«Ամերիկայի ձայն». Բրիտանական bne IntelliNews-ի խմբագրականը համակարծիք է, որ Հայաստանի խնդրանքով ԵՄ առաքելության ստեղծմամբ մեկնարկում է Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր շրջան։ Ըստ հրապարակման՝ ԵՄ-ը կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կողմերի հետ սերտորեն համագործակցելու ջանքերին:
Իր հերթին՝ Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս առիթով «The Financial Times»-ում հրապարակած իր հոդվածում ընդգծում է, որ սովորաբար իր արևելյան հարևանությամբ աշխարհաքաղաքական ակտիվությունից զերծ մնացող ԵՄ-ն այսօր Հարավային Կովկասում լուրջ քայլեր է ձեռնարկում անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնց թվում է նաև Հայաստանում սահմանային մոնիտորինգի առաքելության տեղակայումը։
Վերլուծաբանը կարևորում է, 1990-ականների Բալկանների օրինակով, այստեղ արդար խաղաղությանը հասնելու համար կայուն միջազգային անվտանգության ներկայությունը, որն այսօր ապահովում են Ռուսաստանի խաղաղապահները: Նա մեջբերում է ԵՄ կողմից հայ-ադրբեջանական գործընթացի հիմնական միջնորդ Շարլ Միշելին՝ ըստ որի՝ յուրաքանչյուր կարգավորման հիմքում պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» ապահովումը:
Դե Վաալի կարծիքով՝ այսօր անհավանական է թվում, որ ԵՄ-ն կարող է ապահովել անվտանգությունն այստեղ՝«միայնակ կամ ավելի լայն բազմակողմ առաքելության շրջանակում»: Նա կարևորում է այս հարցում հատկապես Ադրբեջանի համաձայնությունը: «Անվտանգության վակուումը ընդլայնվում է ԵՄ-ի և Ռուսաստանի հարևանությամբ այս տարածաշրջանում»,- պնդում է դե Վաալը իր հրապարակման մեջ:
Կարդացեք նաև
Իր հերթին՝ EURACTIV առցանց պարբերականը մեջբերում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի վերլուծաբաններ Օլեսյա Վարդանյանի և Զաուր Շիրիևի կարծիքները ԵՄ առաքելության առջև ծառացած մարտահրավերների մասին։
Ըստ հրապարակման՝ Օլեսյա Վարդանյանը նախազգուշացնում է, որ առաքելությունը կարող է ձախողվել, եթե այն ունենա չափազանց քիչ ֆինանսավորում, սահմանափակ դիտարկման հնարավորություն կամ չափազանց սահմանափակ մանդատ:
«Մոնիտորինգից և միջադեպերի գրանցումից բացի առաքելության մասնակիցները պետք է լիազորված լինեն ակտիվորեն նպաստել սահմանի երկայնքով երկխոսության աջակցմանը, որպեսզի հնարավոր լինի կանխել կամ մեղմացնել բռնությունը», – պնդում է նա:
Իսկ ըստ Զաուր Շիրիևի՝ առաքելության հաջողությունը կախված է ԵՄ դիտորդների և ադրբեջանական կողմի ակտիվ համագործակցությունից: Բացի այդ, նա կարևորում է սահմանին Ադրբեջանի և Հայաստանի միջև ավելի խորը համագործակցությունը։
«Առաքելության հաջողության որոշիչ գործոններից մեկն է այն հանգամանքը, թե արդյոք Բաքուն կհամագործակցի առաքելության հետ և կդիտարկի այն որպես աջակցություն, թե ոչ։ ԵՄ առաքելությունը բխում է Բաքվի շահերից՝Հայաստանի հետ սահմանին կապ հաստատելու և, հնարավոր է, թեժ գիծ ստեղծելու առումով՝ միջադեպերը կանխելու և մեղմելու համար»,- պնդում է Շիրիևը։
Հայաստանում ԵՄ երկամյա դիտորդական առաքելության ձևավորման առիթով իր դժգոհություն է հայտնել նաև Մոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ չնայած նրան, որ Մոսկվան ու Երևանը դաշնակիցներ են, և որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է տեղակայվելու սահմանին, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ՝ այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայելու հարցում։
«Դա Ադրբեջանի հետ սահմանին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն ուղղակի կարող է հակաարդյունավետ լինել»,- պնդել է Լավրովը՝ շեշտելով՝ սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։
Հիշեցնենք, որ Հայաստանը միանշանակ ողջունել է ԵՄ առաքելության ստեղծումը, իսկ Բաքուն միանշանակ չի արձագանքել՝ հայտարարելով, որ առաքելության տեղակայումը պետք է հաշվի առնի Ադրբեջանի շահերը, իսկ իր գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, հայտարարել են Բաքվում:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: