Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի պլանը հետևյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Հունվար 26,2023 12:16

Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ–որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-ր դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում:

Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգություններն են: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է:

Մանկապարտեզ չհաճախելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:

ԼՂ-ի համար կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր: Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, եւ բնակչությանը հոսանք մատակարարվում միայն տեղի էլեկտրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

«Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերյալ մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, եւ որը աշխարհում լայնորեն տարածվեց»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031