Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցմունքները կհրապարակվեն և դուք կտեսնեք, թե Սերգո Կարապետյանն ի՞նչ ցուցմունք է տվել, ամեն ինչ պարզ կդառնա». Ամրամ Մակինյան

Հունվար 26,2023 22:20

«Դատարանից մենք ակնկալում ենք բացառապես արդարադատություն։ Կարծում եմ, որ իրականությունը բոլորի համար վաղուց պարզ էր. այսինքն, առաջին վկայի առաջին հարցաքննությունից արդեն պարզ էր, թե ի՞նչ է կատարվում։ Իմ հարցերը վկաներին վրդովեցնում են, որովհետև ճշմարտություն է բացահայտվում։ Սա նախաքննություն չի, որ ինչ ուզեն անեն։ Սևան Քոչարյանը վկաներից մեկի ազգանունն ընդհանրապես չգիտեր, բայց նախաքննության ժամանակ հստակ անուն ազգանունը գրել էր։ Սա խոսում է այն մասին, որ, ենթադրաբար, նախաքննության ընթացքում եղել է ուղղորդված։ Ասում եմ ենթադրաբար, որովհետև հարգում եմ բոլորի անմեղության կանխավարկածը։ Այս հանգամանքները, դատախազի տեղից վեր կենալն ու մեր հարցեր տալում խոչընդոտելը հուշում են, թե իրականում ինչ է կատարվում»,- այսօր, «դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, այս գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

«Ես նիստի ժամանակ հայտարարեցի, որ եթե դատախազը մտավախություն չունենար, որ ճշմարտություն է բացահայտվում, տեղից վեր չէր կենա և վկայի հարցաքննությանը չէր խոչընդոտի։ Այնուամենայնիվ, այսօր հիմնավորվեց, որ վկա Սևան Քոչարյանը , ով իբրև թե հնարավորություն ուներ քննարկվող ծրագիրն իրականացնելու, ընդհանրապես 10 միլիոն դոլարի չափով վարկեր ու պարտքեր ունեցող անձնավորություն էր, ում այդ վարկերն ու պարտքերն այս գործի հետ կապված պետության կողմից զրոյացվել են։

Սևան Քոչարյանը հոդաբաշխ պատասխան չտվեց իմ այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել իրավապահ մարմիններին դիմել 2019 թվականին, եթե իր նկարագրած հանցավոր արարքները տեղի են ունեցել 2013 թվականին։ Ես գիտեմ այդ հարցի պատասխանը։ Սևան Քոչարյանի նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ բնակարանից վտարելու վերաբերյալ, սակայն նրան մինչև այսօր ոչ ոք չի վտարել։ Արդեն պարզ է, չեն վտարել, որովհետև նա համաձայնել է երրորդ նախագահի դեմ ցուցմունք տալ։ Կգա ժամանակը, ցուցմունքները կհրապարակվեն և դուք կտեսնեք, թե Սերգո Կարապետյանն ի՞նչ ցուցմունք է տվել, ամեն ինչ պարզ կդառնա։ Մեղադրող կողմը կամ Սևան Քոչարյանը այդպես էլ չեն բերել որևէ փաստական ապացույց այն մասին, որ իր ընկերությունը տնտեսապես ի վիճակի էր ծրագիր իրականացնել։ Եթե իրենք ծրագիր իրականացնեին, դա տապալվելու էր, գյուղացիներին ոչ մի վառելանյութ չէր հասնելու»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031