2022 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հիմնական դերակատարների կողմից սկսել է դիտարկվել բոլորովին այլ տեսանկյունից, քան նախկինում, երբ հակամարտությունը չէր դիտարկվում ՆԱՏՕ–ի ընդլայնման համատեքստում և դարձել է նրանց միջև մրցակցության նոր գիծ։ Այս համատեքստում, Հարավային Կովկասում ընթացող գործընթացները լուրջ փորձություն են ինչպես Ռուսաստանի համար տարածաշրջանում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համար. «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ, այսօր նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ -ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Եթե դեռ 2021 թվականի վերջին, ԵՄ ղեկավար Շառլ Միշելը բազմիցս զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումները ճշտելու համար, ապա հիմա դա անհնար է դարձել։ Ավելին, ԵՄ-ի կողմից ընդունվող փաստաթղթերում ոչ մի խոսք չկա խաղաղապահ առաքելության, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասով ՌԴ-ի ջանքերի մասին։ Սրանք լուրջ փորձեր են, որոնք անուղղակիորեն ուղղված են Հայաստանին եւ Ռուսաստանին հակադրելուն, ռուս խաղաղապահների վարկաբեկմանը»,- կարծում է Սերգեյ Մարկեդոնովը։
Անդրադառնալով Բերձորի միջանցքի շրջափակման իրողություններին, ռուս քաղաքագետն ասաց՝ 2022 թվականին փորձեր են արվել փոխել նոր ստատուս-քվոն, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, սակայն, զբաղված լինելով «հատուկ ռազմական գործողությամբ» և Արևմուտքի հետ առճակատմամբ, ՌԴ-ն պատժամիջոցների պայմաններում որոշ չափով կախված է և Թուրքիայից, և Ադրբեջանից և չի ցանկանում լրացուցիչ խնդիրներ, ուստի ստիպված է մեղմ արձագանքել։ Այս ֆոնի վրա հայ հասարակությունում և քաղաքական դաշտում մեծ ակնկալիքներ են ձևավորվել այլ դերակատարներից, մասնավորապես Ֆրանսիայից:
Անդրադառնալով շարքային հայերի կողմից՝ Ռուսաստանից ավելի կտրուկ արձագանքին և գործողություններին, բանախոսն ասաց. «Զուտ մարդկայնորեն, հուզական առումով ես դա հասկանում եմ։ Շարքային հայը սպասում է, որ դաշնակիցն ավելի կոշտ հայտարարի որևէ բանի մասին, ավելի հստակ դիրքորոշում զբաղեցնի, որոշակի գործողություններ կատարի։ Եթե դա տեղի չի ունենում, նա մտածում է այլ կողմեր նայելու մասին»:
Կարդացեք նաև
«Ինչ–որ կողմը», ըստ նրա, կարող է լինել, ասենք, Ֆրանսիան, բայց Twitter–ում Էմանուել Մակրոնի արած 5 -10 գրառումներն իրավիճակը չեն փոխում։ Սերգեյ Մարկեդոնովը նկատում է՝ Ֆրանսիայի իշխանությունները չեն հայտարարել, օրինակ, ԼՂ խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին։ Ուստի, Ռուսաստանի գործողությունները, անգամ ոչ շատ լավ, այդ գրառումներով և բարի ցանկություններով փոխարինելու փորձը հարցեր են առաջացնում։
Քաղաքագետի պնդմամբ, Արևմտյան քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին դուրս մղելուն տարածաշրջանից, բայց նա հարցեր ունի նաեւ «Ռուսաստանի բարձր կաբինետներին». «Անհրաժեշտ է սեփական դիրքորոշումն ավելի ակտիվ առաջ տանել։ Գիտեմ, որ մենք անհոգ զգացողություն ունենք, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, ինչո՞ւ է պետք որևէ բան ավելորդ անգամ պարզաբանել, առանց այդ էլ ամեն բան պարզ է… Բայց ոչ բոլորին է ամեն ինչ պարզ, նույնիսկ հասկանալի բաները պարզաբանման կարիք ունեն»:
Բանախոսի դիտարկմամբ՝ խնդիրներ միշտ էլ եղել են եւ կլինեն, բայց դրանց մասին պետք է անկեղծ խոսել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ