Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Հովսեփյան. «Հաց բերող»-ի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան. «Հրապարակ»

Հունվար 26,2023 11:02

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։

Արփինե Հովհաննիսյանը մեղավորների շարքում առանձնացրել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջինս պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ի փորձագետներից մեկն է  իրավապահներին ցուցմունք տվել, թե պարտադրված են եղել նման կեղծ եզրակացություն տրամադրել։

Մենք զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, որը վստահեցրեց, որ ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան, եւ, իհարկե, չընդունեց իր անմիջական պատասխանատվությունը՝ ասելով, որ ի պաշտոնե իր գործառույթն էր՝ կազմակերպել նման փորձաքննություն: Սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ ինքը հայտնվե՞լ է իրավապահների ուշադրության տիրույթում կամ` այս գործով ունի՞ որեւէ կարգավիճակ, բայց պնդեց, որ եզրակացությունը կազմելիս որեւէ պարտադրանք չի եղել։ Չգիտես ինչու, չցանկացավ փորձագետների մասին էլ տեղեկություն տրամադրել․ «Նախաքննություն է ընթանում, եւ մեկնաբանություններ անելիս կաշկանդված ենք օրենքով, իսկ ինչ վերաբերում է տրված եզրակացությանը, այն օրենքի տառին ու ստորակետին համապատասխան է»:

Մեր ճշտող հարցին՝ Հաց բերողի հիվանդությունը համատեղելի՞ է եղել կալանքի հետ, Հովսեփյանը հիշեցրեց, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված եւ այդ ժամկետում գործող՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» 37-րդ կետի, ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդություն) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսեւորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երեւույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր այդ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

«Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որեւէ անձ տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսեւորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031