Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի գործով նախաքննության ընթացքում հաստատվում է վառարանից հրդեհի բռնկման վարկածը։ Այսօր ՀՀ կառավարության նիստում ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Բոլոր հարցաքննված վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված`վառարանը բենզինով վառելու վարկածը հիմնավորվում է։ Ասեմ ավելին` 2 օր առաջ օրապահը, որ անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն`ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն» ,– ասաց Քարամյանը։
«Ընդ որում, ուզում եմ ընդգծել, եթե նույնիսկ կառավարության նիստում ինչ որ բան հնչել է, որևէ մեկը դրանով կաշկանդված կամ սահմանափակված չի , որովհետև էն, ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել են՝ հանրության հետ կիսվում ենք, կիսվել ենք ու կիսվելու ենք: Նկատի ունեմ, եթե հանկարծ կպարզվի, որ կառավարության նիստում հնչածի, եթե հանկարծ, 180 աստիճան հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Հրդեհի օրը` հունվարի 19-ին, վառարանը բենզինով վառելու վարկածը կառավարության նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
«Գործի տվյալներով փաստորեն հիմնավորվում է, որ վառարանում կրակը մարած է եղել, և զինվորը բերել, փայտեր է լցրել մեջը, բայց սպան ասել է, որ հարկավոր է ինչ որ բանով վառել, որ դրանք կպնեն: Զինվորն էլ ասել է, մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, լրացուցիչ բան անելու կարիք չկա: Սպան փորձել է վառել, դիզվառելիք է փնտրել, դիզվառելիքը ուզել է վարորդներից և այլն, որից հետո, չգիտես ինչու, որոշել են, որ բենզինն ավելի հարմար է: Ընդ որում, վկան տեսել է այդ բենզինի տարան բռնկված վիճակում, և սպայի հագուստը բռնկված վիճակում և նաև տարածքը՝ բռնկված վիճակում, և այդ ամեն ինչը, այս պահին գոնե հիմնավորում է, ինչը չի նշանակում, թե որևէ բանով կաշկանդված ենք»,-հիմնավորեց Փաշինյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ