրավիճակում, «փաստացի առճակատման մեջ ենք», ապա նկատել է, թե «դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է», ու հավելել է, թե Հայաստանը ԵՄ քաղաքացիական առաքելությանը հրավիրել է, որպեսզի դիմադրի Ադրբեջանի ճնշմանը եւ գտնի ցանկացած դաշնակից այս ճնշման դեմ պայքարում. «Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանի վարքագիծը, եւ նրան աջակցող Թուրքիայի, հիմք է տալիս նման մտահոգությունների համար։ Ինձ թվում է՝ այս փուլում Ռուսաստանի, նաեւ Իրանի համար առավել կարեւոր է, որ ուշադրություն դարձնեն ոչ տարածաշրջանային ուժերի ցանկացած ներխուժմանը Կովկասում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Մենք ի վիճակի ենք Կովկասում ապահովել խաղաղություն՝ գործելով համերաշխությամբ։ Բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրավիճակը՝ ստատուս քվոն, այն ավերվել է 2020թ. պատերազմով եւ այն փաստով, որ երկար տարիների ընթացքում չի հաջողվել հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը»։

Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքներով, երբ հայկական կողմն էր հաղթող կողմ, պաշտոնական Երեւանը երկու տասնամյակից ավելի բանակցում էր Ադրբեջանի հետ, կարգավորման գործընթացից հայկական կողմը երբեւէ չի հրաժարվել: Ռուսաստանից չի հնչում կարծիք, թե ինչպես ստացվեց, որ Բաքուն սկսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը զրոյացնելով կարգավորման գործընթացը տանել դեպի փակուղի: Ինչո՞ւ 2008-ից հետո Մոսկվան որոշում է կայացրել զինել Ադրբեջանին, որը Բաքվի համար դարձավ անուղղակի «քարտ բլանշ»` կամաց-կամաց նախապատրաստվելու Արցախի դեմ պատերազմի:

Մի կողմից ռուսաստանցի գործիչը փաստում է Ադրբեջանի վարքագիծը, եւ նրան աջակցող Թուրքիայի քաղաքականությունը մտահոգիչ է համարում, սակայն խուսափում է գնահատական տալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքվի ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստանին պահանջներ ներկայացնելու շարունակական քաղաքականությանը:

Հասկանալի է, որ Բաքուն այսօր Մոսկվայի համար արժեքավոր գործընկեր է, բայց մինչեւ 44-օրյա պատերազմի ավարտն արդեն ռուսաստանցի փորձագետները, մեկնաբանները պետական քարոզչամիջոցներով արտահայտած իրենց գնահատականներում չեզոքություն էին ցուցադրում, իսկ ավելի հաճախ` Բաքվի շահերի հետ համահունչ դիրքորոշումներով էին հանդես գալիս:

Սա եւս հասկանալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան նպատակ ուներ խաղաղապահ առաքելություն տեղակայել Արցախում, հետեւաբար չէր կարող ընդգծված աջակցել որեւէ կողմին, պետք է որոշակի չեզոքություն ցուցաբերեր: Սակայն այս չեզոքությունը, ինչպես նաեւ Արեւմուտքից երբեմն հնչող երկակի ստանդարտներով դիրքորոշումները Բաքվին էլ ավելի են լկտիացնում:

Այո՛, ՌԴ-ն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել Արցախում, եւ եթե նրանք այնտեղ չլինեին` Արցախը կհայաթափվեր, որեւէ տրամաբանող մարդ հակառակը չի էլ կարող պնդել: Սակայն Մոսկվայում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանն օգտագործում է խաղաղապահների մանդատի չհստակեցումը, ամեն ինչ անում է նրա արդյունավետությունը կասկածի տակ դնելու համար, եւ խոստովանենք, որ դա էլ է Ալիեւին հաջողվում, ընդ որում, պահպանելով Պուտինի հետ բարձր մակարդակի հարաբերություններ, բայց ՌԴ-ում գերակշիռ մասը դժգոհ են Հայաստանից, երբ այստեղ ռուսական քաղաքականության վերաբերյալ միանգամայն արդարացված հարցադրումեր են հնչում։

Զատուլինն ասում է. «Մենք ուզում ենք խնդիրը խաղաղ կարգավորել եւ չենք հայտարարում, օրինակ, մեր սկզբունքային դիրքորոշումները՝ Ադրբեջանը ճի՞շտ, թե՝ սխալ է վարվել սեպտեմբերին, երբ գրոհել է հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք այս հարցում ուշացրել ենք, ինչը առիթ է տվել Հայաստանում արեւմտամետ ուժերին մեզ մեղադրել, որ մենք ոչ բարեխիղճ դաշնակից ենք եւ կասկածի տակ են դրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի անդամությունը։ Այսօր Ադրբեջանի կողմից ցանկացած գործողություն հանգեցնում է Հայաստանում հակառուսական ալիքի բռնկմանը։ Ես կարծում եմ՝ մեր դիվանագիտությունն այս հարցում պետք է առավել ակտիվ լինի»։

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ հայաստանցի քաղաքական գործիչները, փորձագետները ու լրագրողները լռեն, միեւնույն է, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մարդկանց ուղեղում հարցեր առաջանալու են, որովհետեւ շատ խնդիրներում միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին չի կարողանում տարբերակել Հայաստանի նկատմամբ այսօրվա Մոսկվայի ու Բաքվի քաղաքականությունը, որպես` մեկինը թշնամու, մյուսինը` դաշնակցի: Մեզանում տասնամյակներով հիմնավորվել է համոզումը, որ քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, դա արդեն բավարար է, որպեսզի Բաքուն զուսպ լինի: Հետեւաբար Ռուսաստանից հնչող կարծիքներում պակասում է որոշակի անկեղծություն, թեեւ հենց ՌԴ-ում էլ շատ-շատերը գիտեն ու ճանաչում են այն մեկնաբաններին ու փորձագետներին, որոնք վերջին մի քանի տարիներին սպասարկում են ադրբեջանական շահը ՌԴ-ում:

Ինչ վերաբերում է Զատուլինի գնահատականին, թե Հայաստանում արեւմտամետ ուժերը ցանկանում են փոխել վեկտորը, ցանկանում են խաղալ եւ այս իմաստով խնդիր են առաջացնում հենց Հայաստանի եւ հա ժողովրդի համար, ապա ինչպես ցանկացած երկիր, այնպես էլ արեւմտյան երկրներն այսօր, ողջ աշխարհը կարծես ցնցումների մեջ լինի, փորձում են ամրացնել իրենց դիրքերը, սա եւս հասկանալի է: Սակայն նրանք երբեք չէին հաջողի, եթե ռուսական քաղաքականությունն ամուր լիներ` ռազմավարական դաշնակից Հայաստանին պաշտպանելու հարցում, իսկ դա միայն պաշտոնական Երեւանից չէ կախված:

Փաշինյանի իշխանության գալուց հետո Մոսկվայի ու Երեւանի միջեւ անջրպետ առաջացել է, հնարավոր է՝ այդ անջրպետի հիմքերը դրվել են դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հիշենք, թե Սերժ Սարգսյանն ինչպես Լավրովին մի անգամ ընդունելով` հրապարակավ դժգոհություն արտահայտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների առիթով, եւ բացատրություն ակնկալեց ռուսական կողմից, ինչն էլ խիստ զարմացրեց Լավրովին: Կամ` Մոսկվան գո՞հ էր, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը Եվրամիության հետ բանակցություններ էր վարում, եւ ի վերջո, Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրեց:

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել, այդ խնդիրները պետք է լուծվեն, եւ որ առաջնորդը դրանք լուծի` Հայաստանում ու Ռուսաստանում դա գնահատելու են: Մոսկվան հազիվ թե Բաքվի ու Անկարայի հետ բարեկամությունից հրաժարվի, հազար ու մի տնտեսական շահերի հիմնված քաղաքականություն է այդ հարաբերությունների հիմքում: Սակայն հենց այսքանն էլ բավարար է, որպեսզի Երեւանը չսրի առանց այն էլ Հայաստանի ու Արցախի համար այս բարդ իրավիճակը:

Հայկական հարցի գոյության հարյուրամյա ժամանակաշրջանում արեւմտյան գերտերությունները, բացի հայտարարությունից, ոչնչով Հայաստանին չեն աջակցել՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ պատերազմում։ Խոստումներ շատ են եղել, բայց գործողությունները շատ քիչ են եղել, արդյունքն էլ հայտնի՝ հայերի ողբերգությունը Առաջին համաշխարհայինի ժամանակ եւ այլն: «Ուստի կարեւոր է այս տարածաշրջանում վստահ լինել դաշնակցի հարցում»,- ասել է Զատուլինը, ու միանգամայն իրավացիորեն փաստել, որ Ադրբեջանը գլուխը կորցրել է հաղթանակով, «որն իրենը չէ, դա Թուրքիայի հաղթանակն է». «Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ տարածաշրջանի կայունությանը՝ ով էլ որ նրան աջակցի, իսկ այդ երկիրը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է»։

Այսօր Հայաստանի քաղաքացիներն առայժմ տեսնում են, որ արեւմտյան որոշ քաղաքական գործիչներ, փորձագետներ են բացառապես Ալիեւի քաղաքականությունը քննադատում, անշուշտ հնարավոր է, որ նրանք էլ անկեղծ չեն, եւ նրանց ներկայացրած երկրի շահն այս պահին դա է պահանջում: Բայց ՀՀ քաղաքացիները չեն կարող Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը պակաս կարեւորել, եթե իսկապես դրա կարիքն ունեն:

Անդրադառնալով ԵՄ առաքելությանը, Զատուլինն ասել է՝ եթե այսօր ԵՄ-ից այդ պարոնները մտադիր են օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի վարքագիծն այս տարածաշրջանում եւ դրա հիման վրա նրանից ինչ-որ բան պահանջել, կարծես դա էլ անում են, թող պահանջեն, իսկ դրանում ի՞նչ վատ բան կա։ Դրանում որեւէ վատ բան չկա, բայց` «եթե դրա հիման վրա նրանք կցանկանան փոխել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վեկտորը, մենք, բնականաբար, դրա դեմ կպայքարենք»։

Ռուսաստանն ու Արեւմուտքը չպետք է բախվեն Հայաստանում, նրանց միջեւ կոշտ դիմակայություն արդեն իսկ գոյություն ունի, եւ բացարձակապես Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում նոր «հարթակի» առաջացումը, այժմ էլ Հայաստանում: Մենք դրա համար հնարավոր է՝ շատ թանկ վճարենք. դա կարող է պետականության կորուստ արժենալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031