Թշնամին Արցախը դատարկելու պայմաններ է ստեղծում, որովհետև Ալիևն, ըստ էության, իր քայլերով է ապացուցում այն թեզը, որ իրեն տարածքն է պետք՝ առանց բնակչության: Դրա համար նա պատրաստ է դիմել ցանկացած ստոր քայլի, այդ թվում՝ ձմռան ցրտին դադարեցնել գազի, հոսանքի մատակարարումը և 120 հազար մարդու գերի դարձնել իր քմահաճություններին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք շրջափակված Արցախի շուրջ առկա իրավիճակից, միջազգային արձագանքներից ու Արցախյան հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների քաղաքականությունից:
Դիտարկելով նախ աշխարհաքաղաքական գործոնը և այն, թե ինչու Բերձորի միջանցքի հարցը չի հաջողվում կարգավորել, նա նշեց. «Ըստ էության, աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք շահագրգռված են տարածաշրջանով, որոնք ակտիվ մասնակցում կամ թվացյալ պատկեր են ստեղծում, թե ակտիվ մասնակցում են միջանցքի ապաշրջափակմանը, միմյանց հետ արդեն այս պահի դրությամբ բավականին թշնամական հարաբերություններ ունեն: Հետևաբար, նրանց այդ աշխարհաքաղաքական մրցակցությունը խանգարում է, որ միջանցքը բացվի: Ադրբեջանն այս պահին խաղում է այդ հակասությունների վրա, բոլոր կողմերին խոստումներ է տալիս, բայց շատ լավ հասկանում է, որ իրեն այս պահին չեն պարտադրի: Ռուսական կողմը չի կարող պարտադրել, որովհետև կաշկանդված է խաղաղապահներով: Այդ պարտադրանքն Ադրբեջանի կողմից կարող է որպես խաղաղապահների գործունեության փոփոխություն դիտարկվել, ինչը խաղաղապահների դուրսբերման պահանջի կհանգեցնի: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ՌԴ-ի համար Արցախի կորուստ կլինի»:
Արցախի հարցի լուծման տարբերակն այս պահի դրությամբ թաքնված է Ռուսաստանի նախագահի՝ 2022 թ. փետրվարի 23-ի ելույթում: «Խոսքն այն ելույթի մասին է, որտեղ նա մոտ 30 րոպե նվիրեց Լենինի սխալներին: Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ շատ ակտիվ պետք է աշխատեինք, որպեսզի գար մի պահ, երբ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի հանրաքվեները վերաբերեին նաև Արցախին: Բայց, ցավոք, այլ ճանապարհով գնացինք: Սկսեցին տարբեր կշիռ ունեցող կամ չունեցող միջազգային կազմակերպություններին բերել, մտցնել, խառնել բանակցային գործընթացի մեջ ու այն այնպես խճճել, որ դրանից դուրս գալու տարբերակներից մեկը հիմա կա՛մ պատերազմն է, կա՛մ էլ գերտերություններից մեկի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հակառակ պարագայում Արցախն այսօր վտանգված է՝ կարող է մտնել Ադրբեջանի կազմ: Սա պետք է մտահոգի համայն հայությանը, որովետև կարող է այնպես ստացվել, որ 30 տարվա ազգային ազատագրական պայքարը, մեր կրած բոլոր զրկանքներն անտեղի էին»,-շեշտեց Գ. Բալասանյանը:
Նրա խոսքով, քայլերից մեկը ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելը պետք է լիներ, և այս առումով, ըստ նրա, հիմա էլ ուշ չէ: «Պետք է բանակցել, որ Արցախի նկատմամբ վարվի այնպիսի քաղաքականություն, որն իրականացվում է Ուկրաինայի՝ ՌԴ հսկողության տակ անցած վերոնշյալ շրջաններում: Պետք է օգտագործել ադրբեջանական ղեկավարության պրոուկրաինական դիրքորոշումը, Ուկրաինային հատկացվող նաև ռազմական օգնությունների հանգամանքը, որ ՌԴ-ի մոտ հակաադրբեջանական տրամադրություններն այն աստիճանի բարձրացնենք, որ միակողմանի լուծում ստանալու հնարավորություն ունենանք: Այս հարցում պետք է աշխատի դեսպանությունը, ՌԴ հայ համայնքը, ՌԴ-ում լուրջ դիրք ու հեղինակություն ունեցող հայ գործարարները, որ ադրբեջանական դիրքերը Մոսկվայում թուլացնեն, որ հասնեն մի կետի, որ ՌԴ-ն Արցախի նկատմամբ միանշանակ պրոհայկական դիրքորոշում ունենա: Դժվար է, բայց պետք է սկսել, քանի որ հակառակ պարագայում մենք կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ»,-եզրափակեց Գ. Բալասանյանը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։