Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանը չունեցող էկոգյուղ Ամասիայի ձորերում․ այն պատրաստ կլինի 63 ամսում

Հունվար 26,2023 16:22

Ամասիայի տարածաշրջանի ձորերի մեջ մխրճված գյուղերից մեկը՝ Ջրաձորն ամբողջությամբ կտեղափոխվի դիմացի սարահարթ, որտեղ կկառուցվի նոր գյուղ՝ Նոր Ջրաձոր անվամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ է կառուցվում, որով 21-րդ դարի գյուղի մոդել ենք ներդնում, քաղաքաշինական նոր կուլտուրա բերում։

Գյուղի տեղափոխման պատճառը Կապսի ջրամբարի շինարարությունն է. ջրամբարի կառուցմամբ գյուղի հին տեղանքը կհայտնվի ջրի տակ։

Ինչպես փաստում են գյուղացիները, 70-ական թվականներից այս ծրագիրը կար, իրենք ճամպրուկային տրամադրության մեջ էին, սակայն Խորհրդային տարիներին ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ։

Ամասիայի համայնքապետարանում տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ Ամասիայի համայնքապետի, ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների ներկայացուցիչների, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահը Ջեմմա Հարությունյանն է։

Ինչպես նշեց Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն՝ առաջին փուլում Կապսի պատվարի և ոռոգման համակարգի կառուցումն է։

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ծրագիրը համարեց հավակնոտ։

«Նորանկախ Հայաստանի համար բավականին հավակնոտ ծրագիր է, որը մենք բոլորս միասին պետք է կյանքի կոչենք»,- ասաց Վահագն Գևորգյանը։

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանն էլ ասաց․ «Շատ ուրախալի է, սա նոր գյուղի նոր կերպար է մեր անկախ Հայաստանում։ Այսպիսի գյուղ հանրապետության մեջ առաջինն է լինելու՝ էկոգյուղ։ Երկու անգամ արդեն քննարկում եղել է Ջրաձորում և Ամասիայում բնակչության հետ, նրանք իրենց առաջարկությունները ներկայացրել են։ Ընթացքի մեջ են գյուղի նախագծման աշխատանքները։ Ներկայացրել են նոր բնակելի տների նախագծերը՝ օժանդակ շինությունների, կառույցների։ Գյուղում պետք է լինի կաթի արտադրամաս և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար կոոպերատիվ, որը մի քանի տեխնիկա պետք է ունենա։ Կարևոր է, որ նոր տիպի գյուղ է լինելու և կառուցումը մեր համայնքի համար դրական ազդեցություն է ունենալու»։

Ծրագրի իրականացման թիմի ղեկավար Տիգրան Դանիելյանն էլ մանրամասն ներկայացրեց այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել են 2021 թվականի դեկտեմբերի 3-ից ի վեր։

Նա նշեց, որ առաջին փուլում ծրագրի մեկնարկի մասին են իրազեկել, հանդիպումներ ունեցել համայնքի բնակիչների հետ, փաստաթղթերի հավաքագրում են կատարել, լրացուցիչ ճշգրտման ենթակա աշխատանքներ՝ չափագրման, գնահատման, գույքագրման։ Ջրաձորում հանրային լսում են կազմակերպել, իրականացրել են մարդահամար և բոլոր տնային տնտեսությունների մասով իրականացրել են սոցիալական-տնտեսական ուսումնասիրություն, փոխհատուցման գործընթացի համար հավաքվել են անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները, լիազորագրերը։

Տիգրան Դանիելյանն ասաց, որ Ջրաձոր բնակավայրում չկան գրանցված անշարժ գույքեր, մշակել են նոր օրինականացման պլան, որը բաժանված է երկու՝ ժառանգության, մյուսը սեփականության իրավունքների գրանցման գործընթացից։ 2018-2019 թվականներին որպես օրինականացման անձինք դիտարկվել են փաստացի բնակվողները, սակայն իրենք պարզել են, որ գույքի առաջին պետական գրանցումը պետք է իրականացնել 1991 թվականի բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշումների հիման վրա։ Ի հայտ են եկել մեծ թվով չիրականացված ժառանգական գործեր, մոտ 40 այդպիսի գործ կա, որից 6-ը նոտարական գրասենյակում ձևակերպվել են։

Գյուղի տները, օժանդակ շինությունները սեփականության վկայականներ չունեն, սեփականության վկայականներ ունեն միայն վարելահողերը, կան չգրանցված հողեր։

Հանձնաժողովի նիստից պարզ դարձավ, որ փոխհատուցում են ստանալու Ջրաձորի 74 բնակելի տների դիմաց։

Ծրագիրը, որի մեկնարկը տրված է 2021 թվականի դեկտեմբերից, բաղկացած է երկու մասից՝ Կապսի ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգի կառուցում, նոր գյուղի կառուցում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն, որի մեջ ներառված են նոր գյուղի կառուցման և բոլոր դրամական փոխհատուցումները, կազմում է 4 մլրդ 950 մլն դրամ։

«Ըստ նախագծի, խրախուսվում է գոմերը գյուղից դուրս կառուցելու տարբերակը, գյուղում չունենանք գոմեր, ունենալու դեպքում էլ նախատեսված են բնակելի տների նախագիծն այնպես կազմել, որ անասնատար ճանապարհներ լինեն բնակելի տների հետնամասերով։ Բնակելի տների նախագծերով նախատեսված են էկոտներ՝ արևային ջեռուցման համակարգերով, նաև ունենք կենսաապահովման միջոցների վերականգման պլան, որի մեջ ունենք համայնքային կարողությունների զարգացման գործողություններ։

Գյուղի նախագծում առանձնացված է արտադրական տարածք, որտեղ գյուղից դուրս գոմերը կկառուցվեն, նաև կկառուցվի կաթի հավաքման կայան, անասնակերի արտադրման հնարավորություններ»,-ասաց բանախոսը։

Քննարկվում է նաև կոլեկտիվ տնտեսություն ունենալու հարցը, որի հիմքում հողերի վարելահողերի, արոտավայրերի համատեղ օգտագործումն է։

2021 թվականի դեկտեմբերի 3-ից մեկնարկած ծրագիրը տևելու է 67 ամիս։ Բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականից։

Գյուղի տները կկառուցվեն էկոնյութերով, այն արդեն իսկ ունի գլխավոր հատակագիծ՝ խմելու ջրով, ոռոգման համակարգով, գյուղը կլինի գազաֆիկացված։

Կապսի ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մᵌ ծավալի համար, իհարկե հետագայում կբարձրացնեն ջրի ծավալը՝ հասցնելով 60 մլն մᵌ:

Ջրաձորցիներից ոմանք նշում են, որ գյուղի տեղափոխման մասին խոսակցությունները իրենց տարիքից մեծ են, կապրեն, տեսնեն՝ կիրագործվի՞ երազանքների գյուղի կառուցումը, թե՞ ոչ։ Ըստ նրանց, տարեց սերնդի ներկայացուցիչները շատերը մահացել են՝ չտեսնելով գյուղի տեղափոխումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031