Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այդ առաքելությունն ընդամենը հետախուզական աշխատանք է Ռուսաստանի ու Իրանի դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Հունվար 26,2023 22:40

«Ես երբեք քննչական մարմինների ներկայացուցիչ չեմ եղել, պրոֆեսիոնալ իրավաբան չեմ, և, ի տարբերություն Փաշինյանի, որտեղ գիտելիքներ չունեմ ինձ «ծակ պրոֆեսորի» տեղ չեմ դնում ու գնահատականներ չեմ հնչեցնում։ Դա համապատասխան պետական կառույցների խնդիրն է. Զինվորական դատախազությունում, քննչական կոմիտեում, գուցե նաև ազգային անվտանգության ծառայությունում համապատասխան մասնագետներ կան, թող նրանք զբաղվեն»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին վերաբերվող հարցին:

Ընդդիմադիր գործչի համար, ակնհայտորեն տարակուսելի է, որ դեպքից ժամեր անց, պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր շուրթերով հնչեցնում է վարկած. «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղորդում, եթե չասենք ճնշում։ Ես սա բացատրում եմ ոչ միայն քաղաքական նպատակահարմարությամբ, այլև Փաշինյանի անձով. Փաշինյանը հինգ տարում այդպես էլ չդարձավ պետության վարչապետ, նա մնաց կեղծ ու սկանդալային լրագրողի մակարդակում։ Կարևորն առաջին ինքն ասի, ժողովուրդն իրենից իմանա, Փաշինյանը չի հասկանում, որ ինքը ոչ թե ճառ ասող է, այլ զանգ կախող է։ Նորմալ երկրներում, նորմալ կառավարություններում չի կարող վարչապետը դեպքից ժամեր անց ինքը հնչեցնել վարկած։ Դրա համար կան մասնագիտական կառույցներ։ Ես վստահ եմ, որ մեր մասնագիտական կառույցների պաշտոնատար անձինք համաձայն են ինձ հետ, ուղղակի չեն կարող հրապարակային հայտարարել այդ մասին։ Այդ ժամանակ, լավագույն դեպքում, կդառնան գործազուրկ, վատագույն դեպքում՝ կդատապարտվեն»։

Պատասխանելով Արցախի՝ արդեն մոտ 50 օր շրջափակման մասին հարցին էլ, ընդդիմադիր գործիչը վերահաստատեց իր կարծիքը՝ հարցի գլոբալ լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, իսկ միջանկյալը ազգային ընդվզումը. «Արցախում կա դիմադրության օջախ, Արցախի ժողովուրդը վաղուց իր կարմիր գծերը քաշել է, դիմադրության օջախը ցույց է տվել, տասնյակ հազարավոր մարդկանցով հանրահավաքներ են արել, 50-60 հազար մարդ է հավաքվել, և չնայած այս դժվար պայմաններին, արցախահայությունն ասել է, որ իրենք չեն լինելու Ադրբեջանի մաս։ Իսկ ի՞նչ է անում այսօրվա կապիտուլյանտ իշխանությունը. Նիկոլ Փաշինյանի խոսքերում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է՝ նախադասության սկզբում ասում է, որ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է, մեջտեղում ասում է, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, վերջում ասում է, որ մենք չպետք է պրովոկացիաներ անենք, ոչինչ չպետք է անենք։ Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ սպառնում են, դու պիտի պաշտպանվես, իսկ էս մարդն ասում է բան մի արեք, տարբեր դիրքեր ընդունեք մինչև Ադրբեջանը բավարարվի։ Չի բավարարվելու, եթե Արցախի մեծ մասը գրավելով չբավարարվեց, հինգ հազար երեխա սպանելով չբավարարվեց, էլ ե՞րբ է բավարարվելու։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստան չլինի, լինի Էրմենիստան, ուզում են, որ հրապարակի տոնածառի փոխարեն Աթաթուրքի կամ Էրդողանի արձանը լինի, պատրա՞ստ է սրան Փաշինյանը։ Այս մարդը, այս ռեժիմը մեզ տանում են պարտության։ Փոխանակ բանակ զինի, զենք բերի, պատերազմի սպառնալիքի տակ գտնվող վիճակում հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից։ Իսկ այդ զորավարժությունները սպառնալիք էին Հայաստանի արտաքին թշնամիների դեմ, Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, դրանք ամրապնդելու էին մեր սահմանները։ Ավելին, ովքեր որ աշխատելու փորձ են ունեցել գիտեն, որ զորավարժությունների համար բերված զենքը մնում է Հայաստանում։ Իսկ իրենք հրաժարվում են, ասում են՝ նստենք թախտին, սպասենք բախտին, տեսնենք երբ են գալու մեզ մորթեն»։

Անդրադառնալով Հայաստան՝ ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության ժամանմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես իմ մի քանի հանրապետական գործընկերների հետ վաղուց հայտարարել եմ, որ 2018 թվականի իշխանազավթման նպատակն Արցախի թրքացումն էր ու Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը Ռուսաստանից դեպի արևմուտք, իրականում դեպի Թուրքիա։ Քանիցս ասել ենք՝ Բոլթոնն եկել Նիկոլին հրապարակային հանձնարարական է տվել՝ հրաժարվել ազգային ու պատմական կաղապարներից։ Իսկ Եվրոպան, եթե հարց լուծող է, թող Կիպրոսի թուրքական օկուպացիան վերացնի, այդ դիտորդները թող գնան Կիպրոսը թուրքերից ազատագրեն։ Այդ առաքելությունն ընդամենը հետախուզական աշխատանք է Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Խնդիրն այն է, որ Եվրոպային չի բավարարել նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը։ Ընդ որում, չի բավարարել ոչ թե Արցախի օկուպացիան, այլ այն, որ Իրանի համաձայնությամբ ուժեղացել է Ռուսաստանի դիրքերը։ Հիմա նրանք օգտվում են Ուկրաինայում ընթացող Ռուսաստան- ՆԱՏՕ պատերազմից, որպեսզի իրենք հսկեն Հարավային Կովկասում իրավիճակը։ Սա հղի է աշխարհաքաղաքական կատակլիզմներով, որովհետև Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չի հանդուրժի իր սահմանների մոտ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների ուժեր»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031