Եղբորս` 44-օրյա պատերազմում անմահացած Արամ Արզումանյանի եւ մարտընկերների վառ հիշատակին
Սովորականի պես օրը լուսանում է, սովորականի պես մթնում։ Ժամերն արթնանում են ու քնում։ Եվ ես հոգնում եմ այս անվերջ կրկնվող կյանքից։ Ժամանակի անիմաստ ընթացքից։ Լուրերի անիմաստ թողարկումներից։
Դրսում գույներ են, տարվա եղանակներն են իրար հետ կռիվ տալիս, իսկ դու լուռ ես։ Ծանր է այդ լռությունը։ Ծանր է անգամ խոսքը, որ դեպի երկինք է գնում։
Ցուրտն ինձ տանում է մի տեղ, ուր թվում է` աշխարհը չի ապրում։ Այսքանից հետո ոչինչ չեմ նկարում, որովհետեւ գիտեմ` քո վրձնած լույսը մնաց աչքերումդ, ձեռքերիդ մեջ, շնչառությանդ տակ եւ վերջին կտավդ դու դարձար։ Դեռ հավատում եմ, որ կաս։ Նկարների մեջ եմ փնտրում քո չկետադրված կյանքը։ Ամեն տեղ գտնում եւ կորցնում եմ քեզ։ Կորցնում եւ գտնում եմ պատահականորեն։
Կարդացեք նաև
Սովորական ժամանակներ չեն, սովորական չեն տոները։
Եվ չի կարող սովորական լինել կյանքը։
«Ազատ ԱՐՑԱԽԸ ողջունում է ձեզ»։ Ազատ Արցախը բանտարկված է։ Բայց նա դեռ ապրում է։ Անգամ այն ժամանակ, երբ ոտքերի տակից փորձում են հեռացնել հողը։ Երազող հողը։ Ապրող հողը։ Սրտխփոցդ լսող հողը։ Հիմա մտածում եմ` ինչ երջանիկ է նա, որ քեզ ունի։
Սովորական երկիր է, անսովոր մարդիկ։ Կեսգիշերը խլում է բոլորին եւ չի հիշում ոչ ոքի։ Շատերն էլ չեն հիշում երկիրը։
Օրը դառնում է պտտվող շրջանակ։ Նորից փնտրում եմ` տերեւների տակ ու պատուհանագոգին, տների տանիքներին ու վեր բարձրացող ծխի մեջ, բոլոր անծանոթ թռչունների կտուցներին։
Բայց ինչպե՞ս գտնեմ քեզ ու իմ նամակը փոխանցեմ.
«Աշխարհը նման է տխուր ավարտվող պատմության։ Լռությունն այստեղ մեղավոր է։ Խոսիր, մի թող պարտվի այս տխրությունը… Խոսիր, որ չավարտվի վերջին ձմեռը, որ չավարտվի հայրենիքը»։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հ. Գ. Հունվարի 26-ին քո ծննդյան օրն է։ Կներես, որ չեմ կարողանում շիրիմիդ այցի գալ. Արցախը շրջափակման մեջ է։
«Առավոտ» օրաթերթ
25.01.2023