Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյան․ «Բացասական երեւույթ է, երբ ռուսները, նաեւ՝ արեւմուտքը փորձում են ինչ-որ դիմակայության տրամաբանություն բերել մեր տարածաշրջան»

Հունվար 26,2023 21:44

«Չարժե այսքան խոսել ուկրաինական սցենարի մասին։ Հավանաբար, խոսքը համագործակցության կամ համագործակցության բացակայության մասին է»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը սպառնալիք է մեր տարածաշրջանում ուկրաինական սցենարի կրկման համար։

ԵՄ նոր դիտորդական առաքելության այս անգամ երկու տարով տեղակայման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում փոփոխություն չի կրել: Չենք տեսնում որևէ «ավելացված արժեք», որը կտա ԵՄ-ական «փորձագետների» դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ: Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածնվել է որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցուկ և կոնֆրոնտացիոն քաղաքականություն է իրականացնում ԱՊՀ տարածությունում, ի վիճակի է միայն տարածաշրջան բերել աշխարհաքաղաքական դիմակայություն և սրել առկա հակասությունները: Չպետք է մոլորության տեղիք տա նաև ԵՄ-ական առաքելության՝ հայտարարված քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Տիգրան Գրիգորյանը մեկնաբանմամբ՝ ԵՄ դիտորդական նախորդ առաքելությունը եւս դժվարություններ է ունեցել ռուսական կողմի հետ շփումներում՝ այն հատվածներում, որտեղ ռուս սահմանապահներ են․«Սա բացասական երեւույթ է, երբ ռուսները, նաեւ՝ արեւմուտքը փորձում են ինչ-որ դիմակայության տրամաբանություն բերել մեր տարածաշրջան»։

Դա,Գրիգորյանի կարծիքով, Հայաստանի համար անընդունելի զարգացում պետք է լինի, Հայաստանը պետք է ճիշտ հաղորդակցվի թե ռուսական կողմի, եւ թե եվրոպացիների հետ․ «Հայաստանը պետք է փորձի համագործակցային մթնոլորտ ստեղծել։ Կարծում եմ՝ ռուսների համար դա ցավոտ հարց է։ Հայտարարության մեջ էլ նշում են, որ Հայաստանի հանրապետությունը մինչ այսօր հրաժարվում է ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը՝ պայմանավորվելով ՀԱՊԿ-ի հստակ գնահատականների հնչեցման կամ դրա բացակայությամբ։ Սա խանդի համար եւս հիմքեր են ստեղծում ռուսների կողմից»։

Գրիգորյանն ասաց, որ ռուսական կողմը կարծես թե հույս ուներ, որ Պրահայում ձեռքբերված համաձայնությունը՝ կարճատեւ առաքելության վերաբերյալ, իրոք կլինի կարճատեւ, եւ ժամկետի ավարտից (նախորդ տարվա դեկտեմբերին) հետո ռուսները կտեղակայվեն այստեղ։ Դա, ինչպես հայտնի է, դա տեղի չունեցավ, ԵՄ առաքելությունն է տեղակայվելու Հայաստանի սահմաններին։

Արդյոք առաքելության տեղակայումը կհանգեցնի նոր փոքր էսկալացիաների՝ ադրբեջանցիների կողմից՝ Ռուսաստանի դրդմամբ, այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ դժվար է նման կանխատեսում անել․ «Հուսանք, որ այդ սցենարով զարգացումներ չեն լինի, եւ առավելագույնը ինչ տեղի կունենա, դա համագործակցության բացակայությունը կլինի ԵՄ դիտորդների եւ ռուսների միջեւ»։

Նրա կարծիքով՝ առաքելության տեղակայումը Ադրբեջանի համար բարձրացնում է էսկալացիաների գինը․ «Եթե նախկինում միջազգային հանրությունը՝ հավաքական արեւմուտքը կարող էին ասել, որ «գետնի վրա աչքեր չունենք», որպեսզի ինչ-որ բաներ ստուգենք որոշում կայացնելուց առաջ, ապա հիմա ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար եւ միջազգային տարբեր կառույցների համար ավելի հեշտ կլինի գնահատական հնչեցնել՝ եթե Ադրբեջանը փորձի ռազմական սադրանքի գնալ»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031