Մատնահարդարման նորարարական մեթոդները, գել լաքի օգտագործումը, թվում է, թե բավականին հեշտացրել են եղունգների՝ գեղեցիկ և խնամված լինելու հարցը, սակայն Nature ամսագրում 2023 թ․ հունվարի 17-ին հրապարակված հետազոտության արդյունքները զգուշացնում են՝ եղունգների գեղեցկության համար պահանջվող «զոհաբերությունները» կարող են շատ ցավալի լինել։
Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթում ենք անվանում էլեկտրամագնիսական ալիքները, որոնց երկարությունը 10 -ից 400 նմ-ի կարող է հասնել։ Ուլտրամանուշակագույն А ( 315–400 նմ) լույսը կազմում է ուլտրամանուշակագույն ճառագայթման մոտ 90 տոկոսը, որը հասնում է Երկրի մակերեսին, և կարող է ներթափանցել մաշկի խորը շերտերը՝ հարուցելով ԴՆԹ-ի վնասվածքներ, քանի որ UVA-ն լավ չի ներծծվում ԴՆԹ-ի կողմից։
Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը լայնաշերտ UVA ճառագայթումը (315–400 նմ) դասակարգել է որպես 1-ին խմբի քաղցկեղածին՝ հիմնվելով ինչպես մարդու, այնպես էլ փորձարարական մոդելների վրա գործած քաղցկեղածին ազդեցությունն ապացուցող հիմնավոր տվյալների վրա։
UVA ճառագայթման էկոլոգիական վնասի մեծ մասը կապված է կոմերցիոն միջոցների օգտագործման հետ, օրինակ՝ սոլյարիների։ Մետա-անալիզները բացահայտել են պատճառահետևանքային կապերը մաշկի քաղցկեղի և արևայրուքի համար նախատեսված UV ճառագայթում արձակող սարքերի օգտագործման միջև։
Կարդացեք նաև
Փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ UVA ճառագայթումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասվածքների՝ հիմնականում թթվածնի ակտիվ ձևերից առաջացած ածանցյալների կուտակումների հաշվին։
Չնայած որ նախկինում կային բավարար ապացույցներ երկարալիք դիապազոն ունեցող ուլտրամանուշակագույն А ճառագայթման (315–400 նմ) քաղցկեղածին ազդեցության վերաբերյալ, UVA ճառագայթումը լայնորեն օգտագործվում է ծառայությունների ոլորտում՝ առանց դրա պոտենցիալ քաղցկեղածին և մուտագեն ազդեցությունների մանրակրկիտ գնահատման: Վառ օրինակներից մեկը եղունգների լաքի չորացման համար նախատեսված UV սարքավորումներն են, որոնք վերջին տասնամյակում շատ մեծ տարածում են գտել մատնահարդարման ծառայությունների ոլորտում։
Եղունգների լաքի չորացման համար նախատեսված UV լամպերի ճառագայթման ալիքը 340 -ից 395 նմ է, որի ազդեցությանը մեկ այցի ընթացքում մոտավորապես 10 և ավելի րոպե ենթարկվում է ինչպես ձեռքը, այնպես էլ եղունգները։ Վերջին շրջանում մարդկանց եղունգների և ձեռքերի շրջանում գրանցված մելանոմայի դեպքերը անհանգստանալու տեղիք են տալիս և ենթադրաբար կապվում են UV լամպերի արձակած ճառագայթման հետ։
Հետազոտողների խումբը, մարդու և մկների բջիջների վրա ուսումնասիրելով UV լամպերի ճառագայթման ազդեցությունը, փաստում է, որ իրենց արդյունքները համապարփակ նկարագիր են տալիս UV լամպերի ճառագայթման արդյունքում կաթնասունների բջիջներում ԴՆԹ-ի վնասման և սոմատիկ մուտացիաների վերաբերյալ։
Եղունգների լաքը չորացնող UV լամպերի ճառագայթման ցիտոտոքսիկ ազդեցությունն ուսումնասիրելու համար մկների սաղմնային ֆիբրոբլաստները, հասուն մարդու կերատինոցիտներն ու ֆիբրոբլաստները ենթարկվել են ճառագայթման ազդեցությանը մի քանի տարբեր պայմաններում։
Յուրաքանչյուր բջիջը ճառագայթման է ենթարկվել 1,2,3 անգամ, ընդ որում յուրաքանչյուր գործողության տևողությունը կազմել է 1-20 րոպե։ Բջիջների կենսունակությունը ստուգվել է վերջին ճառագայթումից 48 ժամ հետո, ընդ որում ամեն պայմանը կրկնվել է 3 անգամից ոչ պակաս։
Բջիջների կենսունակության վերլուծությունը ցույց է տվել, որ ճառագայթումն առաջացնում է ցիտոտոքսիկություն, իսկ ազդեցության մեծ ծավալը նվազեցնում է բջիջների կենսունակությունը։ Օրինակ՝ բջջային գծերի բոլոր մոդելների դեպքում 20 րոպեանոց ճառագայթումը հանգեցրել է 20-30 % բջիջների մահվան, իսկ 3 հաջորդական 20 րոպեանոց ճառագայթումը՝ 65% -70%-ի մահվան։
Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ թեև հետազոտությամբ ցույց է տրվում, որ եղունգների չորացման համար նախատեսված UV- լամպերը կարող են գործել ցիտոտոքսիկ, գենոտոքսիկ ու մուտագեն ազդեցություն, այնուամենայնիվ անհրաժեշտ են նաև այլ լայնամասշտաբ, երկարաժամկետ հետազոտություններ՝ UV- լամպերի ազդեցության պատճառով ձեռքի մաշկի քաղցկեղի առաջացման հավանականության ճշգրիտ հաշվարկների համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ