Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե ի վերջո, ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները, երբ նրան հիշեցրեցին, որ Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ինքը, գիշերը ժամը երեքից, եղել է դեպքի վայրում:
«Ես, երբ այնտեղ էի, գործողություն էր կազմակերպվել զինվորներին հանելու համար։ Այլ բան չեմ կարող ասել։ Նախաքննության ավարտն ամեն ինչ ցույց կտա։ Այն, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ, իրականության չէ։ Ես անտեղյակ նկատի ունեմ, որ խոսեցնում են մարդկանց, որոնք տեղում չեն եղել, չեն տեսել՝ ինչ է կատարվում, բայց վերլուծություններ են անում»,- ասաց Սարգսյանը։
Սարգսյանը չխոսեց նաև հրդեհված կացարանի պայմանների մասին, «Ձեր հարցն ուղղեք Պաշտպանության նախարարությանը, ես իրավասու չեմ դրա մասին խոսելու։ Ես տեղյակ եղել եմ՝ որտեղ են նրանց կացարանները։ Իրենց տեղակայության մասով պաշտպանության նախարարությունն ունեցել է իր գնահատականը, որ այդտեղ տեղակայել է։ Ես չէ, որ պետք է գնահատական տամ դրանց մասին»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության մասին հարցին, մարզպետը տեղեկացրեց, որ տեխնիկական խմբի հետ են հանդիպել Վայոց Ձորում, բայց առաքելություն իրականացնող խմբի հետ դեռ չեն հանդիպել: Նա այն կարծիքին է, որ ԵՄ դիտորդների առաքելությունը կզսպի Ադրբեջանին նոր սադրանքների չգնալու համար․ «Մարզում լինելու են նրանք և պարեկային ծառայություն են իրականացնելու, առայժմ հայտնի չի, թե քանի հոգի։ Իրենք սահմանի երկայնքով պարեկային ծառայություն և մոնիթորինգ են իրականացնելու»։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ