Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Ավետիսյանի որդուն փորձել են հաղորդում թելադրել

Հունվար 26,2023 23:55

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդու վրա հարձակման  ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում դեռեւս կասկածյալներ չկան:

Աստղիկ Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին արդեն տանն է, դուրս է գրվել հիվանդանոցից,  բայց ծեծի հետեւանքով ունի գլխացավ, աչքերի հետ կապված խնդիրներ: Ավստրիայում սովորող որդին Հայաստան էր եկել արձակուրդի, այստեղ պատրաստում էր հետազոտական աշխատանքներ ու պատրաստվում էր ավարտական քննություններին:

Մեր զրուցակիցը պնդեց, որ որդին չի ճանաչել իր վրա հարձակված երիտասարդներին, «Դեպքն այսպես է եղել, տղաս Թումոյի այգում հանգստանալիս է եղել, երբ թիկունքից մոտեցել են երկու երիտասարդ  եւ հարցրել սիգարետ ունի՞, տղաս կիսաթեքված վիճակում պատասխանել է, որ չի ծխում, կրկին շրջվել է:  Ինչից հետո երիտասարդները թիկունքից հարվածել են տղայիս, հարձակվողներից մեկը փախուստի է դիմել, մյուսը սկսել է հետապնդել ՝ պահանջելով տղայիս հեռախոսը՝ սպառնալով, թե չէ վատ կլինի,  բայց դիմադրություն տեսնելով, վերջինս էլ է փախուստի դիմել»:

Այս պատմության մեջ Աստղիկ Ավետիսյանին ամենաշատը զայրացրել ու զարմացրել է ոստիկանների աշխատանքը. «Ես կյանքում առաջին անգամ էի տեսնում, որ բժիշկը չկարողանա կառավարել, նրանք ընդհանրապես բժշկի ցուցումները չէին էլ լսում: Բժիշկն ասում էր՝այս վիճակում հնարավոր չէ, որ հարցաքննություն անեք, բայց նրանք չլսելով՝ խաչաձեւ, տղայական, ցինիկ հարցադրումներ էին հնչեցնում ու ամբողջ խնդիրն այն էր, որ տանում էին նրան, որ ինքն ասեր, որ իր ծանոթն է ու ինքը չի թաքցնում այդ փաստը: Բացի այդ ոստիկանը թելադրում է, թե ինչ բառերով հաղորդում կազմվի, ինչն ամենասարսափելին էր: Ձեւակերպումը օրինակ տրվում է այսպես՝վիճաբանության արդյունքում, հարցնում եմ՝ բայց դա վիճաբանությո՞ւն էր, պատասխանում է՝ բա ինչ էր, երկու հոգի իրար հետ խոսել են: Ասում եմ՝ վիճաբանությունն այն է, եթե ես ձեզ հետ խոսեմ, դուք ինչ-որ բան ասեք, ես հակառակվեմ, դուք հակառակվեք, բանավեճ սկսի, հետո անցնի վեճի: Այսինքն՝ էսկալացիոն փուլեր ունի, ո՞նց եք միանգամից իր վրա դնում մի բան, որ չի եղել, դա նշանակում է, որ այդ մարդը մասնակցել է ինչ-որ գործընթացի: Ծեծկռտուք էլ չի եղել, որ ասես վիճաբանությունից հետո ծեծկռտուք է առաջացել, դա ծեծ չէ, դա հարձակում է… մինչեւ դեպքի իմ հրապարակայնացումը ես ոստիկանության կողմից չտեսա որեւէ գործողություն: Երբ արդեն բավականին շատ տարածվել էր այդ տեղեկատվությունը, զանգում էին, ասում էին արդեն տեսախցիկներ հայտնվեցին, մինչեւ այդ ասում էին էդ հատվածում տեսախցիկներ չկան: Արդեն որդուս ուղղությունը կարծես թե կարողացան տեսնել, այսինքն՝ զգացի, որ որոշակի աշխատանք է արվում, տեղաշարժ կա: Այս վարքագիծը ինձ համար տարօրինակ է, ստացվում է՝ եթե սովորական մարդ է, իր իրավունքները չգիտի, չգիտի՝ ինչպես են անում, այդ մարդիկ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, որովհետեւ փակում են այդ գործը, կոծկում են, անցնում են առաջ»:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ծեծի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն: Կատարվել են առաջնային քննչական, վարույթային գործողությունները, Ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն, այդ թվում նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031