Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պորտուգալիայում ևս Թումո կենտրոն կբացվի

Հունվար 26,2023 16:32

Պորտուգալիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաև գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Կենտրոնը կլինի քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։

Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդների ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023-ի երկրորդ եռամսյակում։

«Հաջորդ սերնդին թվային տնտեսությանը նախապատրաստելու կառուցվածքային անհրաժեշտություն կա։ Տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում արտադպրոցական կրթությունը հիմնականում սահմանափակված է փոքր խմբերով և մասնավոր պարապմունքներով. այն անվճար և հասանելի դարձնելը հավասար հնարավորություններ կընձեռի բոլորին։ Թումոյի կրթությունը պարզ և հասանելի է։ Այն արդյունավետ է արագ և լայնածավալ ներգործության ապահովելու համար»,- նշել է Թումոյի գործընկեր Shaken not Stirred հարթակի հիմնադիր Պեդրո Սանտա Կլարան հունվարի 25-ին` ծրագրի հովանավորների և գործընկերների հետ հուշագրի ստորագրման ժամանակ:
Կոիմբրայի կենտրոնի բացումը նշանավորում է Պորտուգալիայում Թումոյի ցանցի ընդլայնման արշավի սկիզբը: Պորտուգալացի գործընկերները հայտարարել են, որ եկող տարիների ընթացքում ակնկալում են նոր կենտրոններ բացել երկրով մեկ։ Թումոյի հիմնադրումը Պորտուգալիայում տեխնոլոգիական և կրթական համայնքների միավորման և համագործակցության հիանալի օրինակ է. ծրագրի աջակիցները, ձեռնարկատերերը և հիմնադիրները միասնաբար շուրջ յոթ միլիոն եվրո են ներդրել ծրագրի գործարկման համար։

«Երբ նախնական հանդիպումների համար այցելեցինք Պորտուգալիա, շատ ոգևորվեցինք այս նախագծով, քանի որ տեսանք երկրի մեծ ներուժը, որը զուգակցված էր տեխնոլոգիական համայնքի աջակցությամբ և պատանիների` թվային ոլորտում հաջողելու պատրաստակամությամբ։ Եվ հենց այսօրվա պատանիներն են, որ գալիք տասնամյակներում կկերտեն ապագան։ Կարծում ենք` ճիշտ ժամանակն է ներդրում անել Պորտուգալիայի երիտասարդների կրթության մեջ»- նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում և այլ վայրերում։ Հաջորդ կենտրոնը կբացվի Լոս Անջելեսում` Կալիֆորնիայի նահանգի ֆինանսավորմամբ և Լոս Անջելես քաղաքի հետ համագործակցությամբ։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում և Ֆրանսիայում: Քննարկումներ են նաև ընթանում Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։

Միջազգային տարածումը կարևոր նշանակություն ունի Թումոյի առաքելության իրացման համար։ Յուրաքանչյուր կենտրոն օգնում է պահպանել և աջակցել Հայաստանի և Արցախի ընդլայնված ցանցի գործունեությունը։

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031