«Բավական ժամանակ է անցել, եթե չեմ սխալվում՝ 2012 թվականին երեւի, այն ժամանակ Սեւանին էին զանգահարել, ասեց զանգահարել են՝ գնային առաջարկ ունի ներկայացնելու նախարարությունը»,- այսօր «դիզվառելիքի գործով» նիստի ժամանակ իր ցուցմունքում ասաց «Սովրանիե» ընկերության սեփականատեր Եղիշե Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք հանդիպել են նախարար Սերգո Կարապետյանի հետ, ինչից հետո փաստաթղթեր են լրացրել ու փոխանցել նախարարություն. «Ու դրանից հետո, արդեն սկսել էին բաժանել, մենք իմացել ենք, որ մեզ չեն տալիս, «Ֆլեշ» կազմակերպությունն է տալիս»:
Եղիշե Վարդանյանն ասաց, որ լսել էր, որ Սեւան Քոչարյանի գործերը լավ չեն, բայց, քանի որ նա Իրանում լավ կապեր ուներ, լեզվին տիրապետում էր, նաեւ լոգիստիկ խնդիրներին էր լավատեղյակ՝ ընդունել է համատեղ աշխատանքի առաջարկը: Վկան հիշում է, որ ոլորտում մի ժամանակ Սեւան Քոչարյանը «շատ հզոր էր», երկու բազա ուներ պահեստավորման:
Նախարարի հետ հանդիպման ժամանակ, ըստ վկայի, վերջինս հարցրել է՝ կարո՞ղ են դիզվառելիք ներկրել, պատասխանել են՝ այո: Ապա` վկան է նախարարին հարցրել՝ լուրջ է՞ այդ ամենը, վերջինս ասել է՝ այո: Հանդիպումը շատ կարճ է տեւել: Վկան հայտարարեց, որ «Սեւանի կապերով հաստատ» կկարողանային պահանջվող քանակի դիզվառելիք ներկրել: Նա ասաց, որ այդ ժամանակ 5-6 մեքենա է ընկերությունն ունեցել եւ Սեւանի շրջապատում կային մարդիկ, ովքեր պատվերով գալիս էին: Ասաց նաեւ, որ պահեստներ ունեին Գյումրիում, Արին-Բերդի փողոցում. «Սեւանի կապերը շատ մեծ էին, ինձ թվում է՝ կկարողանայինք էլի»:
Վկան հայտարարեց, որ փաստաթղթերը նախարարություն ուղարկելուց հետո, իրեն չի հետաքրքրել, թե ի՞նչ արդյունք ունեցավ մրցույթը, չի էլ հետաքրքրվել, թե ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, հիմա նաեւ չի հիշում, թե ո՞ր ընկերություններն են մասնակցել: Իրենց ներկայացրած առաջարկով էլ, իրենք 30 տոկոս շահույթ էին ունենալու: Վկան հիշեց, որ մեկ անգամ Սեւան Քոչարյանին զանգահարել են, ինքն ասել է՝ «Յաշան է, ինչքան գիտեմ՝ «Ֆլեշ» ընկերության տնօրենը, ասեց՝ մի քիչ վրդովված է, որ մենք էլ ենք մասնակցել, գնային առաջարկ տվել»: Եղիշե Վարդանյանին երբեւէ որեւէ մեկը չի զանգել, վրդովմունք չի արտահայտել, նա ասաց, որ չգիտե, թե ինչո՞ւ են Սեւանին զանգել մրցույթի համար, բայց «բոլոր գործունեության հետ կապված Սեւանին են զանգել, ինքն էր բոլոր հարցերով զբաղվում», բայց «Ֆլեշ»-ի հետ իր առնչությունների մասին Սեւան Քոչարյանը չի պատմել: Վկան չկարողացավ ծավալային հարաբերակցություն անել, բայց ասաց, որ «Ֆլեշ» ընկերությունն ավելի խոշոր ներկրող է: Նաեւ՝ գյուղնախարարի հետ հանդիպումից ինքն այնպիսի տպավորություն չի ստացել, որ նախարարը Սեւան Քոչարյանին ճանաչում է: Հիշեցնենք, ըստ Սեւան Քոչարյանի, նախարար Սերգո Կարապետյանն իրեն ճանաչում էր:
Կարդացեք նաև
Եղիշե Վարդանյանը խուսափեց հստակ ասել, թե ի՞նչ շահագրգռություն ուներ ինքը կամ Սեւան Քոչարյանը, որ համատեղ բիզնես են սկսել: Ամրամ Մակինյանի հարցին՝ թե ինքը վկայի հայտարարություններից տպավորություն ստացավ, որ Եղիշե Վարդանյանն այդ ընկերության հետ կապ չի ունեցել, վկան չարձագանքեց: Ընկերությունն, ի դեպ, նախկինում օղու արտադրությամբ եւ ներկրումներով է զբաղվել, թե 2011-ին ի՞նչ տեխնիկական հնարավորություններ ուներ, որ սկսեց դիզվառելիքի ներկրումներով զբաղվել՝ վկան պատասխանեց, որ շինարարական կռունկ է ունեցել, մարդատար մեքենա է ունեցել, բենզատար մեքենա չեն ունեցել. «Հնուց, Սեւանի բենզատարերն էին, որ ինքը բերես, ասեց՝ սրանցով պետք է աշխատենք, Մեղրիից Երեւան էին տեղափոխվել: Պայմանագիրը կնքել ենք, աշխատել ենք: Ընկերության հաշվեկշռին դրանք նստած էին, թե՝ չէ, հիմա չեմ հիշում»: Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ գործի նյութերով, ընկերությունը համապատասխան տեխնիկա չի ունեցել, մինչդեռ վկան հայտարարեց, որ 5-6 մեքենա ունեցել են, նա կրկնեց, որ հնարավոր է ընկերության հաշվեկշռին չեն եղել: Ընկերության կարողությունների ու շրջանառության մասին շատ հարցերի վկան չկարողացավ պատասխանել՝ ասաց՝ չի հիշում շատ բաներ, փաստաթղթերի մեծ մասն էլ չեն պահպանվել կամ էլ ինքը չի հիշում, թե որտե՞ղ են: Նա չկարողացավ նաեւ պատասխանել հարցին, թե գյուղատնտեսության նախարարության ծրագիրը ինչպե՞ս էին իրականացնելու, միայն ասաց, որ պահեստավորման համար 17 տոննա տարողությամբ պահեստ իրենց հարկավոր չէ, 2500 տոննայանոց պահեստը բավարար էր: Հարցին, թե Սեւան Քոչարյանի հետ ի՞նչ պայմանավորվածություն կար, ինչպե՞ս պետք է շահույթը բաժանեին, ասաց, որ չի պատասխանում, քանի որ դա անձնական տիրույթի հարց էր:
Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանների, շատ կարեւոր տեղեկություններ են պարունակում Սեւան Քոչարյանի տնտեսական հնարավորությունների մասին: Դրանք կուսումնասիրվեն, ապա կգնահատվեն՝ որքանով են առնչվում սույն գործին:
Հիշեցնենք, այս գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 2-ին, 14.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ