Երրորդ տարին է, ինչ Հայաստանի միակ մարզական բուհը ամփոփելով նախորդ մրցաշրջանում իր ուսանողների մարզական նվաճումները՝ կազմակերպում է լավագույն տասնյակի մեծարման արարողություն։ Իսկ վերջին երկու տարիներին իրականացնում է նաեւ բավականին զգալի գումարներով պարգեւատրում։
Միջոցառումից առաջ Aravot.am-ը զրուցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանի հետ։
-Ի՞նչ սկզբունքով է կատարվել 10 լավագույն ուսանող-մարզիկների ընտրությունը։
-Ինչպես 2022 թվականը մեդալների որակով եւ քանակով հաջողված տարի էր Հայաստանի մարզիկների համար, նույն պատկերը մեր մոտ էր։ Աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերում մենք ունեցանք 30 մրցանակակիր։
Եվ պիտի ասեմ, որ 10 լավագույնների ցանկ ընդգրկվելու համար լուրջ պայքար ընթացավ։ Քանի որ պարգեւատրությունը մարզիկ-ուսանողների համար է, հիմնական չափորոշիչը մարզական արդյունքներն են։ Եվ միայն հավասար ցուցանիշերի դեպքում առավելությունը տրվում է միջին որակական գնահատականին (ՄՈԳ)։
-Նման խնդրի այս անգամ, կարծեմ, հանդիպել եք։
-Այո։ 1-ին եւ 2-րդ տեղերի համար հեռակա պայքարն ընթացավ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանի միջեւ։ Մեր երկու ուսանողների մարզական ցուցանիշները աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում որակական եւ քանակական առումով նույնն էին։ Հանձնաժողովը ստիպված եղավ ուսումնասիրել նրանց առաջադիմությունը։ Այստեղ էլ գրեթե հավասարություն էր։ Միայն 100-րդական մասով բարձր էր Արսեն Հարությունյանի ՄՈԳ-ը։ Դա եղավ որոշիչ եւ տասնյակը հենց նա էլ գլխավորեց։
-Մարզիկների պարգեւատրման ի՞նչ գումարի մասին է խոսքը։
-Նախ, բավականաչափ արդյունավետ եմ համարում մեր համագործակցությունը TotoGaming-ի հետ, որի աջակցությունն ուղղում ենք ուսանողների խրախուսմանը, առաջխաղացմանը, կրթության որակին, մրցումների մասնակցելուն։ Այդպես, մենք ունենք նաեւ երկու անվանական կրթաթոշակ։ Հուսով ենք, որ համագործակցությունը կշարունակվի, ինչից կօգտվեն միայն ուսանող-մարզիկները։ Իսկ ինչ վերաբերվում է 10 լավագույնների պարգեւատրման գումարին, այն ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիոն 300 հազար դրամ։
Դավիթ Խիթարյանը նաեւ ուրախությամբ նշեց, որ արդեն ավանդաբար ուժեղ մարզաձեւերի ներկայացուցիչների կողքին հայտնվում են նաեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ ու որ նույնպես ոգեւորող է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են շատացել։
2022 թվականի ՀՖԿՍՊԻ 10 լավագույն ուսանող մարզիկներն են։
1․ Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
2․ Մալխաս Ամոյան, հունահռոմեական ըմբշամարտ
3․ Վարազդատ Լալայան, ծանրամարտ
4․Գոհար Հարությունյան, հրաձգություն
5․ Արթուր Բազեյան, բռնցքամարտ
6․ Սոնա Հարությունյան, բռնցքամարտ
7․ Գեւորգ Թադեւոսյան, հունահռոմեական ըմբշամարտ
8․ Հրաչյա Պողոսյան, հունահռոմեական ըմբշամարտ
9․ Լիանա Գյուրջյան, ծանրամարտ
10․ Գեւորգ Բեգլարյան, պարա-սեղանի թենիս։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ