Ադրբեջանից հնչող հոխորտանքներն ու ջղակծկումները հուշում են, որ իրավիճակից կարելի է օգտվել` Արցախի շրջափակման խնդիրը հանգուցալուծել
Հունվարի 19-ին Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձեւ ընդունեց, որով Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը եւ ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ եւ հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։ ԵՄ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նաեւ դատապարտեցին ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ արեցին փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք եւ հորդորում են կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները:
Բանաձեւում, մասնավորապես, ընդգծվեց, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը:
Ուշագրավ էր, որ Եվրոպական Խորհրդարանը ընդգծեց համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, եւ կոչ արեց Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները եւ զերծ մնալ իր սադրիչ հռետորաբանությունից, որով հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում եւ դրդում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:
Կարդացեք նաև
Բանաձեւով, Եվրախորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ եւ կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից: Եվրախորհրդարանը դատապարտեց ռուս «խաղաղապահների» անգործությունը, հավելելով, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ:
Այնուհետեւ Եվրախորհրդարանը կոչ արեց միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ տեղերում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները, ինչպես նաեւ` «ակտիվ մասնակցություն ունենալ եւ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլեւս Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի եւ Մինսկի խմբի անգործության պատանդը չդառնան»:
Առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունների վերսկսման արձանագրումը խիստ կարեւոր արձանագրում է, եւ հայկական կողմի համար բավական լայն հնարավորություններ են ստեղծվում ակտիվ արդյունավետ աշխատանքի համար, եթե, իհարկե, պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հինված չէ` ամեն գնով ու ցանկացած զիջումներով «խաղաղության օրակարգի» սպասարկման վրա:
Անգամ Եվրախորհրդարանն է նշում, որ արցախցիները չպետք է այլեւս դառնան Ալիեւի ակտիվության, Մոսկվայի` «ապակառուցողական դերի» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի «անգործության պատանդը»: Սրանք հստակ ուղերձներ են թե՛ պաշտոնական Երեւանին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահող պետություններին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Այս առումով, հունվարի 19-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը որոշակի ապտակ է Ալիեւին եւ Արցախի համար խիստ կարեւոր հնարավորություն: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հիշեցնենք, նույն օրն անդրադառնալով ընդունած բանաձեւին, նշեց. «Սա կարեւոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ տալ Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ Արցախի հայությանը աջակցության համար»։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա ջղաձիգ մեկնաբանությունների պակաս չզգացվեց:
Ադրբեջանի խորհրդարանը դատապարտեց Եվրախորհրդարանի բանաձեւը, այն գնահատելով` «կողմնակալ եւ անարդար»։ Ադրբեջանցի պատգամավորները Հայաստանին մեղադրեցին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ, պնդելով, թե` «Ղարաբաղից բոլոր զորքերը դուրս չեն բերվել», «Ադրբեջանի արեւմտյան շրջաններն ու Նախիջեւանը կապող անվտանգ ճանապարհային ուղի ապահովելու պարտավորությունը չի կատարվել», իսկ Հայաստանում «որոշ շրջանակներ ու նրանց պաշտպանող ուժեր շարունակում են ապրել տարածաշրջանն աղետալի հորձանուտի մեջ ներքաշելու երազանքով»։ Միլի մեջլիսի պատգամավորները երկարաշունչ հայտարարությունն ամփոփեցին Եվրախորհրդարանի ղեկավարությանը կոչ անելով կանգնեցնել «ապակառուցողական, կողմնակալ եւ կոռումպացված ուժերին», աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին՝ օբյեկտիվ փաստաթղթեր ընդունելով, որոնք կարտացոլեն Հարավային Կովկասում «ձեւավորված նոր իրողությունները»:
Այնուհետեւ արտահայտվեց Ադրբեջանի արտգործնախարարն ու անմիջապես Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու Բաքվի պատրաստակամության մասին հայտնեց. «Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»: Պաշտոնական Բաքուն այս հայտարարությամբ` գնդակը Երեւանի ուղղությամբ նետեց. «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։
Երեւանի ուղղությամբ Մոսկվայից, Բաքվից անուղղակի ճնշում կա` վերադառնալ եռակողմ` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափ: Հենց այստեղ հայկական կողմը պետք է ճկունություն ցուցաբերի. չմերժելով որեւէ կողմի առաջարկը` լուծել Արցախի շրջափակման խնդիրը, ապա հորդորի դրանից հետո միայն Երեւանից ակնկալել բանակցությունների մասնակցություն:
Հունվարի 20-ին, սակայն, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: «Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից եւ մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները եւ դրանց հիմնավորումները, բայց դեռեւս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», իր հերթին նշել է Արարատ Միրզոյանը` հասկացնել տալով, որ Երեւանը սպասում է Բաքվի պատասխանին: «Մենք նաեւ ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, եւ պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել»,- ասել է նա, չհստակեցնելով, արդյո՞ք Լաչինի միջանցքի փակված լինելու պարագայում եւս պաշտոնական Երեւանը կբանակցի Ադրբեջանի հետ:
Դատելով Միրզոյանի մյուս շեշտադրումներից, պաշտոնական Երեւանը դժվար թե մերժի հաջորդ բանակցությունների անցկացման առաջարկը: Միրզոյանը հարկ համարեց կրկնել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` թողնելով ՌԴ-ի ուսերին Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը. «Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, եւ այստեղ եւս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի»:
Պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես՝ ականների տեղափոխմամբ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են, Միրզոյանը հակադարձել էր. «Ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները եւ մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը եւ ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ: Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում եւ դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին եւ 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը եւ հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով օկուպացված ՀՀ տարածքից»:
Թե ինչու է պաշտոնական Երեւանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ադրբեջանական կողմին փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ, եւ ի՞նչ արձագանք է սպասում Բաքվից, մնում է անհասկանալի: Բաքուն, թերեւս, հայկական կողմին պատասխանել է Արցախի շրջափակմամբ, եւ շարունակ հնչող իր ուղերձներով պարբերաբար արձագանքում է` վերադարձ եռակողմ բանակցությունների ձեւաչափ` Մոսկվայի հովանու ներքո:
Մեկ այլ ուշագրավ որոշում ԵՄ-ից: Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ «Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որ կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», – նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատումը», – նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Արձագանքելով Հայաստանի պահանջին՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, ինչը կմեծացնի ԵՄ իրազեկման մակարդակը։ Առաքելությունը նաեւ կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին», – նշված է ԵՄ հաղորդագրության մեջ։ ԵՄ խորհուրդը հայտնեց, որ առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.01.2023
Հարգելի տիկին Գաբրիելյան, հարևանները մի տաս հատ էդպիսի ապտակ էլ կուտեն, որ հետո գնան տոնելու այն փաստը, որ Արցախի չընտրված ներկայացուցիչը շնորհակալություն հայտնի “Արցախի հայությանը աջակցության համար” և ոչ Արցախի Հանրապետությանը աջակցության համար։ Էս թատրոնը դրա համար է բեմադրվել։ Խաղաղապահները ոչ թե պիտի փողով ծխախոտ անցկացնեին, այլ կանգնած լինեին Արցախի իրավապահների, որոնց կարելի էր վարձել բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովելու համար, և “էկո” ակտիվիստների միջև։ Արցախի պաշտոնյաները ոչ թե պիտի իրենց կցկտուր անգլերենը մարզեին ինչ որ հեռուստածրագրում, այլ որևէ ազդեցիկ երկրի պառլամենտում կոնկրետ քաղաքական հարց բարձրացնեին։ Արևմուտքը, Ռուսաստանը, աշխարհի բոլոր հզորները պատրաստ են Արցախին անկախություն տալ գազի անխափան հոսքի դիմաց, բայց դե եթե չեն ուզւում, ինչի՞ տան։ Չենք հասկանում, որ եթե “Ղարաբաղի հարցը” Ռուսաստանը կարող է օգտագործել իր ռազմական ներկայության համաար, նույն ձևով արևմուտքը կարող է “մտնել” տարածաշրջան նորանկախ Արցախի հանրապետության հրավերով։ Հարգելի տիկին, խնդրում եմ, հարցում ուղարկեք Արցախի կառավարություն և պարզաբանում պահանջեք պետնախարարի խոսքերի համար։ Շնորհակալություն