Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը։ Փաստաթուղթն անդրադարձնում է 2022-ի հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքին։ Փաստաթղթում ներկայացվում է իրավիճակը անդամ երկրներում, այդ թվում ՀՀ-ում և Ադրբեջանում։ Առանձին մի բաժին նվիրված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։ Նկարագրվում են այդ ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունները, այդ թվում երկու կողմերի ղեկավարների միջև հանդիպումները ԵՄ-ի և այլ դերակատարների միջնորդությամբ։ Սակայն կոնկրետ արձանագրում, թե որ կողմն է սկսել հարձակումը, այս փաստաթղթում հնարավոր չէ գտնել։
Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ևս այս փաստաթղթում արձանագրում չկա, թեև Լաչինի միջանցքի փակումն այն ժամանակահատվածում էր, որի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովը պատրաստել է իր զեկույցը։
Այս զեկույցում Հայաստանի հետ կապված բաժնում ամրագրված է․ «Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը և իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել ընտրական դաշտի բարեփոխումը, շարունակել դատական համակարգի բարեփոխումները և ուժեղացնել մամուլի ազատությունը։ Վեհաժողովը ուշադրությամբ կշարունակի հետևել Հայաստանում ինստիտուցիոնալ հավասարակշռվածության և ժողովրդավարական մշակույթի հաստատման հետ կապված զարգացումներին»։
Զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություն կա, որ այս երկրում իրավիճակը չի բարելավվել։ Մասնավորապես ամրագրված է․ «Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների՝ քաղաքական երկխոսության հավատարմությունը, սակայն ցավում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանում իրավիճակը չի բարելավվել, և որ օրենքի գերակայության, բազմակարծական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մի շարք մտահոգություններ պահպանվում են։ Դրանք ներառում են լուրջ մտահոգություններ դատական համակարգի անկախության, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, միավորումների ազատության և քաղաքական ազատության, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ու կալանքի ինստիտուտի հետ կապված ոչ բավարար պայմանների վերաբերյալ խնդիրներ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ