Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորամասերի վերատեղակայում չեն արել, ինչի պատճառով դրանք խոցվեցին, իսկ վերատեղակայումից հետո ծառայության պայմաններ չապահովեցին»

Հունվար 26,2023 19:45

«Մի երկրում, որտեղ ոստիկանությունը ձեռք է բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար ընկածների ծնողների վրա, ակնհայտ է, թե բարոյականության ինչ ճգնաժամ է։ Այս իշխանության համար հերոսների կյանքն արժեք չունի»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են  մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր, Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմանը, թե ընդդիմությունն առաջնագիծ այցելելուց լավ բաներ է տեսել, սակայն չի ասում, Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Այն, ինչ բանակի հետ կապված կա, ասում եմ, երբ նպատակային եմ գտնում ասելու։ Այնպես չէ, որ Անդրանիկ Քոչարյանի ասելով է։ Իշխանությունը բանակի հետ կապված հարցերը ներկայացնում է բացառապես կենցաղի տեսանկյունից։ Եթե կա կացարանի, կենցաղի խնդիր, դա իշխանության հանցավոր անտարբերության, հանցավոր անգործության հետեւանքն է։ Իրենց արդարացումները քննարկելու իմաստ չկա»։

Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով զինվորներին կացարաններում տեղակայելու փաստը, նշեց․ «Սեպտեմբերին թիրախավորված Սոթքի զորամասի տարբեր ստորաբաժանումներ ստիպված վերատեղակայված են։ Այսինքն, 2020թ․-ի պատերազմից հետո իշխանությունը չի իրականացրել առաջնագծին մոտ գտնվող զորամասերի վերատեղակայումը, ինչի հետեւանքով դրանք խոցվել են սեպտեմբերին, իսկ դրանից հետո տեղի ունեցած վերատեղակայումների ժամանակ ծառայության պայմաններ չի ապահովել մարտական ստորաբաժանումների համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031