Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը դադարեցված չեն։ Ակնհայտորեն, Հայաստանն ու ԼՂ–ն հակառակն են պնդում։ Կարծում եմ` այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով, LՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:
«Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց կրկին պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Կարդացեք նաև
Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում եւ որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից:
Միաժամանակ, պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն, հայաստանյան և սփյուռքի անհատներ ու կազմակերպություններ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ