«Այո, առերեսումների ժամանակ կարմիր բերետավորներից որոշներն ասել էին, որ Խուդինյանն է հրաման տվել։ Այո, կան նման ցուցմունքներ։ Բայց այսօր իմ հարցին, թե ով է նման հրաման տվել, Արթուր Խուդինյանը չպատասխանեց»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց զոհված հերոսների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
«Ես արձանագրեցի, որ հարցին պատասխան չկա։ Ոչ հերքել է, ոչ հաստատել։ Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ չի եղել։ Ողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից եւ խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական դիրքորոշում»,-հավելեց Վահան Հովհաննիսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ