Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե ռուսները հերթական անգամ մեզ ապացուցում են, որ իրենց վրա հույս դնել չի կարելի

Հունվար 26,2023 13:30

Մինչեւ Արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանում կարծիք կար, որ Ռուսաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանի եւ դրանց չանդամակցող Ադրբեջանի փոխհարաբերության հարցում լոյալ՝ արդարացի վերաբերմունք է ցուցաբերում, սակայն այդ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո՝ մինչ այս պահն ընկած ժամանակահատվածը, այդ կարծիքը կարծես այնքան էլ չհաստատվեց, քանզի Ռուսաստանը կարծես թե ավելի շատ պրոադրբեջանական եւ պրոթուրքական քաղաքականություն է վարում: Այդ պատերազմից անմիջապես հետո Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր՝ երկու երկրների միջեւ հետագա կոնֆլիկտները կանխելու համար, սակայն ռուսական այդ ուժերի հետագա գործողությունները կարծես վկայում են, որ նրանք այնքան էլ արդարացի չեն մոտենում իրենց գործառույթների իրականացմանը եւ որոշակի կողմնապահություն են անում՝ հօգուտ Ադրբեջանի: Միայն այն փաստը, որ անգամ պատերազմից հետո՝ մինչեւ վերջերս, Ադրբեջանը նրանց քթի տակ պարբերաբար հարձակվել, Հայաստանից եւ Արցախից բավականին տարածքներ է գրավել՝ նրանց պատճառելով հարյուրավոր նոր զոհեր, անհետ կորածներ ու վիրավորներ, ինչպես նաեւ 40 եւ ավելի օրեր տեւող վերջին գերխայտառակությունը, որի արդյունքում նրանք տարբեր բլեֆների քողի անվան տակ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կարող է անասելի, աներեւակայելի վիճակ ստեղծել Արցախի ժողովրդի համար, իսկ ռուս խաղաղապահները մատնվել են անգործության եւ չեն փորձում անգամ միջանցքը բացել, դա հստակ խոսում է այն մասին, որ այս ամենը կատարվել է ռուսական ուժերի հետ ինչ-որ կերպ համաձայնեցրած, այլապես Ադրբեջանը ոչ մի դեպքում չէր համարձակվի մեկ կրակոց անգամ արձակել, առավել եւս՝ փակել Արցախի միակ կյանքի ճանապարհը:

Փաստացի, Ադրբեջանն ու Թուրքիան կարծես քիչ էին, ռուսական կողմն էլ մյուս կողմից է ապակողմնորոշում մեզ՝ լռելյայն ջուր լցնելով թշնամու ջրաղացին: Այլ բան է, եթե այդ ուժերը տեղակայված չլինեին եւ մեզ հույսով չանեին, թե եկել են խաղաղություն պահպանելու, այդ դեպքում գոնե մենք վիճակին համապատասխան կնախապատրաստվեինք ու կարիքի դեպքում՝ կփորձեինք համապատասխան հակահարված տալ, իսկ նման պարագայում նրանք մեծ վատություն են անում. մեզ կեղծ հանգստություն են քարոզում, իսկ թշնամուն տակից օգնում, որից հերթական անգամ մեծ անակնկալի մեջ ենք հայտնվում: Այլ խոսքով, այս ամենով ռուսները մեզ կրկնակի վատություն են անում: Հավանաբար, ռուսներն այդկերպը մեր նկատմամբ որպես մոդել կկիրառեն նաեւ հետագա՝ սահմանագծման եւ սահմանազատման հարցերում, որի պարագայում մենք հերթական անգամ նոր տարածքներ կկորցնենք: Ստացվում է, որ Ռուսաստանը կողմերին խաղաղության կոչ է անում, որպեսզի հետագա հարցերը լուծեն առանց կռվի, սակայն իրենց կողմից արվող քայլերը կարծես վկայում են, որ նրանք ոչ բացահայտ օգնում են հակառակորդին, մտածելով, որ դա մենք չենք էլ հասկանա: Առանց այն էլ մինչ այս պահը նրանց «արդար» միջամտության շնորհիվ մենք արդեն շատ բաներ ենք կորցրել, այնպես որ, այդ աշխատանքներում եւս այդպիսի շարունակության դեպքում նրանց շնորհիվ նոր կորուստներ կունենանք, քանզի նրանք այդ ժամանակ եւս հավանաբար կպաշտպանեն Ադրբեջանի շահերը: Կատարվածը խոսում է այն մասին, որ մենք, իրոք, մտածելու շատ բան ունենք …

Արդյունքում ունենում ենք այն, որ Արեւմուտքը, Եվրոպան եւ Ռուսաստանը ոչ միայն ամեն ինչ անում են, որ պահպանվի խորհրդային ժամանակների Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ իրականում ամեն կերպ օգնում են Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի ոչ միայն պահեն մինչ այժմ սուվերեն Հայաստանից գրաված տարածքները, այլեւ կեղծ խաղաղության անվան տակ Հայաստանին պարտադրեն /դրան կարելի է անվանել նաեւ խորհուրդ տալ/, որպեսզիՀայաստանը վերջապես բացի մեր ախոյանների այդքան երազած միջանցքը, որից հետո բնականաբար՝ ինչպես Արցախի դեպքում, խոստացան ու ամեն ինչ արին Արցախի տարածքները թշնամուն հանձնելու համար: Նույն բանը կփորձեն եւս մեկ անգամ անել Հայաստանի դեպքում, քանզի հազարամյակների պատմությունը վկայում է, որ եթե թուրքին վստահես ու փոքր-ինչ տեղ տաս, ապա նա շատ արագ՝ սկզբնական շրջանում կփորձի նախ գրավել իր գտնվելու վայրի հարեւանությամբ գտնվող տարածքները, ապա կամաց-կամաց նաեւ բոլոր ուղղություններով դրանց շարունակությունը … Ահա, թե մոտակա ժամանակում մեզ մոտավոր ինչ է սպասվում …

Իհարկե, Ռուսաստանը, ինչպես միշտ, կփորձի հերքել դա, սակայն ճիշտ հակառակը կանի, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ իրենց բնորոշ դիվանագիտության համաձայն՝ շիլաշփոթ մոտեցում կցուցաբերեն եւ կասեն՝ տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, իսկ թե ռուսներն ինչ են ուզում եւ ինչպես են պահում իրենց, դա իրենց գործն է: Վերջիվերջո, մի բան այդպես էլ չեմ հասկանում, թե որ սահմանային թվով անգամներ մեզ պիտի հիմարի տեղ դնեն՝ խաբեն, որ վերջապես հասկանանք. եթե իրոք ուզում ենք փրկվել՝ փրկել մեր հայրենիքը, պետք է հույսներս դնենք միմիայն մեզ վրա եւ ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ փորձենք փրկել այն …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական

ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031