Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենում են 20 հոգանոց խորհուրդ ձեւավորել՝ շատ լավ իմանալով, որ բուհի կոլեկտիվը չի անելու իրենց ցանկացածը»․ Ցոլակ Ակոպյան

Հունվար 26,2023 17:12

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը երեկ ֆեյսբուքում գրառում էր արել, որ հունվարի 11-ին համալսարանի գիտական խորհուրդը ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին: Հունվարի 13-ին Ուսանողական խորհուրդը իր հերթին ընտրել է 5 ուսանող անդամներին։ Ընտրված թեկնածուների ցուցակը Բրյուսովի պետական համալսարանը եւ Ուսանողական խորհուրդը ներկայացրել են Լիազոր մարմին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը, պարտավոր է 30 օրվա ընթացքում ձևավորել Հոգաբարձուների խորհուրդ, սակայն ժամկետն ավարտվում է, բայց խորհուրդ չի ձեւավորվել։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ակոպյանը նշեց, որ իր ֆեյսբուքյան գրառումից հետո շատ արագ կերպով ԿԳՄՍ նախարարությունից ստացել են գրություն, ընդ որում՝ այն ստանում են 15 օր անց, որի նպատակը ընդամենը ժամանակ ձգելն է։ «Մեզանից պահանջել են պրոֆեսորադասախոսական կազմից ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուների առաջադրմանն առնչվող կառուցվածքային ստորաբաժանումների խորհուրդների համապատասխան որոշումներն ու նիստերի արձանագրությունները։ Բնական է՝ այդ ամբողջը մեզ մոտ առկա է, եւ մենք շատ արագ ուղարկել ենք իրենց, ու որեւէ խնդիր այդ առումով չկա։ Բայց փաստն այն է, որ գնդակն ուզում էին գցել մեր դաշտ, մտածում են, թե մի երկու օր կտեւի, մինչեւ կուղարկենք այդ թղթերը, իրենք կասեն՝ վայ, երկու ամիսը լրացավ, հիմա 3 հոգանոց խորհուրդ ենք կազմում, գալիս ենք ձեր բուհը լուծարենք։ Ողջ գործընթացը դրան է տանում։ Վախենում են 20 հոգանոց խորհուրդ ձեւավորել՝ շատ լավ իմանալով, որ բուհի կոլեկտիվը չի անելու այն, ինչ իրենք են ցանկանում»,- մեզ հետ զրույցում նշեց Ցոլակ Ակոպյանը։

Ինչ վերաբերվում է 3 հոգանոց խորհուրդ ձեւավորելուն, այս մասին էլ պարզաբանեց, որ Հիմնադրամների մասին օրենքով, եթե 2 ամսվա ընթացքում խորհուրդը չի ձեւավորվում, ապա Արդարադատության նախարարի հրամանով՝ ցանկացած երեք հոգուց նախարարի ցանկությամբ ձեւավորվում է հոգաբարձուների խորհուրդ, որն իրավունք ունի դատական կարգով բուհը տանել ընդհուպ լուծարման․ «Այս ամենի հետեւում հենց սա է թաքնված»։

Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը կարծում էր, թե իրենց պահանջած փաստաթղթերի տրամադրումը կձգձգվի, եւ գնդակը կմնա բուհի դաշտում, սակայն այդ «ծրագիրը, ըստ էության, չի աշխատել։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ի թիվս այլ հարցերի, Aravot.am-ը նաեւ այս թեմայով էր գրավոր հարցում ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, սակայն մեր հարցմանը դեռեւս չեն պատասխանել։ Ընդ որում, ԿԳՄՍ նախարարությունից պահանջել են գրավոր հարցում, հրաժարվել են բանավոր պատասխանել, իսկ Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն՝ բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031