«Մենք Խուդինյանի հետ զրուցել ենք։ Այն կարմիր բերետավորները, որոնք ասել են, թե Խուդինյանն է հրաման տվողը, ասել են նաեւ, որ վարչապետի «փայերով» են գտնվել Եռաբլուրում։ Հիմա չգիտենք՝ «վարչապետի փայ»-ը ո՞րն է։ Մամաներից մի քանիսի հետ առերեսման ժամանակ են այդպես ասել»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Գարիկ Գալեյանն ուշագրավ դրվագ ներկայացրեց՝ կարմիր բերետավորներից մեկն առերեսումներից մեկի ժամանակ ասել է, թե ծնողներին բերման ենթարկելու հրամանը իր հեռախոսին է եկել․ «Ասում էին, թե «վայբերին» է նամակ եկել։ Ումի՞ց՝ չի կարող ասել։ Ինչ-որ չաթ ունեն, որով խոսում են իրար հետ։ Պարզվում է, որ ոստիկանությունն իրար հետ «վայբերով» է շփվում, եւ ծնողներին բերման ենթարկելու հրամանը «վայբերով» է ուղարկվել»։
Կարդացեք նաև
Գարիկ Գալեյանը կարծում է, որ բոլորը ստում են, քանի որ ծառայում են դավաճան իշխանությանը, ոչ թե պետության շահերին․ «Հիշո՞ւմ եք Ջհանգիրյան Գագոն ոնց ասաց, որ իր վզին դրած է։ Նույն ձեւ էլ ոստիկանների վզին է դրած։ Արժանապատվություն չկա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ