Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնեցման վարույթի կարգով» քննված գործով բողոք է բերվել

Հունվար 26,2023 14:00
veraqnnich

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսգրքում «Համաձայնեցման եւ համագործակցության վաույթները» գլխում( 45.1) ներկայացվեց համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքերը: Օրենքով ամրագրվեց՝ դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա: Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ դատաքննությունն սկսվելը: Մինչեւ դատաքննությունն սկսելը մեղադրողը կարող է փոխել համաձայնեցման վարույթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելիս իր հայտնած դիրքորոշումը:

Ըստ օրենքի, համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու. ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետեւանքները. առերեւույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում՝ խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ, համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը… համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2022 թվականի քննված քրեական գործը վերաքննիչ քրեական դատարանում է:

Այս գործը քննվել է համաձայնեցված վարույթի շրջանակներում, ասել է թե՝ «արագացված ընթացակարգով»: Ուշադրության արժանի է այն, որ այս գործով տուժող չկար:

Մերի Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել «համաձայնեցման վարույթի կարգով»: Նա հայտարարել էր, թե համաձայն է մեղադրանքի հետ եւ իրեն մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները:

Մերի Խ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ 2003 թվականի ապրիլի տասնութին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մերի Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան հարթակում իր էջից «քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել»: Մասնավորապես, 2022 թվականի ապրիլի 25-ին՝ «Դառը ճշմարտություն» վերտառությամբ կայքէջում «Նիկոլի ամենամեծ սուտը՝ ես չեմ լինի վարչապետ» գրառմամբ ՀՀ քաղաքական գործիչների եւ ՀՀ վարչապետի լուսանկարների տակ, նախաքննական մարմնի գնահատմամբ՝ «հրապարակայնորեն քարոզ» է արել. «Եթե ես իմանամ, որ …գնդակահարելով կալանքի չեմ ենթարկվի, ես կլինեմ հազարավորներից առաջինը, մի վայրկյան չեմ ափսոսա, գլխից կխփեմ…» կոչեր պարունակող արտահայտություններ:

Ըստ դատարանի, Մերի Խ.-ի կողմից կատարած հանցանքը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով կամ՝ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, եւ որ պատիժ նշանակելիս հարկ է առաջնորդվել գործող ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով:

Համաձայնեցված վարույթի շրջանակներում որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն ամբաստանյալ կնոջ վրա դնել լրացուցիչ պարտավորություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի տարածքը չլքելը:

Բողոքաբեր կողմը դատախազն է՝ մեղադրողը, որը չէր առարկել «համաձայնեցված վարույթի» կիրառման ժամանակ, իսկ այս դեպքում պահանջում է պատժի մասով բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործը վերադարձնել մարզի դատարան՝ նոր կազմով քննության: Ի դեպ, ըստ օրենքի, «Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում ամբաստանյալի եւ նրա պաշտպանի հետ», ինչը այս գործով արվել էր, բնականաբար, բողոք բերելն անհասկանալի է այս դեպքում:

Բողոքը վերաքննիչ քրեական դատարանում է 2022թ. նոյեմբերի 18-ից: 2023թ. փետրվարի 6-ին նշանակվել է բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031