Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք՝ ծնողներս, թոշակ չենք ստանում, արյան գին ենք ստանում»․ հերոսի հայրը մյուս ծնողներին կոչ է անում բացել աչքերը

Հունվար 26,2023 16:45

«Ի՞նչ օրինականության մասին ենք խոսում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի․․․ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։ Եթե օրինական երկրում ապրեինք, պատերազմ չէր լինի։ Ուղղակի ժողովուրդը պետք է աչքերը բացի եւ տեսնի, թե ինչ իշխանություն ունի։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ ժողովուրդը հասկանա։ Բոլոր ամիսների դեպքերն անօրինականության հետեւանք են։ Ո՞վ պատասխան տվեց որեւէ բանի համար»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում նոյեմբերի 7-ին Շուշիում անմահացած Գեւորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։

«Մենք ասում էինք՝ կգա ժամանակ, որ զոհերի քանակը կշատանա։ Շատացավ։ 15 զոհի համար ո՞վ պետք է պատասխան տա։ Ժողովուրդը ե՞րբ սա կհասկանա։ Ամիսներ առաջ էինք ասում, որ մեր երեխաների արյունը ջուր է դառնում, ինչո՞ւ զոհվածների ծնողները լուրջ չմոտեցան մեր ասածներին։ Հիմա հասկացա՞ն»,-հարցադրում արեց հայրը։

Բորիկ Կոյտիկովը նաեւ նշեց․ «Ծնողներ կան, որոնք թոշակները ստանում են եւ իրենց համար այս ամենը նորմալ է, ապրում են։ Մենք եւ այստեղ հավաքված ծնողներս թոշակ չենք ստանում, արյան գին ենք ստանում։ Մի քանի անգամ ինձ հարցրել են՝ Գեւորգի համար թոշակ ստանու՞մ ենք։ Կրկնել եմ, որ արյան գին ենք ստանում։ Եթե 25 տարեկան տղայիս նկարը ցույց տամ․․․Շուշիում մահացավ։ Մենք մեր տղաներին չենք կարող մոռանալ։ Իսկ այն ծնողը, որը մոռացել է եւ նստած սպասում է այդ թոշակին, թող դա լինի թոշակ։ Մեր համար արյուն է։ Չենք ուզում մարդիկ մեր օրն ընկնեն, նոր հասկանան։ Թող աչքերը լայն բացեն։ Պատերազմն ամեն մեկի դեմքը ցույց տվեց»։
Ծնողը շարունակեց․ «Երանի այնպիսի իշխանություն ունենայինք, որ իր արածի համար պատասխան տար։ Ոչ սգո օր հայտարարեցին, ոչ գնացին մի ծնողի տուն։ Անդրանիկ Քոչարյա՞նը։ Իր համար ամեն օր էլ ուրախալի է, որովհետեւ այն կուսակցությունը, որում ընդգրկված է, ամեն ինչին թեթեւ է նայում։ Ուստի թող չասի, թե ամեն օր է սգո օր։ Գիտե՞ք ինչի չեն գնում ցավակցելու։ Որովհետեւ երես չունեն»։

Այնուհետեւ Բորիկ Կոյտիկովն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ տվեց խոսելուց առաջ գնալ մի գիշեր զինվորների հետ նույն պայմաններում քնել․ «Դրանից հետո եթե մարդ լինի, ճիշտը կասի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031