Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կատարված հանցագործության համար․ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց

Հունվար 26,2023 16:10

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նստաշրջանի ժամանակ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները» թեմայով հրատապ ընթացակարգով բանավեճի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակները խստորեն դատապարտեցին Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Ուկրաինայի։ Վեհաժողովում հայտարարություններ հնչեցին «Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան զոհ» բովանդակությամբ։

Շվեյցարիան ներկայացնող պատվիրակ Դամիեն Քոտիերի (լուսանկարում) պատրաստած զեկույցում մասնավորապես ամրագրված է․ «Վեհաժողովը պետք է հստակ ամրագրի, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիայի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի՝ ագրեսիայի հանցագործության սահմանմանը: Ռուս քաղաքական և ռազմական առաջնորդները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Վեհաժողովը պետք է կոչ անի միջազգային փոխհատուցման մեխանիզմի ստեղծմանը, ներառյալ վնասների միջազգային ռեգիստրը: Եվրոպայի խորհուրդը պետք է առաջատար դեր խաղա ապագա մեխանիզմի ստեղծման և կառավարման գործում»։ Փաստաթղթում նաև կարևորվում է ժամանակավոր միջազգային քրեական տրիբունալի ստեղծումը՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կատարված հանցագործության համար։

ԵԽԽՎ պատգամավոր Էմանուելիս Զինգերիսն իր ելույթում հայտարարեց․ «Արդյոք Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի ժամանակ մենք միայն պետք է ասենք, թե ինչ ենք անում, թե՞ պետք հաստատություններ կառուցենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք ՌԴ-ին»։

ԵԽԽՎ պատվիրակ Անն-Մարի Վիրոլայնենն էլ նշեց՝ ՌԴ-ն, հարձակվելով Ուկրաինայի վրա, հարձակվել է ողջ մարդկության վրա։ Ու ասաց․ «Բոլորին կոչ եմ անում աջակցել մեկ միասնական հարթակի ձևավորմանը, որով մենք կկարողանանք Ռուսաստանին դատապարտել։ Անհրաժեշտ է հետաքննություն վարել ՌԴ-ի կատարած պատերազմական հանցագործությունները բացահայտելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար»։

Թուրքիան ներկայացնող պատվիրակ Ահմեդ Յիլդիզն էլ նշեց․ «Ռուսաստանն ագրեսորն է, Ուկրաինան՝ զոհը»։

ԵԽԽՎ պատվիրակ Ինյերդ Շոուն էլ կարևորեց, որ միայն հետաքննությունը բավարար չէ, պետք է ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ սահմանել»։

Ուկրաինացի պատվիրակ Ալեքսեյ Գոնչարենկոն էլ հուզական ելույթ ունեցավ։ Նա ասաց՝ բոլորը հարցնում են իրեն, թե ինչպիսին է կյանքը Ուկրաինայում ու ինքն էլ իր հերթին հարցրեց՝ դուք առավոտյան ինչպե՞ս եք արթնանում ու նշեց, որ իր երեխաները և բոլորն Ուկրաինայում արթնանում են տագնապի ազդանշանի ներքո՝ հեռախոսով միացնելով այդ ազդանշանը։ Այնուհետև հայտարարեց․ «Շատերն ասում են, որ մեզ նոր Նյուրնբերգ է պետք նոր նացիստների համար։ Բայց ես կարծում եմ, որ նախ պետք է զինաթափել Ռուսաստանին։ ՌԴ-ն ավելի քան 13 հազար տանկ ուներ պատերազմի ժամանակ։ Դուք չեք կարող նրան կանգնեցնել հայտարարություններով, նախ նրան պետք է զինաթափել, միայն դրանից հետո նոր Նյուրնբերգ է պետք»։

Հրատապ ընթացակարգով քննարկումից հետո Վեհաժողովը նաև այս հարցով բանաձև ընդունեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031