Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս համակարծիք ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի․ փաստահավաք առաքելություն եմ պլանավորում Ադրբեջան»․ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցերով զեկուցող

Հունվար 26,2023 20:03

«Մենք բոլորս համակարծիք ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ձեզ համար ադրբեջանական կողմի հայտարարությունները արդարացվա՞ծ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, ինչն առաջացրել է հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար»,- այսպես պատասխանեց Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։

Նա հիշեցրեց, որ իրենք՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողներն ու Հայաստանի հարցերով զեկուցողները համակարծիք են և կոչ են արել, որ Լաչինի միջանցքը բացվի։

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության կողմից կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվեց ԵԽԽՎ լիագումար նիստերից դուրս, որտեղ նրանք ներկայացնում էին, թե Հայաստանի տեղադրած ականների պատճառով ադրբեջանցիներ են զոհվում և այլն, Ադրբեջանի հարցերով զեկուցողն ասաց․ «Այս միջոցառումն ինձ հետաքրքրեց, քանի որ ականազերծումը խիստ կարևոր է։ Այս խնդիրն ամենուր է»։

Շեշտեցինք՝ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում նման հայտարարությունները, այնուամենայնիվ, համոզի՞չ են, քանի որ շրջափակման պատճառով նաև մարդկային կյանքի կորուստ կա,  պատգամավորը պատասխանեց․ «Ես կզգուշանամ խորանալ հակամարտության մեջ։ Ես ուզում եմ փաստահավաք առաքելություն իրականացնել դեպի Ադրբեջան՝ փորձելով ավելին իմանալ։ Գիտեմ, որ Հայաստանի հարցերով համազեկուցողները նույնպես պլանավորում են փաստահավաք առաքելություն իրականացնել Հայաստան։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, ինչը այսօր ևս կքննարկենք լիագումար նիստի ընթացքում»։

Լիզ Քրիստոֆերսենն ասաց, որ պլանավորում է մեկնել Ադրբեջան ապրիլի սկզբին, բայց դրա համար իրեն նախ հաստատում է պետք։ Նա նաև հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց երկրում խորհուրդ են տալիս չգնալ Ադրբեջան, բայց ԵԽԽՎ-ում աշխատանքի բերումով նա ամենայն հավանականությամբ կմեկնի Ադրբեջան։

ԵԽԽՎ պատգամավորը զգուշացավ ավելին ասել՝ նշելով, որ ավելին կասի փաստահավաք առաքելություն իրականացնելուց հետո։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031