Մինսկի խումբը վաղուց գործող մարմին չէ, բայց ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել տարբեր ձևաչափերով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մինսկի խումբը վաղուց գործող մարմին չէ, բայց մենք պատրաստ ենք աշխատել՝ լուծելու այս հակամարտությունը երկկողմ ձևաչափով, բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, գործընկերների հետ, նաև հենց կողմերի հետ»,- ասել է նա:
Փրայսը հաստատել է, որ եվրոպացի գործընկերներն իսկապես ունեն մոնիտորինգային առաքելություններ և «ներկայություն գետնի վրա»: «Իհարկե, ինչպես գիտեք, մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, երբ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքում մեր առջև ծառացած ներկայիս մարտահրավերին, և երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ լարվածությանն ու հակամարտությանը:
Այսպիսով, մենք կիսում ենք մեր ունեցած տեղեկատվությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Նույնը նրանք անում են մեզ հետ: Եվ մենք կարծում ենք, որ կարևոր է, որ մենք շարունակենք սերտորեն համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես հարկն է, ուղղակիորեն կողմերի հետ, եթե և երբ դա արդյունավետ է: Մենք արել ենք այդ բոլոր բաները և կշարունակենք անել այն, ինչը կարծում ենք արդյունավետ՝ կայուն խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Փրայսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ