Ընդհանուր առմամբ, միջազգային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մի շարք որոշումներ ենք ընդունել, մինչև որ հարցը արտադրություններում կկարգավորվի: Հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտը հաստատված է, ներմուծել Հայաստան առանց գրանցման պահանջի։ Դա չի նշանակում, որ այս դեղորայքը չի անցնում բոլոր կարգավորող համակարգերով և չի հավաստագրվում, բայց իրավիճակն այս միջոցառմամբ փորձում ենք մեղմել։ Մենք շաբաթական կտրվածքով մոնիտորինգ ենք անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր ենք ձեռնարկում այն ձեռք բերելու համար»,- նշեց Ավանեսյանը։
Նա դժվարացավ պատասխանել, թե 5000 անուն դեղորայքից, որոնք են բացակայում շուկայում, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ անում են իրավիճակը շտկելու համար:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ