Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում պահանջված երիտասարդ սոպրանոն առաջին անգամ բեմ է դուրս եկել Իտալիայում

Հունվար 26,2023 13:00

Կարելի է պատկերացնել այն դժվարությունները, որի միջով անցնում են  արվեստագետները, հատկապես նոր-նոր կարիերա սկսողները, քանի որ Հայաստանում այդպես էլ չի կայանում պրոդյուսերի ինստիտուտը։ Փոխարենը ունենք, այս դեպքում՝ վոկալ հիանալի դպրոց, որի որոշ ներկայացուցիչներ ցանկալի ու սպասված հյուր են հեղինակավոր թատրոններում ու նվագախմբերում։

Ասում են, որ երգչական ձայնը տրվում է ի վերուստ, բայց այն տարիների աշխատանք է պահանջում, այն էլ վարպետ մասնագետի ղեկավարությամբ։ Իսկ մեր կոնսերվատորիայում ունենք նման պրոֆեսորներ։ Հունվարի 30-ին Երեւանի օպերային թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ»-ում առաջին անգամ գլխավոր հերոսուհու դերերգով հանդես կգա թեեւ երիտասարդ, բայց արդեն օպերասեր հանրությանը հայտնի անուն Լուսինե Մակարյանը։ Հիշեցինք, երբ ժամանակին հարցազրույց էինք վարում նրա պրոֆեսոր Գայանե Գեղամյանի հետ, վերջինս գովեստի խոսքեր չխնայեց դեռեւս իր դասարանում ուսում առնող երգչուհու հասցեին։ Իսկ պրոֆեսորը հայտնի է ոչ միայն երգչական իր գործունեությամբ, այլեւ որպես մանկավարժ։ Նրա ղեկավարությամբ են սովորել համաշխարհային ճանաչում ունեցող Հրաչուհի Բասենցը, ճանաչված անուններ Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի Արմինե Շահնազարյանը, այս օրերին եվրոպական երկրներում վերապատրաստվում կամ ուսումը շարունակում են պրոֆեսորի ուսանողներից Սառա Հակոբյանը, Դիանա Գալստյանը… ցանկը կարելի է երկար շարունակել։

Մենք ներկա գտնվեցինք «Անուշ»-ի փորձին, իսկ ավարտին հնարավորություն ունեցանք զրուցել Լուսինե Մակարյանի հետ։ 2021-ից թատրոնի մեներգիչների խումբը համալրած սոպրանոյի կարիերայի սկիզբը սահուն է ընթանում։ Այս առումով երգչուհին նշեց, որ Սոմայի գլխավոր դերերգով հանդես է եկել Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան), որին հաջորդել են Վիոլետան՝ Վերդիի «Տրավիատա»-ում» (ռեժիսոր՝ Իռկին Գաբիտով, դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան)։  Հիշեց, որ Գաբիտովը լսումների արդյունքում է իրեն վստահել հանդես գալ «Տրավիատայի» պրեմիերային (2022թ.)։ Ասաց, որ Տերտերյան մեկնաբանելը շատ բարդ է, հատուկ մոտեցում է պետք, վարպետություն է պահանջում. «Փաստորեն, իմ Սոման մաեստրո Մելիքսեթյանին համոզեց (ժպտում է- Ս. Դ.)»։ Ռեպլիկին, թե՝ վարպետությունը գալիս է տարիների փորձի հետ, երիտասարդ սոպրանոն արձագանքեց, որ վարպետություն ասելով ինքը նկատի ունի դերերգին համապատասխան ոճը. «Օրինակ, միմյանցից շատ-շատ տարբեր են մինչ օրս իմ կերտած կերպարները՝ Սոման, Վիոլետան… Հիմա էլ ներկայացնելու եմ Անուշ, որը հանդիսատեսին քաջածանոթ է բազմաթիվ երգիչների, այդ թվում՝ անվանիների մեկնաբանություններով»։

Դիտարկմանը, թե՝ իրեն օպերային թատրոնի բեմում տեսել ենք Մանոնի դերում՝ Մասնեի համանուն օպերայում, հավանաբար հինգ տարի առաջ, երբ, ինչպես ասում են՝ օֆիցիալ մեներգչուհի չէր, բայց հիշում ենք, թե ինչ օվացիաներով ընդունվեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «2018-ին էր դա։ Թատրոնը այդ բեմադրությունն իրականացնելու համար հրավիրել էր ճանաչված դեմքեր՝ ռեժիսոր Անդրեյ Ժագարսին եւ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկին։ Ի դեպ, այդ ժամանակահատվածում թատրոնում մեներգիչների հետ աշխատում էր վոկալի հայտնի մասնագետ Ակսել Էվերարդը, որն անցկացրեց լսումներ եւ հենց նրա շնորհիվ 2019-ին հանդիսատեսին ներկայացա Մանոնի դերերգով։ Մի բան էլ. Աբբա Պրեվոյի «Մանոն» ստեղծագործությունը եղել է իմ առաջին կարդացած արտասահմանցի հեղինակի ծավալուն գործը, որով շատ տպավորված էի։ Իսկ երբ սկսեցի զբաղվել վոկալ արվեստով, համոզված էի, որ մի օր անպայման հանդես կգամ այդ կերպարով»։ Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե ինքը առաջին անգամ գլխավոր դերերգով բեմ է բարձրացել արտերկրում, սոպրանոն հայտնեց, որ դա տեղի է ունեցել 2018թ. Իտալիայում, Պեզարո քաղաքում ավանդաբար անցկացվող Ռոսինի-օպերա փառատոնի շրջանակներում, որտեղ մարմնավորել է մադամ Կորտեզեին՝ Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում. «Այդ նախագիծն իրականացնում էր մաեստրո Էռնեստո Պալասիոն, հայտարարված էր իսկապես մեծ մրցույթ, որին հայտ էր ներկայացրել շուրջ 500 երգիչ, ընտրվեց 19-ը՝ երկու ներկայացման համար։ Մրցույթին մասնակցելու համար երգիչները նախապես ուղարկել էին իրենց տեսաձայնագրությունները եւ ընտրվելուց հետո ստացել հրավեր։ Դրան էլ հաջորդեց վերապատրաստումը Ռոսինիի ակադեմիայում»։

Զրույցի ավարտին երգչուհին ասաց, որ «Անուշի» բեմադրությունից հետո (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան) երգչուհուն կհանդիպենք նոր կերպարներում՝ Միքայելլա՝ Բիզեի «Կարմենում» եւ Նեդդա՝ Լեոնկավալոյի «Պայացներում»։

Լուսինե Մակարյանին հանդիպում ենք նաեւ մեր նվագախմբերի հետ համերգներում, օրինակ՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Վիեննա- գալա ծրագրում, հունվարի 6-ին՝ Վահագն Պապյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սուրբ ծննդյան տոնին նվիրված համերգին եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսինե Մակարյանը՝ տարբեր կերպարներում։

«Առավոտ» օրաթերթ
25.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031