Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ գործարարի գործը 2011 թվականի հունիսից առ այսօր գտնվում է դատական վարույթում

Հունվար 27,2023 14:30

Իրավական օգնություն ստանալու նպատակով «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել իրանահայ գործարար Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավին եւ հայտնել, որ մասնակցելով Հայաստանում 2011թ. մարտի 29-ին կայացած աճուրդին եւ վճարելով ամենաբարձր գինը՝ մարդատար մեկ վագոնի համար՝ 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ճանաչվել է հաղթող: Ըստ դիմումատուի, կայացած աճուրդից հետո հաջորդաբար նրան պետք է փոխանցվեր թվով 72 մարդատար վագոն, ինչը չի արվել եւ գործը 2011 թվականի հունիսից առ այսօր գտնվում է դատական վարույթում: Ներկայացնում ենք իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանի դիտարկումներն «Առավոտի» խնդրանքով այս գործի վերաբերյալ, որի քննությունը նշանակվել է մարտի 3-ին:

Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 306-րդ, 304-րդ եւ 14-րդ հոդվածների դրույթները` «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը դիմելով դատարան, խնդրել է որպես կեղծ գործարք առոչինչ ճանաչել «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի եւ հայցվոր ընկերության միջեւ 06.10.2011 թականին կնքված թիվ 3 պայմանագիրը եւ պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը: 29.10.2012 թվականին դատարանին ներկայացրած դիմումով «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը դատարանին խնդրել է գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով, գործը քննեց հայցվոր կողմի բացակայությամբ: Այս գործով հակընդդեմ հայցվոր է իրանահայ գործարարը՝ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն:

Մինչ այդ իրանահայ գործարարը Իրանի Իսլամական Հանրապետության երկաթգծի դեպարտամենտի հետ պայմանագիր է կնքել տարեկան 1.4 մլն դոլարի դիմաց նրանց հանձնել մարդատար թվով 72 վագոն, սակայն հայկական կողմը չի թույլատրել դա անել՝ «Մարդատար վագոնները ՀՀ սահմաններից չպետք է դուրս բերվեն» պատճառաբանությամբ, Հայաստանի պետեկամուտների կոմիտեն չի թույլատրել աճուրդում հաղթած անձին հանձնել վագոնները: Հետագա զարգացումները եւ քաղաքացու դիմումով ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ ՊԵԿ-ը՝ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, խոչընդոտել է աճուրդում հաղթած անձին հանձնել վագոնները, այդ իսկ պատճառով քաղաքացին կրել է միլիոնավոր դոլարների նյութական վնաս:

Ներկայումս արդեն շուրջ 11 տարի ձգձգվող դատական նիստերի ավարտը դեռ չի երեւում։ Ըստ դատական գործի նյութերի՝ դատարանին ներկայացրած հայցադիմումով «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ 29.03.2011 թվականին «Գեղարվետսագործ» ԱԿ (Կոմիտենտ) եւ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի (Կոմիսիոներ) միջեւ կնքվել է կոմիսիայի պայմանագիր, համաձայն որի՝ կոմիտենտը կոմիսիոներին հանձնարարել է մասնակցել «Ակսոն» ապրանքահումքային բորսայի բաց հարթակի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ դուրս գրված 108.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 72 հատ մարդատար վագոնների գնման հրապարակային աճուրդի սակարկություններին: «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն մասնակցել է «Ակսոն» ապրանքահումքային բորսայի 72 հատ 108.000.000 ՀՀ դրամ ընդհանւր արժեքով դուրս գրված երկաթուղային մարդատար վագոնների հրապարակային աժուրդի սակարկություններին, ճանաչվել գնման հաղթող եւ ստացել 29.05.2011 թվականի թիվ 49 գործարքի վկայականը: 26.04.2011 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության եւ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի՝ «ՀԿԵ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է պատասխանողին հանձնել 72 հատ 108.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դուրս գրված երկաթուղային մարդատար վագոններ:

2011 թվականի հունիս ամսին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի եւ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի միջեւ ծագել են վեճեր, որոնք լուծվել են հաշտության համաձայնությամբ: Մասնավորապես, 23.07.2011 թվականին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի եւ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի միջեւ կնքվել է համաձայնագիր՝ կոմիսիայի պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու եւ այն լուծելու մասին, որի համաձայն պատասխանողը «Գեղարվեստագործ» ԱԿ-ին պետք է վճարի 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ կոմիսիայի պայմանագիրը համարվի լուծված: Հիշյալ համաձայնությունը ձեռք է բերվել միայն հայցվոր ընկերության շնորհիվ, որի կողմից «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ին տրվել է նշված 110.000 ԱՄՆ դոլար գումարը:

06.06.2011 թվականին «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի եւ «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է թիվ 1 համագործակցության պայմանագիր, իսկ 10.08.2011 թվականին պատասխանողի եւ հայցվոր ընկերության միջեւ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր, որով կողմերի միջեւ կնքված թիվ 1 համագործակցության պայմանագիրը համարվել է լուծված:

11.08.2011 թվականին պատասխանողի եւ հայցվորի միջեւ կնքվել է հանձնարարության պայմանագիր, որի հիման վրա «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրվել է լիազորագիր եւ հանձնարարվել է կատարել առուվաճառքի պայմանագրով ձեռք բերվելիք 62 հատ դուրս գրված երկաթուղային մարդատար վագոնների գնման եւ վաճառքի հետ կապված բոլոր գործողությունները: Հանձնարարության պայմանագրի 4-րդ կետի համաձայն` «Պայմանագիրը ուժի մեջ է մտնում եւ սկսում է գործել հանձնարարողի առաջին իսկ գրավոր տված հանձնարարության պահից»: Նույն օրը պատասխանողի եւ հայցվոր ընկերության միջեւ տրվել է առաջին գրավոր հանձնարարականը:

06.10.2011 թվականին «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի եւ «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության միջեւ 15 հատ վագոնների վաճառքի վերաբերյալ կնքվել է թիվ 3 պայմանագիրը: Պայմանագրով եւ դրա հիման վրա տրված թիվ 3 հաշիվ ֆակտուրայով 15 վագոնների գինը ԱԱՀ-ի հետ միասին սահմանվել է 49.806.000 ՀՀ դրամ: Հիշյալ պայմանագիրը «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունը կնքել է պատասխանողի խնդրանքով, որպեսզի իրանահայ գործարարը հնարավորություն ունենա ստանալու ապրանքի առաքման մաքսային թույլտվությունը:

Պատասխանողի հետագա գործողություններից պարզ է դարձել, որ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն 06.10.2011 թվականի թիվ 3 պայմանագիրը կնքելիս նպատակ է հետապնդել հայցվոր ընկերությանը մոլորության մեջ գցելով` խաբեությամբ գումար կորզել: Մասնավորապես, առուվաճառքի պայմանագրով ձեռք բերվելիք 72 դուրս գրված երկաթուղային մարդատար վագոնների ձեռքբերման գործարքի համար «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ին եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը վճարվել է ընդհանուր առմամբ 174.000 ԱՄՆ դոլար եւ 28.300.000 ՀՀ դրամ, որի դիմաց իրանահայ գործարարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից ստացել է առուվաճառքի պայմանագրով սահմանված 72 վագոններից 39-ը, որոնցից 10 հատի ապամոնտաժումը կատարել է մինչեւ հայցվորի հետ համագործակցելը, իսկ մնացած վագոնների ապամոնտաժումը կատարել է «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության հետ համագործակցության ընթացքում: 29 վագոնների ապամոնտաժումը պատասխանողը կազմակերպել է ինքնուրույն, ապամոնտաժումից առաջացած գունավոր եւ սեւ մետաղները, վաճառքի ենթակա այլ ապրանքներն առանց հայցվոր ընկերության գիտության ու համաձայնության, վաճառել է եւ ստացված գումարներն ինքնուրույն տնօրինել, մինչդեռ նշված 29 վագոնները «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն ստացել է «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից վճարված գումարների հաշվին:

Հայցվոր ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն բազմիցս նախազգուշացվել է աշխատանքների սխալ կազմակերպման, վարձու աշխատողների օրենքով սահմանված կարգով չձեւակերպելու, ապամոնտաժման արդյունքում գոյացած ապրանքների օրինական չհաշվառման ու իրացման, կատարված աշխատանքների վերաբերյալ հայցվոր ընկերությանը հաշվետվություն չներկայացնելու, ապամոնտաժումից ստացված գումարները հայցվորից թաքցնելու եւ ինքնուրույն տնօրինելու մասին: Ավելին, պատասխանողը իր իսկ կողմից կատարված հանցագործությունը` գողությունը, քողարկելու նպատակով դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ` պահանջելով, որպեսզի հայցվոր ընկերությունը վճարի 06.10.2011 թվականի թիվ 3 պայմանագրով սահմանված 49.806.000 ՀՀ դրամը` մոռանալով, որ վագոնների գործարքի համար «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունն արդեն իսկ վճարել է 174.000 ԱՄՆ դոլար եւ 28.300.000 ՀՀ դրամ գումար:

Այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից 06.10.2011 թվականի թիվ 3 պայմանագիրը կնքելիս նպատակ է հետապնդել հայցվորին մոլորության մեջ գցելով խաբերությամբ գումարներ կորզել, հիմնավորվում է նաեւ այն փաստերով, որ «Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն կնքել է տարբեր պայմանագրեր ԻԻՀ գնորդ ընկերությունների հետ նույն ապրանքի վերաբերյալ, նույն 1տ. 430 ԱՄՆ դոլարով վաճառքի գնով: Նշված գինը ապամոնտաժված սեւ մետաղի ԻԻՀ եւ Պակիստանի սահմանային գինն է, այն անհնար եւ նույնիսկ ոչ երեւակայական է ՀՀ տարածքում:

Ակնհայտ է, որ «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունը, լինելով մետաղի արտահանման շուկայում առաջատար եւ փորձառու ընկերություններից մեկը, որի արտահանման տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 60.000 տոննա մետաղ, չէր կարող ապրանքի վաճառքի ԻԻՀ եւ Պակիստանի սահմանային գնով ապրանք գներ ՀՀ տարածքում, կատարեր ապրանքի արտահանման եւ տեղափոխման ծախսեր եւ այն վաճառեր ՀՀ եւ ԻԻՀ սահմանում նույն գնով:

…06.10.2011 թվականի թիվ 3 պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ի խնդրանքով, ոչ թե առուվաճառքի, այլ ապրանքի արտահանման մաքսային ձեւակերպումների նպատակով, իսկ մինչ այդ կողմերի միջեւ կնքվել են համատեղ գործունեության եւ հանձնարարության պայմանագրեր, որոնց հիման վրա հայցվորին տրվել է լիազորագիր եւ երկկողմանի կնքված հանձնարարականի համաձայն էլ «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունը կատարել է համապատասխան վճարումներ: Վերջինիս ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ կողմերի միջեւ հաստատված 11.08.2011 եւ 29.08.2011 թվականների հաշիվներով, որոնց վճարումը հանձն է առել հայցվոր ընկերության տնօրենը, «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն հայցվորին վաճառել է 1.000 տոննա քանակությամբ ապամոնտաժված երկաթգծի մարդատար վագոններ: Նշվածը վկայում է այն մասին, որ 06.10.2011 թվականի թիվ 3 պայմանագրով սահմանված 15 վագոնները «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն հայցվոր ընկերությանը չի վաճառել եւ չէր կարող վաճառել, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից ստացել էր ընդամենը 29 վագոն:

Նշեմ, որ դեռեւս 2012 թվականի փետրվարի 6-ին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն հայտնել է, որ 06.10.2011 թվականին իր եւ «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է թիվ 3 առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի՝ վաճառողը գնորդին վաճառում է 15 դուրս գրված մարդատար վագոններ, իսկ գնորդը պարտավորվել է վճարել 49.806.000 ՀՀ դրամ: Ըստ նույն պայմանագրի` մեկ վագոնի գինը կազմում է 2.767.000 ՀՀ դրամ, ընդհանուր վագոնների գինը` 41.505.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկ, որը կազմում է 8.301.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցվորը նշել է, որ 06.10.2011 թվականի պայմանագրի համաձայն՝ 15 վագոնները «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությանը հանձնվում են պայմանագրի կնքումից անմիջապես հետո Երասխավան կայարանում եւ այդ պահից սկսած վերջինս դառնում է վագոնների սեփականատերը: Պայմանագրով սահմանվել է, որ ապրանքի արժեքը վճարվում է պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում:

«Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն հայտնել է, որ 2011 թվականի պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո կողմերի միջեւ կազմվել է թիվ 3 հաշիվ-ապրանքագիրը, ըստ որի՝ ինքը «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությանը հանձնել է հետեւյալ համարանիշներով վագոնները` 21883, 21996, 21867, 21990, 14169, 20620, 22014, 14110, 20612, 14318, 14284, 14250, 385/3518, 20570: Առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո ինքը բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները եւ բազմիցս պահանջել է պատասխանողից կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորոթյունները` վճարել ստացված վագոնների արժեքը, սակայն ՍՊ ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, չի վճարում հանձնված գույքի արժեքը, ինչի պատճառով գործարարը անտեղի կրում է նյութական վնասներ:

26.03.2012 թվականին դատարանին ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի լրացումով «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն հայտնել է, որ 11.08.2011 թվականին թիվ 01 հաշիվ-ապրանքագրով ինքը ՍՊ ընկերությանը հանձնել է 500 տոննա մետաղ վագոնի տեսքով, որը կազմում է թվով 12 վագոն:

29.08.2011 թվականի թիվ 02 հաշիվ-ապրանքագրով հակընդդեմ պատասխանող ընկերությանը հանձնել է եւս 500 տոննա մետաղ վագոնի տեսքով:

23.09.2011 թվականին կնքված հանձնարարականով «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունը` ի դեմս տնօրեն Լուսինե Գալստյանի, հանձն է առել ԱՁ-ի կողմից ստացված 11.08.2011 թվականի թիվ 01 հաշիվ-ապրանքագրով 29.185.000 ՀՀ դրամ եւ 29.08.2011 թվականի թիվ 02 հաշիվ-ապրանքագրով 29.185.000 ՀՀ դրամ հաշիվների դիմաց (ընդհանուր առմամբ՝ 58.370.000 ՀՀ դրամ) վճարել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը: Կազմվել է նաեւ փոխադարձ ակտ, որով նշվել է, որ վերը նշված հաշիվ-ապրանքագրերով սահմանված հաշիվների նկատմամբ պարտավորություններ չոնեն: Նշված գումարը հակընդդեմ հայցով պատասխանող ընկերության տնօրենի կողմից պետք է վճարվեր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հաշվեհամարներին, ինչը, սակայն, չի արվել:

Գործի քննության ընթացքում իրանահայը նշեց, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդհանուր 58.370.000 ՀՀ դրամ գումարից 28.300.000 ՀՀ դրամը վճարվել է:

«ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն խնդրել է «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր առմամբ 79.876.000 ՀՀ դրամ, որից 49.806.000 ՀՀ դրամը 06.10.2011 թվականի թիվ 3 առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի արժեքն է, իսկ 30.070.000 ՀՀ դրամը` 11.08.2011 եւ 29.08.2011 թվականների թիվ 01 եւ 02 հաշիվ-ապրանքագրերով սահմանված ընդհանուր առմամբ 58.370.000 ՀՀ դրամից չվճարված գումարն է: Հակընդդեմ հայցվորը խնդրել է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 49.806.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել բանկային տոկոսներ` սկսած 10.10.2011 թվականից մինչեւ պարտավորությունների փաստացի կատարման պահը: Դատաքննությամբ «ՀակոբՀրանտի Նազարի-Դեխնավի» ԱՁ-ն եւ վերջինիս ներկայացուցիչը հրապարակեցին հակընդդեմ հայցադիմումն ու դրա լրացումը եւ խնդրեցին այն ամբողջությամբ բավարարել, իսկ սկզբնական հայցը մերժել:

Դատական գործի ավարտից հետո միայն կարող ենք վերջնական եւ ամփոփ եզրահանգման գալ սույն գործի մութ կողմերի մասին, սակայն մեկ բան ակնհայտ է, չկա արդարադատություն, պետական վերահսկողություն:

«Առավոտ» օրաթերթ
26.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031