Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին հենց կառավարության մեղքով». Էմիլ Ամիրխանյան

Հունվար 26,2023 15:34

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց բավարարել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Դատավորի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով` Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։

Հիմա ԲԴԽ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների եւ քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում մի անգամ վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, որ վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, բայց 6 ամիս անց նույն գործով կողմը նորից է ներկայացրել վճռաբեկ բողոքը եւ այն վարույթ է ընդունել: Այսինքն, իրարամերժ երկու որոշում՝ նույն գործով:

Այսօր լրագրողների հետ զրույցում Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ որոշման հետ կապված ասաց. «Քանի որ որոշումը մեզ չտրամադրվեց, առարկայական չենք կարող անդրադառնալ հիմքերին եւ հիմնավորումներին, բայց արձանագրենք, որ նախարարի միջնորդությունը ակնհայտ անհիմն էր եւ ենթակա էր մերժման: Բացի դրանից, կա եւս մեկ խնդիր՝ ընդհանրապես մենք պնդում ենք, որ ոչ իրավաչափ էր նման առիթով կարգապահական վարույթ հարուցելը: Այն օրենքը, որ դրվել է վարույթի հարուցման հիմքում, ինքնին հակասահմանադրական է, եթե միջնորդությունը բավարարվել է, նշանակում է՝ դրան տրված մեկնաբանությունը նույնպես»:

Նա ասաց, որ դատավորի հետ խորհրդակցելուց հետո կորոշեն, բայց անձամբ իր կարծիքով` պետք է դիմել ՍԴ՝ վիճարկելու սահմանադրականության հարցը:

Ամիրխանյանի դիտարկմամբ, ՄԻԵԴ վճռով, այո, արձանագրվել են մարդու իրավունքների որոշակի խախտումներ, բայց այդ խախտման արձանագրման հիմնական մեղավորը հենց կառավարությունն է եղել. «ՄԻԵԴ-ը մի քանի տեղ շեշտադրումներ է կատարել, որ կառավարությունը այսինչ, այնինչ հանգամանքը չապացուցեց, հետեւաբար արձանագրում եմ խախտում: Ինչ է ստացվում՝ կառավարության անգործության հետեւանքով կայացվում է ՀՀ-ի դեմ վճիռ եւ նույն կառավարությունը դիմում է ԲԴԽ՝ մեղավոր հանելով հենց դատավորին և, ըստ էության, միջնորդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի: Այսօր դատավոր Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին հենց կառավարության մեղքով»:

Ըստ Ամիրխանյանի, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ՄԻԵԴ որոշումը ինքնին չպետք է հիմք հանդիսանա՝ անձին պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է պարզեն՝ խախտումը, որն արձանագրվել է, ո՞ւմ մեղավորությունն է, կարող է կառավարության գործողությունների հետեւանքով է դա եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031