Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվորեն տարածվում է կարծիքը, որ Հայաստանի ներկայիս իշխանության անձեռնմխելիության երաշխավորը Ռուսաստանն է. Վիգեն Հակոբյան

Հունվար 26,2023 23:40

«Երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի կարծիքով, Հայաստան ժամանող երկարաժամկետ դիտորդական առաքելությունը կնպաստի մեր երկրի համար անցյալ տարվա սեպտեմբերի 13-ից հետո առաջնահերթ խնդրի՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունության պահպանմանը: «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կազմակերպված «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ, Յուրի Նավոյանը հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այնքան խելամիտ կգտնվի, որ ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը չի հակադրի, այլ կհամադրի ռուսական ջանքերին ու առկա մեխանիզմներին:

Հարավային Կովկասում ստատուս քվոն, փորձագետի գնահատմամբ, պահպանվում է ՌԴ-ի ջանքերով եւ Ռուսաստանում ռազմավարական ծրագիրը արցախյան խնդիրը սառեցնելն է՝ անվտանգություն ապահովելու, տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու, սահմանազատում եւ սահմանագծում անցկացնելու, եւ այդ գործողություններով հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու. «Կարծում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական շրջանակներն ու քաղաքական ղեկավարությունը հասկանում են Հայաստանը աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ դարձնելու վտանգը։ Ներկայիս ստատուս քվոյի պայմաններում եվրոպական կամ ամերիկյան բոլոր նախաձեռնությունները կարող են միայն լրացուցիչ բնույթ ունենալ»:

Հայաստանցի քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ակտիվորեն տարածվում էր այն կարծիքը, որ Հայաստանի ներկայիս իշխանության անձեռնմխելիության երաշխավորը Ռուսաստանն է, ինչը ռուսամետ ընտրազանգվածի մոտ դժգոհություն է առաջացնում։ Այս առումով, բանախոսի գնահատմամբ, Ռուսաստանը նույնպես կորուստներ ունի հասարակական կարծիքում, ուստի, պետք է մտածի, թե ինչպե՞ս շտկի իրավիճակը։

«Իրական այլընտրանքային կարծիքի եւ կոնկրետ քայլերի բացակայությունը ոմանց հնարավորություն է տալիս պնդելու, որ Ռուսաստանն, ըստ երեւույթին, կայունության եւ անվտանգության այն երաշխավորը չէ տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանի, Արցախի համար, ինչպես կարծում էին 30 տարի։ Ընտրական բազան եւ քաղաքական ռեսուրսը, որն այժմ ունի Հայաստանի իշխող կուսակցությունը, միշտ չէ, որ լոյալ է եղել Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ Հայաստանի ընտրազանգվածի կամ բնակչության այն հատվածը, որը ռուսամետ է, ավելի շատ հույսը կապել է ընդդիմության հետ»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո, տնտեսական առաջընթացը, դրա միտումները, մեծ ազդեցություն չունեն հայ-ռուսական հարաբերությունների այլ ոլորտների արդյունքների վրա եւ կոնկրետ տնտեսական արդյունքները չի հաջողվում վերածվել աշխարհաքաղաքական դիվիդենդների։ Այսպես կոչված «փափուկ ուժի» քաղաքականության տիրույթում, նրա գնահատմամբ, ՌԴ-ն ինչպես նախկինում, այժմ էլ է պարտվում: Ավելին, ըստ քաղաքագետի, վերջին ամիսների սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի վարկանիշը բավականին նվազել է. Ռուսաստանը վերջին 30 տարում առաջին անգամ դարձել է Ֆրանսիայից հետո երկրորդ երկիրը հայերի համար բարեկամ պետությունների ցանկում եւ ման արդյունքների համար հիմքեր կան. «Խնդիրն այն է, որ 2020-ի պատերազմից հետո հայ հասարակության մեջ արմատավորվել է այն կարծիքը, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը պարտվել է Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանին։ 30 տարի հայ հասարակության մեջ սերմանվել է այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի եւ անուղղակիորեն Արցախի Հանրապետության անվտանգության անվերապահ երաշխավորն է։ Եւ Հայաստանում, հավանաբար, այս հարցում չափազանց մեծ ակնկալիքներ են ձեւավորվել, իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, հանգեցրեց նրան, որ Հայաստանում Ռուսաստանի որոշակի զուսպ մոտեցումը թույլ է տալիս տարբեր քաղաքական ուժերին, հասարակական շարժումներին յուրովի մեկնաբանել այս դիրքորոշումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031