Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ որպես արձագանք Հայաստանում երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն ծավալելու ԵՄ խորհրդի որոշմանը: Հայտարարությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
«Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում ընդունեց ստեղծել ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանում երկու տարի ժամկետով: ԵՄ-ական ներկայության հստակ չափորոշիչները կսահմանվեն առաջիկայում: Բայց արդեն ակնհայտ է, որ այն կլինի առավել մասշտաբային, քան ԵՄ մոնիթորինգային մեխանիզմը, որը Հայաստանում գործեց նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում փոփոխություն չի կրել: Չենք տեսնում որևէ «ավելացված արժեք», որը կտա ԵՄ-ական «փորձագետների» դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանին: Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ:
Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածնվել է որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցուկ և կոնֆրոնտացիոն քաղաքականություն է իրականացնում ԱՊՀ տարածությունում, ի վիճակի է միայն տարածաշրջան բերել աշխարհաքաղաքական դիմակայություն և սրել առկա հակասությունները: Չպետք է մոլորության տեղիք տա նաև ԵՄ-ական առաքելության՝ հայտարարված քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կարդացեք նաև
ԵՄ փորձերը՝ ցանկացած ձևով ամրապնդվել Հայաստանում և նեղել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, կարող են հարված հասցնել հայերի և ադրբեջանցիների հիմնական շահերին և տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներին: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնները տեսանելի հեռանկարում մնում են Ռուս խաղաղապահ զորամիավորումը, որը ծավալվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև, Հայաստանի սահմաններում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների վարքին՝ հաշվի առնելով իրավիճակը «գետնի վրա»:
Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի: Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը գործի դնելու ՀԱՊԿ ներուժը, վերջնիս առաքելությունը կարող է օպերատիվ կերպով ծավալվել Հայաստանում:
Ինչպես և նախկինում, կարծում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի առողջացման առավել կայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն և հետևողական կատարումն է, այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում, եռակողմ կապերի զարգացում հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների գծերով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ դրան նպաստել»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ