Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «դիզվառելիքի գործով» նիստը: Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում: Այսօր շարունակվեց առանցքային վկա Սեւան Քոչարյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ այդ գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Պատական մեղադրողի հարցին ի պատասխան վկան ասաց, որ վառելիքի շուկայում է 1990-ականներից, իսկ առավել մեծ չափի ներկրումներ սկսել է 2003 թվականից, երբ սկսել է ՊՆ-ի համար վառելիք ներկրել, եղել են ժամանակաշրջաններ, երբ ամսեկան 25 միլիոն տոննա դիզվառելիք է ներկրել, բայց խոշոր ներկրող համարվե՞լ է, թե՝ ոչ, չի կարող ասել: Համեմատության համար ասաց, որ եղել են ժամանակաշրջաններ, երբ հանրապետությունում դիզվառելիքի ամսական պահանջը եղել է 12-13 հազար տոննա ու ընդհանուր առմամբ, այդքան վառելիք է ներկրվել: Պատական մեղադրողը վկային խնդրեց հստակ պատասխանել՝ ի վերջո, գյուղնախարարության կարիքների համար ներկրվող վառելիքի համար մրցույթ հայտարարվել է, թե՞ ոչ եւ որտեղից է ինքը ստացել տեղեկատվությանը մրցույթի մասին ու դրան մասնակցել: Հիշեցնենք, նախորդ նիստերում, պատասխանողի ներկայացուցիչների այդ հարցերին վկան հստակ պատասխաններ չէր տվել :
«Մրցույթ եղել է, թե՝ չթ, թե՞ գնային առաջարկ է եղել, ես ստույգ չեմ կարող ասել, բայց ինձ զանգել են իմ բջջային հեռախոսին, ներկայացել գյուղատնտեսության նախարարության վարչության պետ, հետո իմացել եմ՝ Հարությունյան Գեւորգն է, ինչ-որ վարչության պետ, ինձ առաջարկվել է մասնակցել գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու ծրագրին: Ես ասել եմ՝ մտածեմ, հաշվարկներն անեմ՝ կպատասխանեմ: Մի քանի օր հետո զանգել են, ես համաձայնություն եմ տվել մասնակցելու. ես չգիտեմ՝ դա մրցույթ է եղել, թե՞ գնային առաջարկ: «Սովրանիե» ընկերությունով որոշել ենք մասնակցել այդ մրցույթին: Չեմ հիշում այդ նույն օրը, թե մեկ-երկու օր հետո, այդ նույն անձը զանգահարել է ինձ եւ հրավիրել գյուղնախարարի հետ հանդիպման. օրը, ժամը, տեղը պայմանավորվել ենք, նախարարի առանձնասենյակում մենք հանդիպել ենք՝ ես եւ «Սովրանիե» ընկերության տնօրեն Եղիշե Վարդանյանը:
Կարդացեք նաև
Դա մրցույթ է եղել, թե գնային առաջարկ, ես չեմ կարող պատասխանել»,- իր ասելիքը առավել համապարփակ ներկայացրեց վկան: Մեղադրողը հակադարձեց, այդ դեպքում, ինչո՞ւ է նա իր նախաքննական ցուցմունքում ասել, որ «քննիչի ունեցած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, մենք մասնակցել են մրցույթին եւ առաջարկն իրենց ներկայացվել է մրցույթին մասնակցելու»: Վկան ասաց, որ չի կարող պատասխանել հարցին, թե ինչու՞ է նախաքննական ցուցմունքներում պնդել, որ «քննիչի ունեցած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում» ու հավելեց, որ չի էլ հասկանում մրցույթի եւ գնային առաջարկի տարբերակը, քանի որ երկու դեպքում էլ բովանդակությունը նույնն է: Մեղադրողը հստակեցրեց՝ ընթացակարգերն են տարբեր:
Նախաքննական ցուցմունքներից մեկում էլ վկան ասել է, որ նախարար Սերգո Կարապետյանը շատ լավ տեղեկացված է, որ ինքը տարիներ շարունակ ՊՆ-ին դիզվառելիք է մատակարարել, մինչդեռ Սերգո Կարապետյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, պարզվել է, որ Սերգո Կարապետյանը Սեւան Քոչարյանին չի ճանաչում, նրա գործունեությունից տեղյակ չէ, ավելին, ըստ վկայի մեկ այլ ցուցմունքի է, նախարարի հետ հանդիպման ժամանակ, վերջինս հետաքրքրվել է, թե ինչո՞վ է ինքը զբաղվում: Մեղադրողը հետաքրքրվեց՝ որտեղի՞ց պետք է նախարարն իմանար վկայի եւ ՊՆ-ի աշխատանքի մասին: Վկան ասաց, որ չի կարող պատասխանել. «Սերգո Կարապետյանը պետք է, որ լավ իմանար, թե որտեղի՞ց գիտի: Մի առիթով էլի էդ հարցը շոշափվել է, թե ինչո՞ւ են հենց ինձ զանգել, իմ բջջային հեռախոսին, ես ասել եմ, որ չգիտեմ: Հիմա էլ եմ ասում՝ չգիտեմ: Երեւի թե զանգողը ավելի լավ կպատասխանի էդ հարցին»: Մեղադրողը հուշում արեց՝ «միգուցե ցուցմունքում ճիշտ չեք ձեւակերպել»:
Վկան համաձայնեց: Ավելի ուշ վկան հայտարարեց, որ քանի որ իրեն են զանգահարել, ինքը ենթադրել է, որ իր գործունեության մասին տեղյակ են: Դատավորը հետաքրքրվեց՝ ընդունո՞ւմ է Սեւան Քոչարյանը, որ իր գործունեության մասին տեղյակ լինելով իրեն ներգրավվեն գործընթացի մեջ եւ տեղյակ չլինելով ներգրավվելը միանգամայն տարբեր իրավիճակներ են ստեղծում: «Եթե իմ մասին տեղեկություն չուներ, ես ի՞նչ գործ ունեի իր աշխատասենյակում» ու նորից կրկնեց, թե ինչպե՞ս է ինքը զանգ ստացել՝ հավելելով, որ մինչեւ այժմ էլ չգիտե՝ թե ինչո՞ւ են հենց իրեն զանգահարել:
Վկայի պաշտպանն առարկեց՝ նկատելով, որ մեղադրողը կարող էր իրեն հուզող հարցերի պատասխանները նախաքննական փուլում ստանալ, մինչդեռ հարցեր է հնչեցնում, որոնց իր պաշտպանյալը մի քանի անգամ պատասխանել է: Դատավորը նկատեց, որ դատախազը դատարանում էլ հարցեր հնչեցնելու իրավունք ունի ու հնչեցվող հարցերը դատարանին էլ են հետաքրքիր, մանավանդ, որ դատարանում՝ վկայի հայտարարությունների եւ նախաքննական ցուցմունքների հետ հակասություններ կան:
«Նախկին իշխանություն ասելով՝ նկատի եմ ունեցել նաեւ այդ իշխանության տարբեր ստորաբաժանումներ. եթե դու ապրանք ես ներմուծում ու մեքենաներդ հարյուր հազարավոր դոլար տալիս ես, ապրանքն առնում ես ու մեքենաներդ գալիս են՝ տասնյակ օրերով կանգնում սահմանին, մեքենաներդ չեն անցնում այս կողմ, որպեսզի մաքսային ձեւակերպումներ անցնեն. ո՞վ կարող էր արգելակել դրան: Ես չեմ անձնավորում, բայց մաքսային կոմիտեն, օրինակ, իշխանության ստորաբաժանում է՞, թե՝ ոչ»,- սա էլ վկայի պատասխաններ էր քննիչի հիշեցմանը, որ նախաքննական ցուցմունքում վկան ասել է՝ բոլոր խոչընդոտները, որոնք ինքը հանդիպել է իր գործունեության ընթացքում, «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանի եւ նախկին իշխանությունների ունեցած սերտ կապերի շնորհիվ է եղել, ինչի արդյունքում այլ ներկրողներին շուկայից դուրս են մղել: Մեղադրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նկատի ունեցել վկան սա ասելով, ինչո՞ւ Բարսեղ Բեգլարյանը պիտի այլ ներկրողներին շուկայից դուրս մղեր, ինչի՞ վրա են իր գնահատականները եւ հետեւությունները հիմնվել: «Պետական լծակները օգտագործվել են, իմ հայտարարությունը մերկապարանոց չի եղել, դա հիմնված է եղել կոնկրետ փաստերի, կոնկրետ իրադարձությունների վրա»,- ասաց վկան՝ հավելելով, որ տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ է ձեռնտու, որ ինքը վնասներ կրի, երբ իր ընկերություններին պատկանող մեքենաներն օրերով սահմանին են մնում:
Մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վկան չի հայտարարում, որ այլ ներկրողներից, օրինակ CPS ընկերության տնօրենն է խոչընդոտներ ստեղծել իր համար, այլ նշում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանին՝ ընդգծելով նրա կապը նախկին իշխանությունների հետ: «CPS-ը երբեք Իրանից եւ Իրաքից ապրանք չի ներմուծել, ներմուծել է «Ֆլեշը»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ներկրողներ կային, բայց հիմնական ներկրողները մի քանիսն էին: «Էդ մեքենաները, որ 40-45 օր կանգնել են, ոչ մաքսային տեսուչը կարող էր կանգնացնել, ոչ հերթափոխի պետը, ոչ տվյալ մաքսակետի պետը: Ես օդի մեջ ինչ-որ հայտարարություններ չեմ արել: Նույն բանը եղել է Բագրատաշենի կողմից, երբ մեքենաները եկել՝ կանգնել են առանց հիմնավորման. հիմա իմն է եղել, ընկերոջինս է եղել, բայց ես այդ ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ: Հինգ օր առաջ, ես Հակակոռուպցիոն դատարանից գրություն եմ ստացել, Բագրատաշենի կողմից ո՞նց են մեքենաները գալիս, ո՞ւմ հրահանգով են կանգնում, էնտեղ շատ մանրամասն էդ ամեն ինչ նշված է»,- ասաց վկան՝ սկսելով պատմել հակակոռուպցիոն դատարանի գործի մասին ու արժանացավ դատավորի դիտողությանը՝ հիմնավորել իր ասածները եւ հարցերին պատասխանել գործի շրջանակներում: Վկան, կրկին առանց հիմնավորումների հայտարարեց, որ «էդ զանգերը՝ ինչի՞ ես բերում, ինչի՞ ես վաճառում, ինչի՞ համար ես էժան գնով ապրանք տալիս սպառողներին, միշտ էլ եղել են»:
Մեղադրողի հարցին ի պատասխան էլ ասաց, որ նման զանգեր ստացել է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանից (նա մահացել է- Ն.Գ.)՝ տարբեր ժամանակաշրջաններում: Մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է ցուցմունքում նշել, որ Բարսեղ Բեգլարյանն է իրեն խանգարել: Վկան հստակեցրեց. «Ֆլեշ» ընկերություն ասելով՝ ես հասկանում եմ՝ Բարսեղ Բեգլարյան», համաձայնելով մեղադրողի դիտարկմանը, որ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով են իրեն զանգահարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ